Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրին եղել է սակարկման առարկա, և դրա հիմքը դրել է Ռոբերտ Քոչարյանը, բայց լավ է, որ մենք հիմա չենք խոսում միջանցքի մասին, այլ՝ երկաթգծի շահագործման. Անդրանիկ Քոչարյան․ Տեսանյութ

Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ասաց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: 

«Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի»,- ասել էր վարչապետը:

Նշենք, որ ավելի վաղ ասվել էր, որ Մեղրիի հատվածում 45-կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, իսկ շինարարությունը կտևի շուրջ երեք տարի։ Հիշեցնենք նաև, որ Մեղրիի հատվածում 45-կիլոմետրանոց երկաթգիծը  գործել է, սակայն նախկին իշխանությունների օրոք այն ապամոնտաժվեց։ Իսկ այդ առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն՝ Երևան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը՝ շուրջ 40 կմ երկարությամբ, հանձնվել է ընկերությանը՝ 126.590.817 դրամ մնացորդային արժեքով, սակայն 2010-2011 թվականների ընթացքում երկաթգծի նշված հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվել և հափշտակվել է»,- այս մասին նշված էր Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

Նա նշեց, որ Մեղրիի երկաթուղու ապամոնտաժման որոշում կայացնողները էլի նույն երկու անձնավորություններն են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

«Եվ այդ հիմնավորումները միայն տնտեսական բաղադրիչ չի, որ ունեն, այլ ունեն նաև քաղաքական, գուցե նաև այլ բաղադրիչ ևս, որի բացատրությունները պետք է կարողանանք գտնել։ Քանի որ նախկինում եղել եմ Մեղրիի արտակարգ դրության պարետ, շատ լավ պատկերացնում էի այդ երկաթգծի ռազմական արժեքը՝ նույնիսկ չաշխատող վիճակում։ Եթե ոչինչ էլ չանեինք, դա ամենակարճ ճանապարհն էր Մեղրին դեպի իր սահմանային դիրքեր հասնելու և բանակի լոգիստիկ հնարավորությունների առումով, բայց քանդեցին։ Հիմա քրեական գործ կա, պետք է հասկանալ՝ ինչու քանդեցին, ինչ-որ մեկը ինչ-որ մի իքս գումար աշխատեց հաստատ, բայց այդ գումարը այնքան փոքր գումար պետք է լինի քանդված երկաթգծի, որը հաստատ որպես մետաղ վաճառեցին։ Իսկ մետաղով գիտեք՝ ովքեր էին զբաղվում. իրենց հարազատները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ երկաթգիծը քանդելը մեծ վնաս տվեց մեր հարավային սահմանների պաշտպանությանը։

 Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Մեղրին անընդհատ եղել է սակարկման առարկա, և դրա հիմքը դրել է Ռոբերտ Քոչարյանը։ Այնուհետև Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ քննարկել է Մեղրիի տարբերակը։ 

«Վերջերս էլ Ռոբերտ Քոչարյանը գլուխ գովեց, որ երբ ես քննարկում էի, դա անհամադրելի էր այսօրվա քննարկված նյութի հետ։ Այ, երբ որ դու քննարկեցիր, դարձրիր քննարկման նյութ՝ ապագա բոլոր իշխանությունների։ Եվ դա դեռ շարունակվում է ու դեռ կշարունակվի։ Բայց լավ է, որ մենք հիմա չենք խոսում միջանցքի մասին, մենք խոսում ենք երկաթգծի շահագործման մասին։ Բայց այդ երկաթգծի վերականգնումն արդեն մեր երկրի համար կարժենա 200 միլիոն դոլար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Լիլիթ Թադևոսյան

Մանրամասն՝ տեսանյութում: