Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ից տրանսֆերտները կազմում են ընդհանուրի մոտ 40 տոկոսը․ԿԲ-ն այս պահին ակտիվ գործողություն իրականացնելու կարիք չի տեսնում․ ՀՀ-ի ֆինանսական կայունությունը մենք միանշանակ կապահովենք․ Դավիթ Նահապետյան․ տեսանյութ

Civic.am-ի զրուցակիցն է Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը։ 

-Պարոն Նահապետյան, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանի դեմ կիրառվում են միջազգային պատժամիջոցներ՝ այդ թվում առկա է SWIFT համակարգից բանկերի անջատման խնդիրը, խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ է SWIFT համակարգը և պատժամիջոցը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։

-SWIFT համակարգը ֆինանսական հաղորդագրությունների արագ և անվտանգ փոխանցման համակարգերից մեկն է, որը ներկայումս ամենալայն տարածումն ունի աշխարհի ֆինանսական համակարգում։ Ռուսական որոշ առևտրային բանկեր անջատվել են SWIFT համակարգից, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի ամբողջ բանկային համակարգն է անջատվել, կան որոշ խոշոր բանկեր, որոնք շարունակում են անդամակցությունն այդ համակարգին։ Հայաստանը նույնպես այդ համակարգի անդամ է, բնականաբար, այն բանկերը, որոնք անջատվել են SWIFT համակարգից, իրենց հետ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցումն անհնար է դառնալու, բայց այլ բանկերի միջոցով մեր առևտրային բանկերը կարող են ֆինանսական հաղորդագրությունները փոխանցել։ 

-Ռուբլին արժեզրկվել է, սա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանից ՌԴ ապրանքներ արտահանելու հարցում, և արդյո՞ք այս արժեզրկումը կազդի ռուսական շուկայի վրա գնաճի առումով՝ եթե այո, ապա ՌԴ-ից ապրանք ներկրելու հարցում ի՞նչ ազդեցություն կլինի։  

Ռուսական ռուբլին արժեզրկվելը, բնականաբար, հատկապես կարճաժամկետ հատվածում, մեր տնտեսության արտահանող հատվածի համար լավ նորություն չէ։ Սա շոկ է տնտեսության համար։ Երկարաժամկետ հատվածում կարգավորվելու է նաև փոխարժեքը, և այսօր դժվար է հստակ գնահատական տալ, թե դա ինչ հետևանքներ կունենա։ Իսկ ապրանքների ներմուծման մասով մենք ունենալու ենք հակառակ էֆեկտ՝ մեզ համար դա գնանկումային էֆեկտ է լինելու և իրական փոխարժեքի տեսակետից միգուցե մենք մեծ շեղումներ չարձանագրենք։ 

-Արդյո՞ք առաջիկայում սպասվում է ապրանքների թանկացում, եթե այո՝ ապա այդ թանկացումը ո՞ր ապրանքների վրա կազդի։

-Եթե մեր տարածաշրջանային շոկը մի կողմ դնենք, աշխարհը հիմա գնաճային միջավայրում է և դա բնականաբար իր ազդեցությունը թողնում է հայկական շուկայի վրա, մեր հաղորդագրություններում դրա մասին բազմաթիվ անգամ խոսել ենք և մինչ օրս դրամավարկային քաղաքականության այն գործիքակազմը, որ կիրառել ենք, հենց ուղղված է եղել գնաճային ճնշումները զսպելուն։ Հիմա դժվար է ասել, թե ինչ ազդեցություն մենք կգրանցենք, բայց ամենօրյա մոնիտորինգի ենք ենթարկում իրավիճակը, մարտի կեսերին կունենանք խորհրդի նիստ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ և այնտեղ վերջնական կկայացնենք որոշում, հաջորդող մամուլի ասուլիսով ավելի մանրամասն կներկայացնենք նաև կանխատեսումները։    

-Հայաստանի բնակչության մոտավորապես քանի՞ տոկոսի եկամուտն են կազմում Ռուսաստանից եկող տրանսֆերտները, եթե կա նման վիճակագրություն, և ի՞նչ է սպասվում այդ ընտանիքներին՝ արդյոք ակնկալվում է, որ նրանք կհայտնվեն սոցիալապես անապահով խավի շրջանակում։ 

-Մեզ մոտ Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտները կազմում են ընդհանուր տրասնֆերտների այս պահին մոտ քառասուն տոկոսը։ Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ 2012-2013թթ․ դա ավելի մեծ տեսակարար կշիռ էր կազմում՝ 70 տոկոսից ավելի, և այդ առումով մեր տնտեսությունն առավել քիչ կախվածություն ունի Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտներից։ Այն, որ ռուսական ռուբլու փոխարժեքն անկում է ապրել, բնականաբար որոշակի ազդեցություն կունենա մեր ազգաբնակչության այդ հատվածի գնողունակության վրա, բայց դա չի նշանակում, որ կհանգեցնի Ձեր նշած սոցիալական հետևանքներին, որովհետև այդ ազդեցությունն ըստ էության գնանկումային է։

-Ռուսաստանի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9,5 տոկոսից բարձրացրել է 20 տոկոս՝ կխնդրեի մեկնաբանեիք՝ ի՞նչ է սա նշանակում։ 


-Ռուսաստանի կենտրոնական բանկն արտահերթ նիստ գումարեց և կայացրեց այդ որոշումը՝ դրամավարկային քաղաքականության գործիքը կիրառեց։ Ես կարծում եմ, որ մեր գործընկերները գործել են շատ հստակ և իրենց կայացրած որոշման արդյունքում մենք նկատեցինք, որ ռուսական ռուբլու փոխարժեքը փոքր-ինչ կարգավորվեց մեկ օրվա ընթացքում։ Դա նշանակում է, որ փողի գինը կենտրոնական բանկը բարձրացրեց, արդյունքում արդեն մենք դիտարկում ենք, որ իրենց մոտ ռուսական ռուբլով ավանդների տոկոսադրույքների էական աճ տեղի ունեցավ։ Դրանով իրենք փորձում են զերծ պահել ֆինանսական համակարգը էական ցնցումներից և առաջին հերթին զսպել գնաճային ճնշումները։
 
-Շուրջ 36 պետությունների ավիաընկերություններ փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի քաղաքացիական օդանավերի համար, սա ի՞նչ ազդեցություն կունենա մասնավորապես մեր տուրիզմի ոլորտի վրա։

-Այդ սահմանափակումներն իհարկե մեծ առումով ուղղված են Ռուսաստանի ավիացիոն շուկայի դեմ, թռիչքները դեպի Հայաստան բնականոն հունով իրականացվում են՝ բացառությամբ այն քաղաքների, որոնք գտնվում են կոնֆլիկտի գոտուն մոտ։ Եվրոպական և այլ երկրներից դեպի Հայաստան թռիչքները նույնպես կանոնավոր կերպով իրականացվում են։ Ես կարծում եմ, որ մենք որոշակի առումով կունենանք ուղևորափոխադրումների աճ՝ չնայած այդ ոլորտի մասնագետը չեմ։ Հայաստանը այդ առումով կարելի է դիտարկել ուղևորափոխադրումների համար հարմար տարանցիկ  երկիր։ 

-Եթե այնուամենայնիվ ռուս-ուկրաինական ճգնաժամը շարունակվի, ՀՀ ԿԲ-ն ի՞նչ պաշտպանիչ քայլեր է ձեռնարկում՝ մեղմելու Հայաստանի տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ 

-Այսօր մենք տիրապետում ենք որոշ գործիքակազմի, որպեսզի ֆինանսական համակարգի վրա հնարավոր բացասական ազդեցությունները մեղմենք։ Ինչպես տեսնում եք, այս պահին ԿԲ-ն որևէ ակտիվ գործողություն չի իրականացնում՝ դրա կարիքն այս պահին մենք ամենևին չենք տեսնում։ Մեր ֆինանասկան համակարգն ինքնուրույն կարգավորում է իրավիճակը, անհրաժեշտության դեպքում մենք կմիջամտենք։ Միակ բանը, որ կարող եմ մեր հանրությանը վստահեցնել, որ ֆինանսական կայունությունը մենք միանշանակ կապահովենք և տիրապետում ենք որոշ գործիքակազմի, բացի դրանից, մեր առևտրային բանկերն այսօր բավարար կապիտալիզացված են և բավարար իրացվելի են, որպեսզի իրենց հաճախորդների բանկային սպասարկումն ամբողջությամբ իրականացնեն։ Ես նաև շատ կարևոր մի արձանագրում եմ ուզում անել, որ առաջին անգամ չէ, որ մեր ֆինանսական համակարգը նման արտաքին և տարածաշրջանային շոկերի է հանդիպում։ Մեր ԿԲ-ն և ֆինանսական համակարգը միշտ ցույց է տվել իր դիմադրողականության մակարդակն այդ բոլոր շոկերին։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում