Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանափոխություն չի եղել և չի լինելու․ եղել են թափանցիկ ընտրություններ, ինչի արդյունքում իրենք էլ են հայտնվել ԱԺ-ում․ Ծովինար Վարդանյան․ ուղիղ

Իշխանափոխություն չի եղել և չի լինելու․ եղել են թափանցիկ ընտրություններ, ինչի արդյունքում իրենք էլ են հայտնվել ԱԺ-ում․ Ծովինար Վարդանյան․ ուղիղ
Հարցազրույց
16:02, 10 май 2022
«Սա արժեհամակարգային խնդիր է, եթե գլոբալ նայենք կոնկրետ այդ դեպքի հետ կապված, կա հարուցված քրեական գործ, և կան բերման ենթարկվածներ, և այս ահաբեկող ու խուլիգանական վարքագիծը շատ բնորոշ է իրենց թիմի կորիզին և ղեկավարությանը։ Այդ մարդիկ այս արժեհամակարգի կրողներն են, որոնք իրենց ղեկավարման ընթացքում այդ արժեհամակարգով ճնշումների են ենթարկել Հայաստանի ողջ ժողովրդին»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով Գյումրիում ընդդիմադիր երիտասարդների կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու մասին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նա նշեց, որ իրավապահ համակարգը պետք է շատ խիստ արձագանքի նման միջադեպերին, քանի որ որևէ քաղաքացի չի կարող իրեն անպաշտպան զգալ կամ որևէ տեսակի բռնության ենթարկվել այլակարծության պատճառով։

Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմադիրները հայտարարում են, թե ոստիկանությունն իրենց նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառում, պատգամավորն ասաց, որ այդպես չի կարծում, մանավանդ եթե համեմատություն տանի, թե նախկինում ինչպես էր անհամաչափ ուժ կիրառվում։

«Ես նայում էի ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցազրույցը փողոցում, և այս մարդն ասում է՝ փակել են մեր ճանապարհը, ինչ իրավունքով են փակել ճանապարհը։ Այսինքն՝ ինքը կարծում է, որ վերին արտի ցորենն է, և իր ճանապարհը չե՞ն կարող փակել, բայց ինքը կարող է  ինչ-որ մեկի ճանապարհը փակե՞լ։ Սա արժեհամակարգային խնդիր է։ Այս մարդիկ կարծում են, որ իրենք ինչ-որ բանով առավել են»,-ասաց Ծովինար Վարդանյանը։

Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվում են նույն տեղում և խոսում են, որ արդեն եղել է իշխանափոխություն, խոսում են ժամանակավոր կառավարության մասին, պատգամավորն ասաց, թե մարդ չգիտի՝ այս իրավիճակի վրա «լա՞, թե՞ խնդա»։   

Պատգամավորը նշեց, որ պետք է հիասթափեցնի այս մարդկանց՝ իշխանափոխություն չի եղել և իշխանափոխություն չի լինելու այս պարագայում, որովհետև եղել են ընտրություններ, և այս մարդիկ պետք է վերջապես գիտակցեն, որ այդ ընտրությունների արդյունքները հրապարակվել են, դրանք թափանցիկ են, և իրենք էլ դրա արդյունքում հայտնվել են ԱԺ-ում, ինչի համար և վճարվում են հարկատուների կողմից և իրենց լիազորությունների շրջանակներում գործունեություն չեն ծավալում։ 

«Այս մարդիկ իսկապես կերակրատաշտից զրկված մարդիկ են, հիմա իրենք խնդիր ունեն իրենց ունեցվածքը պահելու։ Քանի որ հիմա իրենք ընկել են սովորական օրինական դաշտ, ամեն ինչ օրենքով է և այլն, այս մարդիկ պետք է վերցնեն, կրկին զավթեն իշխանությունը, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց ունեցվածքը։ Ըստ իս՝ նրանք ընդհանուր առմամբ թիրախավորել են ժողովրդավարությունը, որովհետև ժողովրդավարությունն է նրանց ասել, որ ժողովուրդը ձեզ չի ուզում։ Սա արժեհամակարգերի պայքար է, այս մարդիկ փորձում  են վերադարձնել իրենց արժեհամակարգը, որտեղ իրենց զգում էին՝ ինչպես ձուկը՝ ջրում։ Իշխանը իրեն այդտեղ զգում էր՝ ինչպես ձուկը՝ ջրում»,- ասաց Ծովինար Վարդանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան