Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այսօր տեսե՞լ եք մի մահակ բարձրանա քաղաքացու վրա, իսկ բերման ենթարկելը ծաղիկներով չի լինում»․ Հասմիկ Հակոբյան

«Ծիծաղով եմ վերաբերվում իշխանափոխության մասին ընդդիմության պնդումներին։ Իշխանափոխությունը լինում է ժողովրդի պահանջով, հիմա չկա այդ պահանջը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիրները կփորձեն սադրանքների գնալ, որպեսզի բռնություն տեղի ունենա, և դրա միջոցով ավարտեն իրենց ակցիաները, որպեսզի իրենց համախոհների մոտ խորհրդարան վերադառնալը արդարացնելու առիթ ունենան։
«Քանի որ իրենց գործողությունները օգուտ չեն տալիս, իրենք փակուղու առաջ են և չգիտեն ինչ ասել իրենց հետ քայլող մարդկանց, ոնց գնան տուն։ Այս ամեն ինչը հաջողություն կունենար, եթե իրենց ակցիաներին մարդիկ միանային, օրինակ, փողոց փակելիս։ 2018 թվականին մենք էլ էինք այդ գործիքակազմով մեր բողոքի ակցիաներն իրականացրել, բայց 2018 թվականին դա ինքնաբուխ էր»,- ասաց Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ այսօր տեսնում են, թե ինչպես են ընդդիմադիրները վիճում իրենց չմիացող վարորդների հետ, հարվածում նրանց մեքենաներին, անգամ եղել են դեպքեր, որ ծեծել են իրենց չմիացող քաղաքացիներին։

 Խոսելով այն մասին, որ ընդդիմությունը հայտարարում է, թե իրենց նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրում, պատգամավորն ասաց, որ նախ ուզում է շնորհակալություն հայտնել ոստիկաններին՝ համաչափ ուժի կիրառման միջոցով օրինականությունը պահելու համար, իսկ ինչ վերաբերում է անհամաչափ ուժ կիրառելուն, այդ պնդման հետ համաձայն չէ։ 

«Մենք տեսել ենք 2008 թվականի մարտյան դեպքերը, դրանից հետո հեղափոխության ժամանակ ոստիկանության կիրառած միջոցները, մեր հանդեպ կիրառվել են ռետինե մահակներ, փշալարեր, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ։ Այսօր տեսե՞լ եք մի մահակ բարձրանա քաղաքացու վրա։ Ես ինչքան փնտրում եմ, չեմ գտնում նման դեպք։ Իսկ բերման ենթարկելը, բնականաբար, ծաղիկներով չի լինում։ Բերման ենթարկելը ձև ունի, այդպես են բերման ենթարկում, իսկ առանց պատճառի ոստիկանները բերման չեն ենթարկում»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։    

Այնուհետև խոսելով այն մասին, թե ինչպես են ընդդիմադիրները իրենց չմիացած քաղաքացիներին ու ոստիկաններին թուրք անվանում, պատգամավորն ասաց, որ այս օրերին Երևանում այնքան է հնչել «թուրք» բառը, որ անգամ Ստամբուլում այդ բառն այդքան չեն օգտագործում։

«Երբ հայը հային թուրք է ասում, այնտեղ Ծիծեռնակաբերդի պատերը ցավից տնքում են, որովհետև դա անընդունելի է, ու չի կարելի քաղաքացուն, որն ընդամենը համակարծիք չի քեզ հետ, պտտվել ու թուրք ասել»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան