Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը մերժում է ցանկացած հրավեր, հետո փորձում է դրա մասին շոուներ կազմակերպել. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմադիր պատգամավորների՝ Ժողովրդավարության հայկական ֆորում ներխուժելու փորձերի մասին․ տեսանյութ

Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի էր ունենում Ժողովրդավարության հայկական ֆորումը, որի ընթացքում դահլիճի մուտքի մոտ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները փորձեցին աղմկելով, ՊՊԾ աշխատակիցների հետ քաշքշուկ առաջացնելով ներս մտնել, սակայն ՊՊԾ աշխատակիցները նրանց արգելեցին ներս մտնել՝ նշելով, որ կազմակերպիչների հետ թող պայմանավորվեն, իրենց անունները ցուցակով ներկայացնեն, որից հետո նրանց ներս կթողնեն։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ:

«Ոչ միայն այս ֆորումին, այլև բոլոր միջոցառումներին, որոնք կազմակերպվում և հրավերներ են գալիս ԱԺ-ի պատգամավորներին, բոլորը, անկախ նրանից՝ իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորներ են, մենք պիտի հաստատենք մեր մասնակցությունը, դու կարող ես մասնակցել, եթե նախապես հաստատել ես, եթե նախապես ցուցակագրվել ես։ Դա միշտ է այդպես եղել և աշխարհի բոլոր երկրներում է այդպես»,- ասաց պատգամավորը։ 

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները ևս ունեին այդ հնարավորությունը և հրավերն ստանալուց հետո ուղղակի պետք է  հաստատեին իրենց մասնակցությունը, և ցանկացած ելույթ, որ ուզում էին ունենալ, կամ այն ամենը, ինչ որ ներսում քննարկվելու էր, հակաճառել դրան կամ հաստատել, կամ սեփական տեսակետը հայտնել, նրանք այդ հնարավորությունն ունեին։

«Բոլորի համար շատ պարզ է, որ ընդդիմությունը մերժում է ցանկացած հրավեր և հետո փորձում է դրա մասին շոուներ կամ ինչ-որ բեմադրություններ կազմակերպել արդեն փողոցում կամ այդ տարածքից դուրս։ Այնպես որ, այդ գործելաոճն արդեն ակնհայտ է»,- ասաց Լուսինե Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան