Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելյան հայտարարությունն ամբողջությամբ սրբագրում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը. Արման Բաբաջանյան․ հարցազրույց

Երեկ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը։ Բացի դրանից, առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։  
Նա նշեց, որ տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն։ Ըստ էության, այս համաձայնագրով և այս հայտարարությամբ կարող ենք ասել, որ մի կողմ են դրվում մինչ օրս ձեռք բերված պահմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, դրան հաջորդած արդեն 2021 թվականի հունվարի 11-ի և  նույն թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի համաձայնագրով, և ձեռք բերված պայմանավորվածությունների բովանդակությունն է վերանայվում։

«Եվ կարող ենք ասել, որ տեղի ունեցածն իր նշանակությամբ մինչ օրս ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններից ամենաառանցքայինն ու կարևորն է, այն իմաստով, որ ըստ էության կարող ենք ասել, որ այս հայտարարությունն ամբողջությամբ սրբագրում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և դրանից հետո 2021 թվականին Մոսկվայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եվ ըստ էության Հայաստան-ԵՄ-Ադրբեջան այս նախաձեռնությունը բոլորովին նոր էջ է ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի ապագայի համար»,- ասաց Արման Բաբաջանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան