Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեթինգն առաջինը պետք է իրականացվի նախաքննական մարմինների նկատմամբ, հետո նոր՝ դատարանի. ապացուցման գործընթացի պրոբլեմները պայմանավորված են քննիչի քաղաքական կողմնորոշմամբ. Սեդա Սաֆարյան

«Նույն ոստիկանը, երբ տեսնում է ամբողջական շարժման ակտիվիստների վտանգը գնալով մեծանում է, և ոստիկանությունը շատ տեղերում չի կարողանում համաչափ ուժ գործադրել, կարող է  և իրենց մեջ մեկն էլ փորձի  որոշակի անհամաչափ ուժ գործադրել, բայց դա դեռ չի նշանակում, որ ընդհանուրի մեջ ոստիկանության գործողություններն անհամաչափ են»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով ընդդիմության կողմից Կառավարության 3-րդ մասնաշենք մուտք գործելու և ոստիկանության գործողությունների մասին, ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Նա նշեց, որ ինքն ականատես է եղել ոստիկանների անսահման համբերությանը, երբ քննվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործը, երբ տուժողներն անգամ չէին կարողանում առանց ոստիկանների ուղեկցության դատարանի դահլիճ մուտք գործել, այն էլ՝ այս նոր իշխանության տարիներին։  

«Դա նշանակում է, որ այս ընդդիմադիր ուժերը ինչպես Մարտի 1-ին կարողացան ցանկալի արդյունք ապահովել՝ սեփական ժողովրդի դեմ բռնություն կիրառել, այնպես էլ հիմա ձերբազատված չեն այդ գործողություններից և էլի իրենց ցանկալի արդյունքն ապահովելու համար պատրաստ են 2008 թվականի մեթոդը կիրառել։ Եվ սադրիչը ոչ թե այն մարդիկ են, ովքեր իրենց կողքով իրենց քաղաքում քայլում են, այլ սադրիչը հենց իրենք ենք, ովքեր այլախոհներին վերջին բառերն են ասում, որպեսզի միջադեպ լինի, և այդ միջադեպում իրենք ներկայանան զոհի կերպարով։ Այսօրվա ընդդիմությունը չի կարող զոհի կերպարով հանդես գալ, որովհետև մենք գիտենք, թե ինչպիսին է նրա պահվածքը։ Բայց չեմ ուզում, որ պատահական մարդիկ, որոնք նրանց հետևից քայլում են, բախումների արդյունքում գնան, հայտնվեն ճաղերի հետևում»,- ասաց Սեդա Սաֆարյանը։ 

Խոսելով նաև նախաքննական մարմինների պահվածքից՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ այստեղ շատ են ընդդիմադիր ուժերի հովանավորները, և ցանկանում է, որպեսզի վեթինգի գաղափարն առաջինը տարածվի նրանց նկատմամբ, հետո նոր դատարանի վեթինգից խոսեն։

 «Որովհետև նախաքննական մարմիններն են հիմնականում ապացույցները հավաքում, և այդ ապացուցման գործընթացի պրոբլեմները հիմնականում պայմանավորված են քննիչի քաղաքական կողմնորոշմամբ։ Եվ թեև նրանք շատ են խոսում, որ իրենք իրավաբան են և քաղաքական հակվածություն չունեն, բայց սուտ են խոսում, որովհետև շատ շատերի վարքագծում, պահվածքում և նաև կուլիսների հետևում մենք գիտենք, որ այդ մարդիկ քաղաքական պրոցեսները իրավական հարթություն են փորձում տանել և հույս ունեն, որ իրենց մոտ նորից ստեղծվելու է 2000-ականների ամենաթողության մթնոլորտը, և իրենք ում ուզեն՝ ծեծելու են, ում ուզեն՝ սիրելու են»,- ասաց Սեդա Սաֆարյանը։    

Խոսելով նաև Մարտի 1-ի գործի մասին՝ փաստաբանն ասաց, տարաձայնություններ ունեն դատախազության ներկայացրած բողոքի դեմ, բայց չեն ցանկանում վնասել մեղադրանքի կողմին, և եթե նրանք կարծում են, որ այդ մոտեցմամբ կարող են այս գործը փրկել, խնդիր չեն տեսնում։

«Բայց գնալ ՍԴ և ՍԴ-ում փորձել լուծել այս խնդիրները, ես կարծում եմ, որ նորից մտնելու են փակուղի, որովհետև տեսանք՝ ինչ արեց ՍԴ-ն։ Ես այդ գործի ելքը այս եղանակով չեմ պատկերացնում»,- ասաց Սեդա Սաֆարյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում   

Լիլիթ Թադևոսյան