Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 3-ը պետք է դաս լինի բոլորիս համար. որքան հանդուրժող է գտնվում իշխանությունը, այնքան իրեն ավելի սանձարձակ է պահում ընդդիմությունը. Արտաշես Խալաթյան

«Հենց այս շարժման մեկնարկից ինձ մոտ խորը կասկածներ կային, որ այս ամբողջ քաղաքական միջոցառումների շարքի նպատակը երկրում վիճակի ապակայունացումն է և հիմքերի քայքայումը: Գնալով ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը, և այս կասկածն իմ մոտ գնալով արդեն վերածվեց հստակ համոզման, որովհետև մենք տեսնում ենք, որ հատկապես այս վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ հատկապես էլ ավելի նոսրացավ այս ակցիաների մասնակիցների թիվը, ակցիաների կազմակերպիչներն ուղղակիորեն անցան սադրանքների, որի կուլմինացիան հունիսի 3-ի միջադեպն էր, որը հստակ նպատակ ուներ երկրում հրահրել զանգվածային անկարգություններ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արտաշես Խալաթյանը։ 

Նրա խոսքով՝ սրա թաքնված մոտիվն այն էր, որ այսօրվա ընդդիմության գերակշիռ մեծամասնությունն այս կամ այն կերպ ներգրավված կամ աֆիլացված է եղել նախորդ իշխանության հետ և այս կամ այն կերպ մեղսակից է Մարտի 1-ին և ժողովրդի սպանդին։ 

Փաստաբանը նշեց, որ հոգեբանության մեջ այսպիսի համեմատություն կա. երբ անձն իրեն մեղավոր է զգում ինչ-որ արարքի մեջ, փորձում է համեմատվել այլ անձանց հետ, որոնք ևս նմանատիպ արարքներ են գործել, և այդպիսով կարծես փորձում է իրեն համոզել, որ դա այնքան էլ մեծ մեղք չէ, քանի որ միայն ինքը չէ, որ նման սխալ է թույլ տվել կյանքում։ 

«Այսօր  կարծես քաղաքական մակարդակում մենք նման իրավիճակի ենք ականատես լինում, երբ նպատակ կա 2018 թվականի հեղափոխությունից հետո եկած իշխանությանը որոշակիորեն թաթախել ոչ ժողովրդավարական գործընթացների և, ինչու ոչ, նաև ժողովրդի նկատմամբ որոշակի բիրտ գործողությունների մեջ, որպեսզի ցույց տան, որ Մարտի 1-ին տեղի ունեցած ժողովրդի սպանդը ոչ թե միայն իրենց բռնապետական իշխանությանը բնորոշ երևույթ էր, այլ դա արվել է անգամ այսպիսի ժողովրդավարական ճանապարհով եկած իշխանության կողմից»,- ասաց փաստաբանը։ 

Նա նշեց՝  շատ հստակ էր, որ ձեռագիրն այդպիսին է՝ ոստիկաններին սադրել, որպեսզի վերջիններս դիմեն բիրտ ուժի, եթե ստացվի, անգամ լինեն ծանր վիրավորներ, զոհեր և այլն, որպեսզի երկրում վիճակն անկայունանա, և իշխանության լեգիտիմությունն անկում ունենա, ինչպես իրենց առաջնորդն էր ասում՝ մինչև քոքը մաշեցնելու մասին։ 

Արտաշես Խալաթյանի խոսքով՝ այդ նպատակը չիրականացավ՝ շնորհիվ մեր ոստիկանության գրագետ գործողոթյունների։

Դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը բանակում չի ծառայել, բայց տարբեր ամբիոններից սպառնում է Արցախյան պատերազմներին և Աֆղանստանի պատերազմին մասնակցած ՊՊԾ պետի ուսադիրները պոկել, Արտաշես Խալաթյանն արձագանքեց. «Խստորեն դատապարտում եմ պարոն Հովհաննիսյանի անձի և պաշտոնեական գործողությունների նկատմամբ այդ սանձարձակ հարձակումները։ Եվ համարում եմ, որ դա անպատվաբեր է  ցանկացած անձի համար՝ անկախ նրանից, թե ինչպիսի մոտիվներով է  դա արվում, և նման քաղաքական պայքարը մերժելի է ժողովրդավարական Հայաստանում։ Դա ես համարում եմ ուղղակի թրոլինգ և սադրանք, որը նպատակ ունի ուղղակիորեն վարկաբեկել ցանկացած մաքուր կենսագրություն ունեցող անձի»։   
 
«Հունիսի 3-ը պետք է դաս լինի բոլորիս համար. որքան հանդուրժող է  գտնվում իշխանությունը, այնքան իրեն ավելի սանձարձակ է պահում ընդդիմությունը։ Այսինքն՝ մենք չենք տեսնում հակառակ էֆեկտը, որ հանդուրժողականությունը բերի ագրեսիայի նվազման, տեղի է ունենում ճիշտ հակառակը, այսինքն՝ անպատժելիության էֆեկտն է գործում»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան