Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հենց ժողովրդավարությունը պաշտպանելու տեսանկյունից, եթե պատգամավորն օրենք է խախտել, չպետք է վարանենք նման գործիքներ օգտագործելուց՝ սկսած մանդատներից զրկելուց. Արսեն Թորոսյան

«Հաշվի առնելով ատելության խոսքը, բռնության քարոզը՝ հնարավոր է, որ նրանց կողմից լինեն սադրանքներ կամ հարձակման փորձեր, և մեր ոստիկանությունը, տեսնելով այդ ամենը, պետք է պատրաստ լինի պատշաճ հակահարված տալու, իսկ պատշաճ հակահարվածը պարզապես մեր ժողովրդավարությունը պաշտպանելուն է միտված լինելու»,-Civic.am-ի հետ զրույցում խոսելով հունիսի 3-ին ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների հնարավոր կրկնության մասին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ 

Խոսելով նաև ընդդիմության հայտարարած ջրբաժանի, բեկումնային, վճռական օրերի մասին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն մոտ երկու ամիս կլինի՝ լսում են այդ մասին, և ամեն հաջորդ երրորդ կամ հինգերորդ օրը նրանց մոտ ջրբաժան է կամ վճռական օր, ինչը, բոլորի համար տեսանելի է, ոչնչով չի տարբերվում նախորդ օրերից։

«Իհարկե, իրենք նաև լավ հասկանում են, որ մարում է այդ շարժումը։ Չնայած ես դժվարությամբ շարժում կանվանեի՝ իր ծավալների և նաև բովանդակության իմաստով, որովհետև այնտեղ նույնիսկ բովանդակություն չկա՝ ինչի մասին են այդ հավաքները։  Դրանով իրենք փորձում են իրենց կողմնակիցներին պահել իրենց կողքին, այսինքն՝ սրություն մտցնելով, որ տեսեք, դուք ինչ-որ բան արեցիք, օրինակ՝ ոստիկան ծեծեցիք, քար շպրտեցիք, մեքենա ջարդեցիք, վիրավորվեցիք, հենց դա էլ պտիչկա է իրենց շրջանակներում, որ մենք էլ եղանք այս ամենի մեջ։ Միգուցե նաև դրա համար են այդ սրացումներն անում, որովհետև այլ տրամաբանություն չեմ կարծում, որ կա։ Կամ մենք գործ ունենք քաղաքական անմեղսունակության հետ, եթե նրանք կարծում են, որ այդ գործիքներով կարող են իշխանություն վերցնել։ Համենայնդեպս մեղսունակ լինելը շատ ճոխ կլինի ասել»,- ասաց Արսեն Թորոսյանը։     

 Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք որոշ պատգամավորներ, որոնք ատելության խոսք են տարածում և բռնության կոչեր հնչեցնում, զրկվեն անձեռնմխելիությունից, Արսեն Թորոսյանն ասաց, որ նպատակը անձեռնմխելիությունից զրկելը չի, այլ քրեաիրավական գնահատական տալն է նման արտահայտություններին, թե արդյոք այդ արտահայտությունները բռնության կոչե՞ր են, որոնք բերեցին այդ բախումներին։ 

«Եվ կարծում եմ, որ դա պետք է պարզեն դատախազությունը, քննչական մարմինները, և եթե արդյունքում պարզվի, որ որևէ անձեռնմխելի մարդ, իր պատգամավորական կարգավիճակով պայմանավորված, մեղավոր է, կամ առնվազն նրան մեղսագրվում են նման գործողություններ, ապա ԱԺ-ում մենք այդ հարցը շատ հեշտ կլուծենք, ու կարևոր չի, թե դա որ խմբակցության պատգամավորն է։ Եթե լինեին մեր պատգամավորները՝ նույն կերպ պետք է վարվեինք, և հետո արդեն դատարանները պետք է տան քրեաիրավական գնահատական՝ կալանավորման, դատապարտման կամ արդարացման։ Ես կարծում եմ, որ մենք հենց  ժողովրդավարությունը պաշտպանելու տեսանկյունից չպետք է վարանենք նման գործիքներ օգտագործելուց՝ սկսած մանդատներից զրկումից, երբ ըստ էության աշխատանքի չեն գալիս, և հետևաբար չպետք է ունենան նույն կարգավիճակը, ինչն իրենց տրվել է ընտրությունների արդյունքում, նույնն էլ եթե օրենք են խախտել, պետք է նաև օրենքի առաջ պատասխանատու լինեն։ Կարգավիճակը երբեք չպետք է օգտագործվի օրենքը խախտելուց պաշտպանվելու համար»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան