Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն. Ռուբեն Ռուբինյան

Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն. Ռուբեն Ռուբինյան
Հարցազրույց
17:34, 12 июль 2022
«Այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է», - «Ազատության» հետ զրույցում, խոսելով հայ-թուրքական բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների ու Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին, ասաց ԱԺ փոխնախագահ, այդ բանակցություններում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը», - վստահ է ՀՀ բանագնացը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, ամբողջական տարբերակը` տեսանյութում.

«Ազատություն». - Ինչի՞ վկայությունն է Փաշինյան-Էրդողան երեկվա հեռախոսազրույցը, կանեի՞ք արդյոք պնդում, որ գործընթացն առարկայական փուլ է մտնում:

Ռուբեն Ռուբինյան. - Նախ մի քիչ հետ գնանք, նախորդ, այսինքն` վերջին հանդիպմանը Թուրքիայի հատուկ ներկայացուցչի և իմ վերջապես հաջողվեց ձեռք բերել առարկայական կոնկրետ պայմանավորվածություններ, այն է` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ստեղծելը և ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելը: Սրանք, բնականաբար, դրական պայմանավորվածություններ են, բայց այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը: Եվ ես հույս ունեմ, որ շատ արագ այդ պայմանավորվածությունները կիրագործվեն:

«Ազատություն». - Ի՞նչ է նշանակում շատ արագ, այսինքն` առաջիկա ամիսների՞ն, օրերի՞ն:

Ռուբեն Ռուբինյան. - Ես կարծում եմ, որ տրամաբանական կլինի, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Պայմանավորվածությունը քաղաքական մակարդակով ֆիքսված է, հիմա պետք է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները երկուստեք արդեն տեխնիկական դետալների շուրջ աշխատեն: