Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրամի արժևորումը նշանակում է՝ քո ազգային արժույթը վաստակող մարդիկ ավելի մեծ վճարունակություն ունեն արտասահմանում՝ հարուստ են․ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար․ տեսանյութ

Civic.am-ի զրուցակիցն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

- Պարոն Գևորգյան, ինչպես տեսնում ենք, դրամը շարունակում է արժևորվել, Հայաստանում բիզնես ոլորտի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, կառուցապատողները բողոքում են դրամի արժևորումից, նշում են, որ իրենք վնասով են աշխատում։ Պետությունն այստեղ ի՞նչ անելիք ունի։ Օրինակ՝ կորոնավիրուսի ժամանակ տնտեսվարողների համար աջակցության լայն ծրագրեր գործեցին, հիմա այս իրավիճակում արդյոք պետությունը պե՞տք է միջամտի։  

- Սա մենք չենք դիտարկում որպես կրիզիսային իրավիճակ, ընդհակառակը, մեր կարծիքով, շուկայում որոշակի կոնյունկտուրա փոխվել է, և դրամի արժևորում գլոբալ իմաստով նշանակում է, որ քո ազգային արժույթը վաստակող մարդիկ ավելի մեծ վճարունակություն ունեն արտասահմանում։ Այսինքն՝ այդ մարդը, որը դրամով աշխատավարձ է ստանում մինչ օրս, արտասահմանում ավելի մեծ վճարունակություն ունեցող մարդ է, հետևաբար կարելի է ասել՝ ավելի հարուստ մարդ է։  

Համաշխարհային ճգնաժամի պատճառով լոգիստիկ ծախսերն են թանկացել, ինչը երևի թե թույլ չի տալիս, որ սպառողը միանգամից զգա այն ազդեցությունը, որ դրամի արժևորումը բերել է ներկրվող ապրանքների մասով, բայց այդ ազդեցությունը միանշանակ կա։ Այսինքն՝ եթե պետք է այդ ապրանքը թանկանար որոշակի չափով լոգիստիկ թանկացումների պատճառով, ներկայումս կարող է մնալ նույնը կամ շատ քիչ թանկանալ, կամ նույնիսկ էժանանալ որոշ դեպքերում։ Այսինքն՝ այստեղ նեգատիվ-պոզիտիվ էֆեկտները պետք է երկուստեք հաշվի առնվեն։ Իհարկե, դրամի արժևորումը խնդիրներ է առաջացնում արտահանողների մոտ՝ թե՛ ապրանքներ արտահանողների, թե՛ ծառայություններ արտահանողների, այս իմաստով էկոնոմիկայի նախարարությունն ունի մի շարք մտահոգություններ, որոնք պարբերաբար արտահայտել է, արտահայտվել է նաև մեր տարբեր գործողությունների ծրագրերում։ Այստեղ, մեր կարծիքով, հիմնական խնդիրը տնտեսության արտադրողականությունն է։ Եթե տնտեսությունը կամ մասնավոր հատվածի արտադրողականությունը բավական բարձր է, նա ստեղծում է մեծ ավելացված արժեք, ավելի մեծ ճկունություն է դա իրեն տալիս նման տատանումների մեջ դիրքավորվելու հարցում։ Եթե չունի այդ ավելացված արժեքն ու արտադրողականությունը, իր համար նման փոփոխությունները շատ ավելի ծանր են, ու մեր բոլորի ջանքերը՝ թե՛ էկոնոմիկայի, թե՛ կառավարության մնացած գերատեսչությունների, պետք է ուղղված լինեն տնտեսության արտադրողականության աճին, տնտեսական բարդության բարձրացմանը՝ ինչքան բարդ ապրանքներ ես արտադրում, այնքան ավելի մրցունակ ես միջազգային շուկայում և այնքան ավելի քիչ ես զգայուն նման տատանումներին։ Հետևաբար մեր գործիքակազմն ուղղված է տնտեսության արտադրողականության աճին։  

- Քաղաքացիները դժգոհում են՝ ասում են դրամն արժևորվում է, բայց ապրանքները չեն էժանանում, այլ թանկանում են։ Սա բեռնափոխադրումների թանկացումո՞վ, ինչո՞վ է պայմանավորված։ 

- Տարբեր գործոններ կան համաշխարհային տնտեսությունում՝ այսօր գնաճային տենդենցներն այնպիսին են, ինչպիսին չեն եղել շատ երկար ժամանակ։ ԱՄՆ-ում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի։ Հայաստանում մենք գնահատում ենք, որ գնաճը բավական կառավարելի տիրույթում է գտնվում, և Կենտրոնական բանկի ու կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում գնաճը չի հատել այն անթույլատրելի շեմը, որտեղից դառնում է անկառավարելի։ Այս պահին, մեր կարծիքով, բավականին լավ աշխատանք է տանում Կենտրոնական բանկը, և մեր մոտ գնաճը տարածաշրջանում ամենացածրն է, մինչդեռ տնտեսական աճի թվերով բավական բարձր տնտեսական աճ ենք գրանցել։

- Կենտրոնական բանկը կարճ ժամանակ առաջ կրկին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նշում են, որ դրամի արժևորումը որոշակի չափով զսպում է գնաճը։ Սակայն որոշ տնտեսվարողներ դժգոհում են դրամի արժևորումից՝ նշում են, որ դա կարող է հանգեցնել ծախսերի կրճատման, այդ թվում՝ աշխատողների կրճատման։ Ձեր կարծիքով՝ Կենտրոնական բանկը բացի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելուց որևէ այլ գործառույթ ունի՞ իրականացնելու այս մասով, քանի որ տնտեսվարողների դժգոհությունն ուղղված է հենց Կենտրոնական բանկին՝ կարգավորելու փոխարժեքային տատանումները։   

- Մեր կարծիքով՝ այստեղ նորից երկխոսության խնդիր կա, և պետություն-մասնավոր համակարգված աշխատանքի խնդիր կա։ Նման փոխարժեքային տատանումները զսպելու և կառավարելու բազմաթիվ գործիքներ գոյություն ունեն՝ ֆինանսական տարբեր շուկաներում դրանք կառավարելի են։ 

Օրինակ՝ եթե մենք նայենք դոլար-եվրո կուրսի տատանումներին վերջին մեկ-երկու տարիների ընթացքում, կտեսնենք, որ կատաստրոֆիկ տատանումներ են եղել, ու այդ երկրների կենտրոնական բանկերը չեն միջամտել փոխարժեքային տատանումներին։  
Հայաստանում կան ֆինանսական գործիքներ՝ կառավարելու փոխարժեքային տատանումները, ու որոշ տնտեսվարողներ կիրառում են այդ գործիքները, սակայն այդ գործիքների կիրառումը բավական լայնատարած չէ, և այստեղ խնդիր կա և՛ Կենտրոնական բանկի, և՛ կառավարության, և՛ մասնավոր հատվածի համակարգված աշխատանքի՝ նախ իրազեկման առումով՝ ոնց են աշխատում այդ գործիքները։ Այս ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում, հավանաբար մասնավոր հատվածի հետ աշխատաժողովներ կկազմակերպենք։ 

- Ե՛վ Կենտրոնական բանկը, և՛ վարչապետը նշել են, որ ունենք երկնիշ տնտեսական աճ, ո՞ր ոլորտներն են նպաստել այդ երկնիշ տնտեսական աճին, և ի՞նչ է կանխատեսում ձեր գերատեսչությունը։ 

- Մենք ունենք 11,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը դեռ տնտեսական աճ չէ, բայց բավական մոտ ցուցանիշ է տնտեսական աճին։ Աճը առաջին հերթին պայմանավորված է մեր ապրանքների ու ծառայությունների պահանջարկի աճով տեղական շուկայում, արտասահմանյան շուկայում, ինչի հետևանքով մեր արտադրողներն ընդարձակում են իրենց կարողությունները, ինչն էլ բերում է արտահանման ծավալների աճի։ Հունիս ամսին 60 տոկոս աճ ենք ունեցել արտահանման, իսկ 6 ամսվա տվյալներով՝ մոտ 40 տոկոս աճ ենք ունեցել արտահանման։ Այդ տնտեսական աճն ուղեկցվում է ներդրումների և արտահանման աճի միջոցով։ 

Նարա Մարտիրոսյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում