Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցնող օրերին արձանագրվեցին բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է հնարավոր տեղեկատվական սադրանքի ենթարկել հայկական հանրությանը, ընդ որում՝ թե ներսից, թե դրսից․Արման Բաբաջանյան

Անցնող օրերին արձանագրվեցին բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է հնարավոր տեղեկատվական սադրանքի ենթարկել հայկական հանրությանը, ընդ որում՝ թե ներսից, թե դրսից․Արման Բաբաջանյան
Հարցազրույց
13:33, 20 август 2022
Civic.am-ի հարցազրույցը՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։
 
Պարոն Բաբաջանյան, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում մինչև պայթյունը եղել է մինչև չորս տոննա պայթուցիկ նյութ։ Ըստ Ձեզ կարելի՞ էր նման բանուկ առևտրի կենտրոնում պահել այդ քանակության պայթուցիկ նյութեր։

-Չեմ ուզում բացառապես Ձեր նշած իրողության վրա կանգ առնել։ Ինչ է կատարվել «Սուրմալու» տոնավաճառում և որն է եղել աղետալի պայթյունի պատճառը, պետք է պարզի և հարցերի պատասխանը տա կատարվող քննությունը: Հանրությունը, հատկապես համացանցային հանրությունը շրջանառում է ամենատարբեր վարկածներ: Կան շատ հանրային խմբեր, որոնք առաջին իսկ պահից ձեռնամուխ են եղել աղետի վրա քաղաքական կամ այլ «խմբակային» միավորներ հավաքելու գործին, շահարկելով մարդկային ողբերգությունը: Մեզ բոլորիս մտահոգում է մի կարևոր հարց՝ գործ  ունենք անվտանգության կանոնների խախտմա՞ն, թե՞ ահաբեկչության կամ այլ բնույթի դիտավորության հետ: Կասկած չկա, որ քննության արդյունքից հետո էլ շատ շատերը չեն հավատալու դրան և կառուցելու են «սեփական վարկածներ»: Այդպիսին են բոլոր հանրությունները, և մենք այդտեղ ևս բացառություն չենք: Բնականաբար այդ իրողության ծավալմանը նպաստում է Հայաստանում և դրա շուրջ չափազանց բարդ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային իրադրությունը: 

Թեև այս պահին պայթյունի վերաբերյալ պաշտոնական վարկածն այն է, որ պայթել է հրավառության նյութերի պահեստ, սակայն հասարակության տարբեր շերտերում քննարկվում են բազմաթիվ վարկածներ, Դուք ի՞նչ վարկած ունեք այս պայթյունի վերաբերյալ:  

-Պետք է խոստովանել, անկախ, թե ինչ վարկածներ կարող են շրջանառվել և ինչ բուն պատճառի հետ կարող ենք գործ ունենալ այս պարագայում, բայց Հայաստանում անվտանգության կանոնների հանդեպ ընդհուպ կենցաղում «թքած ունենալը» ըստ էության վաղուց վերածվել է «գենետիկ» երևույթի: Այն արտահայտվում է կենսագործունեության, մարդկային կյանքի գրեթե բոլոր դրվագներում: Անշուշտ, այստեղ նաև պետք է արձանագրել, որ Հայաստանում տասնամյակներ ի վեր չի եղել այդ խնդրի խորացումը կանխելուն միտված պետական քաղաքականություն, անվտանգության գիտակցություն ձևավորելու մշակված քաղաքականություն: Պետք է սկսել, ինչը պետք է ենթադրի անվտանգության կանոնների հանդեպ խստագույն վերահսկողություն և պատասխանատվության մեխանիզմներ, և միաժամանակ անվտանգության վարքագծի ձևավորմանն ուղղված, այդ գիտակցությանն ուղղված պետական քարոզչական քաղաքականություն, որում պետք է ներգրավվի հասարակական, քաղաքական ամբողջ վերնախավը, ում համար Հայաստանի անվտանգությունը համալիր կարևորություն ներկայացնող, այլ ոչ թե քաղաքական խաղարկումների ենթակա հասկացություն է:

Մինչ այս պահը չկա անձ կամ անձինք, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում այս պայթյունի համար։ Թեև ըստ պաշտոնական տեղեկատվության այս դեպքով հարցաքննվել է 50-ից ավելի անձ, սակայն դեռևս չի խոսվում հիմնական պատասխանատուի կամ պատասխանատուների մասին։

- Եթե կմտաբերեք, պայթյունի օրերին Ազգային անվտանգության ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում քաղաքացիներին չտարածել Հայաստանում ահաբեկության սպառնալիքի մասին չճշտված տեղեկություններ և չհրապարակել այդ մասին մեկնաբանություններ, որպեսզի հանրության շրջանում չստեղծվի անհարկի խուճապային տրամադրություն: Ողբերգական պայթյունից անմիջապես հետո համացանցում, տեղեկատվական դաշտում մինչ օրս տարածվում են մեկնաբանություններ, վարկածներ, թերի տեղեկություններ, կեղծ տեղեկատվություն, որոնց հանրագումարը մեկն է՝ ահաբեկչություն, որի հետևում ամեն մեկը տեսնում է որևէ ձեռք ըստ իր քաղաքական հայացքի, քաղաքական «ճաշակի» կամ անհրաժեշտության: Որևէ մեկը կարո՞ղ է բացառել ահաբեկչության վարկածը: Իհարկե՝ ոչ: Դա կարող են անել միայն քննություն իրականացնող կառույցները: Սակայն, տվյալ պարագայում հարցը ամենևին այն չէ, թե ինչ եզրահանգման կգան այդ կառույցները, թե ով կվստահի դրանց:
Գլխավոր հարցն այն է, որ տարածելով ահաբեկչության կամ դրա սպառնալիքի մասին չհիմնավորված, չհաստատված, չապացուցված, որևէ լուրջ հիմք չունեցող տեղեկատվություն՝ եթե անգամ դրա նպատակը քաղաքական դիտավորությունը չէ, այլ պարզապես «սիրողականությունը», դրանով որևէ մեկը ոչ միայն որևէ կերպ չի խանգարում հնարավոր, պոտենցիալ, ենթադրյալ ահաբեկիչ սուբյեկտի, այլ հակառակը՝ օժանդակում է նրան: 

Պայթյունից հետո տեղեկություն տարածվեց, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տուգանել էր պայթյունի օջախ պահեստը։ Սակայն դա չնպաստեց, որպեսզի խուսափենք այս ողբերգությունից։ Ի՞նչ պետք է անեն իրավասու մարմինները, նմանատիպ երևույթները բացառելու համար։

-Ներքին համոզում ունեմ, որ տեղի ունեցածը անարդյունավետ, փնթի կառավարման, ոչ պատշաճ վերահսկողության, անվտանգության կանոնների համատարած խախտման, կոռուպցիոն ռիսկերի հետևանք է: Այս պահին «Սուրմալուի» ողբերգությունը խլել է 16 մարդկային կյանք: Անկեղծ ասեմ՝ այսպիսի կորուստներից հետո նույնիսկ հեռու եմ մտքից, որ համակարգային հետևություններ են արվելու: Մենք համակարգային հետևություն անելու ընդունակությունն էլ ենք կորցրել։ Ամբողջը էմոցիա է, ինչն էլ թույլ չի տալիս ռացիոնալ միտքը, բարդ, դառը և հատու որոշումները առաջ գան՝ և իրավիճակին արմատական լուծումներ տան։
 
«Սուրմալու»-ի պայթյունի այս ողբերգական դեպքի օրվանից մինչ օրս, չեն դադարում ապատեղեկատվության հոսքերը, ըստ Ձեզ ինչպե՞ս պետք է կանխել հանրությանն անընդմեջ սթրեսային իրավիճակում պահող այս գործընթացը։

-Անցնող օրերին արձանագրվեցին բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է հնարավոր տեղեկատվական սադրանքի ենթարկել հայկական հանրությանը, ընդ որում շատ հաճախ դրա համար չգործադրելով առաձնապես մեծ ջանք: Ընդ որում, պետք է նկատել, որ արտակարգ իրավիճակներում տեղեկատվական գրոհները եղել են թե՛ ներսից, թե՛ դրսից: Մասնավորապես, ողբերգական պայթյունից հետո անմիջապես, գրեթե ակնթարթորեն գործի անցան ռուսական տեղեկատվա-քարոզչական դաշտում գործող հայտնիներ Արամ Գաբրիելյանցը և Սեմյոն Պեգովը, որոնք այս տարիների ընթացքում լիովին բաց ներկայացրել են նաև Հայաստանի ներքին կյանքի հանդեպ իրենց քաղաքական համակրանքները և դիրքավորվել Հայաստանի իշխանության դեմ գործողությունների դաշտում: Տեղի ունեցած ողբերգությունն անմիջապես փորձ արվեց օգտագործել այդ խնդիրների համար: Գործնականում շատ արագ միացան հենց ներքին խմբերը, բաց տեքստով հաղորդելով, որ տեղի ունեցածը Հայաստանի կառավարության քաղաքականության հետևանք է՝ ադրբեջանական ահաբեկություն:
Կարելի է թվարկել քաղաքական տեղեկատվա-քարոզչական նենգափոխումների այլ օրինակներ: Բազմաթիվ էին նաև «կենցաղային» ապատեղեկատվության, նենգափոխումների դեպքերը և այդ ամենն անկասկած դեռ շարունակվելու է: Մեծ  հաշվով, տեղեկատվա-քարոզչական այդօրինակ մարտահրավերերը տեղեկատվական դարաշրջանի այսպես ասած հակառակ «էֆեկտն» են, որից ապահովագրված չէ որևէ պետություն: Հարցն այն է, թե ինչպես լուծել կառավարելիության խնդիրը: 
Այստեղ շատերը նշում են, որ կառավարությունը պաշտոնական աշխույժ տեղեկատվական քաղաքականություն վարելու պարագայում կարող է լուծել հարցը, քանի որ ապատեղեկատվությունն աշխատում է տեղեկատվական բացերի պարագայում: Ասել, թե այդ առումով իրավիճակի գնահատականը հեռու է ճշմարտությունից, կլինի թերևս սխալ, սակայն տեղեկատվական ազատության և տեխնոլոգիական հագեցածության ներկայիս ժամանակաշրջանում որևէ կառավարություն ի զորու չէ այսպես ասած քանակական առումով հակադրվել տեղեկատվական մյուս հոսքերին: Հետևաբար, կառավարության դաշտում է խնդրի մի մասը՝ վարել աշխույժ և նախաձեռնողական տեղեկատվական քաղաքականություն, սակայն հասարակության դաշտում է նաև խնդրի մյուս և առավել խորքային մասը՝ լինել մեդիագրագետ, չտրվել ապատեղեկատվությանը, տարբերակել կեղծիքը: 
Սա իհարկե չափազաննց բարդ հարց է, հաշվի առնելով հայկական հանրության թե ընդհանուր կրթվածության և գրագիտության աստիճանի ոչ այնքան բարձր լինելը, թե նաև այդ առումով պատասխանատու ինստիտուցիոնալ կառույցների համակարգային բացակայությունը:
Խոսքն այն մասին է, որ հասարակական-քաղաքական միավորների, մեդիա-փորձագիտական դաշտի գերակշռող մասը՝ որ պետք է օգներ պետությանը կառավարել տեղեկատվական իրավիճակը և ապահովեր տեղեկատվական անվտանգություն, ինքն է տարբեր նկատառումներից և շահադիտությունից ելնելով տրվում քարոզչական-տեղեկատվական կեղծիքին և նենգափոխումներին: Մինչդեռ, կան երկրներ, որոնք կառավարելիության խնդիրը լուծում են տեղեկատվական ազատությունների հստակ սահմանափակումներով, նվազագույնը արտակարգ իրավիճակներում, կամ՝ ընդհանրապես: Ի՞նչ լուծում է անհրաժեշտ Հայաստանի համար՝ տեղեկատվական և քարոզչական անվտանգությունը բարձրացնելու, միևնույն ժամանակ պետության վարկն էլ բարձր պահելու համար, թերևս խորքային քննարկման առարկա է: Բայց, անհերքելի է, որ լուծում անհրաժեշտ է, հակառակ պարագայում հետևանքը լոկ տեղեկատվական խեղված պատկերը չէ, այլ լայն իմաստով սպառնալիքը ազգային անվտանգությանը:

Պայթյունի և դրան հաջորդող օրերին ակտիվացել են նաև Մետրոպոլիտենում, օդանավակայանում և այլ կարևոր, ռազմավարական օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին կեղծ ահազանգերը։ Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում նման կեղծ ահազանգերը հատկապես, երբ դրանք տեղի են ունենում մեր երկրում լարված օրերին և սահմանային լարվածության օրերին, և ինչպե՞ս պետք է կանխարգելել, քանի որ երեք օր անընդմեջ նմանատիպ կեղծ ահազանգեր էին հնչում։ 

-Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունը հանրային տարբեր շրջանակներում խթանեց խոսակցություն Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին: Պետք է նկատել, որ հիբրիդային պատերազմի թիրախում լոկ Հայաստանը չէ, այլ գործնականում միջազգային քաղաքականության «հոսքերում» գտնվող յուրաքանչյուր պետություն, այդ թվում ուժային կենտրոնները: Նրանք էլ այդ պատերազմը վարում են միմյանց դեմ, տարբեր դրսևորումներով, տարբեր նպատակներով: Երբ ընթանում է երրորդ համաշխարհային պատերազմը՝ հիբրիդային բնույթով, դրա թիրախում են հայտնվում բոլորը: Այստեղ ամեն ինչ հանգում է ոչ թե թիրախում չլինելուն, գործնականում դա բացառվում է, այլ դիմադրունակությանը, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի կենսունակությանը, այդ պատերազմի վտանգները և հետևանքները նվազագույնի հասցնելու կարողությանը:
Հետխորհրդային երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը որպես պետություն չի զարգացրել այդ հարցերն արդյունավետ լուծելու ունակ պետական և հասարակական-քաղաքական ինստիտուտներ, չի ձևավորել հասարակական կյանքի կազմակերպման մեխանիզմներ, բովանդակային ուղենիշ գաղափարական և ծրագրային հիմնադրույթներ: Մենք բավարար չափով չենք պատրաստվել ոչ միայն Ադրբեջանից եկող պատերազմական ռիսկին՝ հաշվի առնելով նաև այդ ռիսկի աշխարհաքաղաքական տողատակն ու դրա հարցում Բաքվի դաշնակիցների ու գործընկերների շրջանակը, այլ չենք պատրաստվել նաև փոփոխվող աշխարհի տեխնոլոգիական վերափոխումներին, որոնք պատերազմը վերածում էին հիբրիդայինի: 
Այսօր, երբ դարձյալ խոսվում է այն մասին, որ նոր պատերազմն այս ռեգիոնում անխուսափելի է, հայաստանյան հանրությունը վերստին բաց է թողնում դրա հիբրիդային բնույթը խորությամբ գնահատելու և ըստ այդմ իր վարքագիծը, պետական քաղաքականությունը կառուցելու խնդիրը: Մենք դարձյալ կենտրոնանում ենք ավտոմատը «վերցնելու և կռվելու» բանաձևի կամ մոդելի վրա, ինչը լինելով չափազանց կարևոր, գործնականում ինքնին խիստ անարդյունավետ է լինելու, եթե պետությունն ու հանրությունը պատերազմի պատրաստ լինելու լուծումները չեն դիտարկել և մշակել համակարգային հիբրիդային բնույթից ելնելով:
Պատրաստ լինել հիբրիդային պատերազմին դիմադրելու, նշանակում է ամրագրել և գործել ոչ թե հանուն հայրենիքի զոհվելու, այլ հանուն պետության ապրելու բանաձևով: Հանուն պետության ապրելու բանաձևն է, որ առավելագույնս նվազեցնելու է հանուն հայրենիքի զոհվելու անհրաժեշտությունն ու կարիքը, և ընդհանրապես բերում կենսագործունեության բոլոր ոլորտներում մի իրավիճակի, երբ անվտանգության որևէ մակարդակում խնդիրներ, պատահարներն ու դրանց հետևանքով զոհերը հասնում են, եթե ոչ զրոյական, ապա գոնե նվազագույն մակարդակի:

Լիլիթ Թադևոսյան