Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր զինվորականությունը ցույց տվեց իր ամուր լինելը հայոց սահմաններին, ջնջեց «բանակ չունենք» միֆը և սկսեց նոր տողից՝ մեծատառով ու բռունցքով․ Արա Խուդավերդյան

«Մեր զինվորականությունը ևս մեկ անգամ ցույց տվեց իր ամուր լինելը հայոց սահմաններին, հրթիռակոծության ժամանակ չունեցանք նախկին խուճապը, ազգադավությունը, ինչը որ ունեցանք 44-օրյա պատերազմում։ Փառք մեր երիտասարդներին, փառք մեր տղաներին։

Առ այս պահը մենք կանգնած ենք և պատրաստ ենք ամեն մի ոտնձգության դիմակայելու, կասեցնելու և հակահարված տալու հակառակորդին՝ ընդհուպ իր բնօրրանի մեջ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար  Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն։

Նա նշեց, որ այսօրվա մեր Հայոց բանակի պաշտպանողական գործունեությունը ջնջեց 44-օրյա պատերազմի  ժամանակ տարածվող խուճապ, վախ, «բանակ չկա», «բանակ գոյություն չունի», «զինվորը վախկոտ է», «կամավորը վախկոտ է» արտահայտությունները և սկսեց նոր տողից՝ մեծատառով ու բռունցքով։

Խոսելով պատերազմի ժամանակ իշխանափոխության պահանջ ներկայացնողների մասին՝ Արա Խուդավերդյանն ասաց. «Ես կոչով կդիմեմ հանրապետության ղեկավարությանը, որպեսզի ծայրահեղ վիճակներում Հայաստանում  իշխանափոխություն, դավադրություն և Հայաստանի անկման համար վառ աշխատանքներ տանողներին ձերբակալեն»։   

Խոսելով նաև ՀԱՊԿ-ի գործունեության մասին՝ Արա Խուդավերդյանն ասաց. «Ռուսաստանը ոչ մի պատերազմի ժամանակ, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ՀԱՊԿ-ից դուրս, իր շավիղ, շառավիղներով չի ներկայացրել այն իրավիճակը, ինչը տիրել է Հայաստանում, հայկական սահմաններին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան