Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նախաձեռնությունը մնալու է 40 դիտորդի շրջանակում, դա անարդյունավետ մեխանիզմ է լինելու. պետք են հարյուրավոր մարդիկ, ովքեր տեղակայված կլինեն ամբողջ սահմանի երկայնքով․արաբագետ․ տեսանյութ

Եվրոպայի խորհուրդն այսօր որոշում է կայացրել ԵՄ մոնիտորինգի հարցերով մինչև 40 փորձագետներ ուղարկել հայկական կողմից Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ տարածաշրջանում իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և հաշվետվության համար։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։  

«Իրականում դիտորդական առաքելության թեմայի շրջանառումը հայկական կողմից նախաձեռնված, հաշվարկված իրական հնարավորություն է՝ զսպելու Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնց սպառնալիքը ոչ միայն չի դադարել, այլև ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում՝ պայմանավորված և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային իրողություններով։ Այս պահին 40 թիվն է բավականաչափ տարակուսելի, որովհետև, եթե նախաձեռնությունը մնալու է 40 դիտորդի շրջանակում, ապա դա անարդյունավետ մեխանիզմ է լինելու։ Պետք են հարյուրավոր մարդիկ, ովքեր տեղակայված կլինեն  ամբողջ սահմանի երկայնքով, որովհետև մենք գիտենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանը բազմակի ավելացել է»,- ասաց արաբագետը։

Արմեն Պետրոսյանը, սակայն, կարծում է, որ որպես մեխանիզմ վստահաբար չափազանց կարևոր է և որոշակի արդյունավետություն անշուշտ կարող է ունենալ։

Խոսելով ԵՄ-ի արագ արձագանքի մասին՝ արաբագետն ասաց, որ սա արդեն տեղավորվում է Արևմուտք-Ռուսաստան մրցակցության տրամաբանության մեջ, այսինքն՝ Արևմուտքը ձգտում է ձեռք բերված պայմանավորվածությունը պրահյան հանդիպումից հետո անմիջապես ի կատար ածել։           

Խոսելով նաև այն մասին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին, և մեկնաբանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի այն հայտարարությունը, որ «հարևան երկրների համար այս զորավարժությունների ուղերձը խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը», իսկ Իրանի թշնամիների համար՝ «այն, որ ԻՀՊԿ-ն պատրաստ է պաշտպանել երկրի սահմանները և վճռականորեն դիմակայել ցանկացած սպառնալիքի», արաբագետն ասաց. «Սա հստակ մեսիջ է Իրանի կողմից՝ նախևառաջ ուղղված Ադրբեջանին, որովհետև իրանական կողմից շատ լավ հաշվարկում են՝ ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, և իրանական կողմը ևս զգում է այստեղ նոր պատերազմի հնարավորությունը, ինչը պարզապես կարող է քաոսային իրավիճակ ստեղծել մեր տարածաշրջանում։ Նման զորավարժությամբ առաջին՝ իրանական կողմը ցանկանում է կանխել Ադրբեջանի բռնապետական, անկանխատեսելի, խաղամոլ բռնապետի կողմից նոր  արկածախնդրության հնարավորությունը, որը կարող է պայթեցնել ամբողջ տարածաշրջանը»։      

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան