Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զատուլինը բոլոր թույլատրելի սահմաններն անցնում է. այն, ինչ ասում է, առնվազն լկտիություն է, նրա նման մարդիկ խրախուսում են հակառուսական տրամադրությունները. Վիգեն Խաչատրյան. տեսանյութ

«Նախ պետք է ողջունել նման հաճախակի հանդիպումները, քննարկումները։ Պետք է ակնկալել, որ արդյունքում մեր հանրապետությանը հուզող հարցերում մենք քաղաքական լուրջ աջակցություն կստանանք ԱՄՆ-ից, և ոչ միայն քաղաքական, ես ենթադրում եմ, որ ավելի կխորանան այդ հարաբերությունները՝ տնտեսական զարգացման, ՀՀ պաշտպանողականությունն ամրապնդելու առումով»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների՝ Հայաստան այցի ակնկալիքների մասին, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։  

Նա նշեց՝ ակնհայտ է դառնում, որ մեր բավականին նախաձեռնողական արտաքին քաղաքականության մեջ, որը վարում է  կառավարությունը, բավականին լուրջ ներդրում է կատարվում խորհրդարանական դիվանագիտության միջոցով, ինչը շատ կարևոր է։
    
Խոսելով նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ վերջերս հայկական հեռուստաընկերություններից մեկին  տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների մասին, որում Զատուլինը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել միջանցքի վերաբերյալ հայտարարությունը, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Զատուլինին ես միշտ վերապահումով եմ վերաբերվել, որովհետև ակնհայտ էր, որ նրա պահվածքում կեղծ ինչ-որ բան կար։ Ճիշտ է, նա աջակցեց, որ Ցեղասպանությունը ճանաչվի Ռուսաստանի խորհրդարանում, նա փորձում է անընդհատ խոսել Հայաստանի պատմական անցյալից՝ կարևորելով մեր պատմական արդարությունը։ Գիտեք, այստեղ «Գրիբոյեդովի ակումբ» նախաձեռնեց, հետո կարծեմ՝ «Լազարյան ակումբ», այդ ամենը միշտ իմ մեջ առաջացրել է վիրավորանքի զգացում, որ կարծես թե այդ մարդը թերագնահատում է մեզ, և նրա համար այստեղ ընդամենը կարելի է մարդկանց ճակատագրերի և զգացմունքների հետ խաղալ. դա շատ վատ բան է։ Բայց իրականում նա իր այս վերջին պահվածքով ապացուցեց, որ ինքը սպասարկում է Ռուսաստանի շահերը՝ արջի ծառայություն մատուցելով, որովհետև Զատուլինի նման մարդիկ ըստ էության խրախուսում են հակառուսական տրամադրություններ, ինչը ցանկալի չէ»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց, որ այն, ինչ Զատուլինն ասում է, առնվազն լկտիություն է, չի կարելի մի ամբողջ հասարակության կողմից ընտրված ղեկավարին այդ կերպ փնովել և բամբասել։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ այդ մարդը թույլատրելիության բոլոր սահմաններն անցնում է, և այստեղից էլ սկսում ես մտածել, թե նրան ձայնակցողներն ինչ դեր ունեն։ 

«Եթե նա Ռուսաստանի շահն է սպասարկում, ապա նրան ձայնակցողները Հայաստանում ինչի են Ռուսաստանի շահերը սպասարկում։ Ես կարծում եմ՝ դա Ռուսաստանի շահերին վնասող վարքագիծ է, քան նպաստող»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան