Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը դեմ է արտատարածաշրջանային զինված ուժերի ներկայությանը իր սահմանամերձ տարածքներում, սակայն ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը մինչ այժմ չի արձագանքել․ Իրանահայ փորձագետ

Իրանը դեմ է արտատարածաշրջանային զինված ուժերի ներկայությանը իր սահմանամերձ տարածքներում, սակայն ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը մինչ այժմ չի արձագանքել․ Իրանահայ փորձագետ
Հարցազրույց
18:00, 21 октябрь 2022
Civic.am-ի հարցերին պատասխանում է Իրանում բնակվող վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը։ 

- Պարոն Շահմուրադյան, տարածաշրջանն ուսումնասիրող մի շարք փորձագետների կարծիքով՝  ԻԻՀ-ի դերը 44-օրյա պատերազմից հետո նվազել  է, եթե չասնեք՝ Իրանը դուրս է մնացել տարածաշրջանում ակտիվ դերակատարությունից՝ իր տեղը զիջելով մասնավորապես Թուրքիային։ Կիսո՞ւմ եք  այս կարծիքը։  

-Իրականում Իրանի դերակատարությունը արցախյան 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այնքան էլ ակնառու և շոշափելի չի եղել։  Իրանը  արցախյան հակամարտության կարգավորման գործընթացներին միշտ լուսանցքային դերակատարություն է ունեցել Կովկասյան տարածաշրջանում,  քանի որ  հակամարտող կողմերի մեկնաբանությամբ՝ արցախյան գործընթացի կարգավորման հիմնական դերակատարները նախքան պատերազմը  համարվում էին ԵԱՀԿ Մինսկի համանախագահող խումբը և մասնավորապես գլխավոր դերակատար ուժը՝ Ռուսաստանը։  44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Իրանը զգաց, որ  նոր ուժեր ու արտատարածաշրջանային տերություններ,  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումները Ադրբեջանի և Թուրքիայի հրավերով ներթափանցել և ուղղակի մասնակցում են հայերի դեմ սանձազերծված պատերազմին, հայկական կողմը արդեն պարտության շեմին է, թեև ուշացումով ու անորոշ և Ռուսաստանի դիրքորոշումներին մոտ խաղաղարարական առաջարկներով պատերազմի վերջին օրերին դանդաղկոտ քայլերով փորձեց ինչ-որ դերակատարում ստանձնել հակամարտության կարգավորման գործընթացում։ Նշենք, որ «3+3» բանակցությունների ձևաչափով  փորձեց կողմերին հրավիրել խաղաղության սեղանի շուրջ, ձևաչափ, որը,  ինչպես գիտենք, մինչ այժմ որոշակի արդյունքի չի հանգել։ Պատերազմից հետո նույնպես Արցախում ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո էլ Իրանը որոշ ժամանակ համակերպվեց ստեղծված դրության հետ. ընդունեց ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախի տարածքում և իր սահմանամերձ շրջաններում,  փորձեց հակամարտող երկու կողմերի միջև խաղաղության և հրադադարի պահպանման կոչերով որոշակի  բալանսավորում ստեղծել, սակայն նկատի առնելով թուրք-ադրբեջանական դաշինքի ձևավորումը և Իսրայելի ուղղակի շփումների աճը Ադրբեջանի հետ և Թել-Ավիվի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական աջակցությունը, ինչպես նաև Բաքվի հերթական հարձակումներն ու ոտնձգությունները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ Իրանը հանգեց այն եզրակացության, որ այլևս հնարավոր չէ անգործության վիճակում մնալ, պետք է ինչ-որ կերպ, իր ռազմավարական և սահմանային անվտանգության շահերի ապահովման նպատակով, դիմել մեղմ ու կոշտ քայլերի, ագրեսոր ու Իրանի թշնամիների հետ ռազմական ու անվտանգային դաշինք ձևավորող կողմերին հասկացնել, որ Իրանը, ելնելով իր շահերից, անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների ցանկացած  փոփոխություն։ Այս մոտեցումն արտացոլված է  նախ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենիի՝ բաց տեքստով հայտարարության մեջ՝ Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, այնուհետև Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի շեշտակի ուղերձում՝ հղած Ադրբեջանի նախագահ Ալիևին, Աստանայի հանդիպման ընթացքում և դրան հաջորդած՝  Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի դիտարկման մեջ՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում. Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայմանը: Նույնը կարելի է ասել Իրանի մյուս ռազմական և քաղաքական բարձրաստիճան գործիչների  շղթայական հայտարարությունների մասին։  Իրանը, իր տեղը չզիջելով Թուրքիային կամ ՌԴ-ին,  վերջին օրերին՝ ի նշան իր վճռորոշ դերակատարության, ի դեմս Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմացամաքային ուժերի՝ Արաքսի շրջանում, Արդաբիլ և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգներում  նախաձեռնել է մեծ զորավարժություն։ Կարծում եմ՝  Իրանի իշխանությունների բարձրաստիճան պաշտոնատարների և ԻՀՊԿ-ի ու բանակի հրամանատարների հերթական հայտարարություններն ու գործնական քայլերը վկայում են, որ Իրանը այս անգամ ավելի հստակ, ձևակերպված և ուրույն քաղաքականություն է որդեգրել Կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների և սահմանային փոփոխությունների անթույլատրելիության նկատմամբ։ 

- Հոկտեմբերի 21-ին Կապանում բացվում է  ԻԻՀ հյուպատոսությունը, որի բացման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել  անցյալ տարեվերջին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ  Իրանը որոշեց ՀՀ-ում հյուպատոսություն բացել  44-օրյա պատերազմից հետո և հենց Սյունիքի մարզում։ Հաշվի առնենք, որ  Հայաստանի հարավային այս մարզի շուրջ մեծ աժիոտաժ կա՝  նկատի ունեմ «Զանգեզուրի միջանցքի» մասին  թուրք-ադրբեջանական հայտարարությունները։ Հյուպատոսություն բացելու   քայլն ինչպե՞ս կգնահատեք, տարածաշրջանին ուղղված ի՞նչ ազդանշան է սա։  

- Հայաստանում Իրանի հյուպատոսություն բացելու օրակարգն արդեն վաղուց քննարկման առարկա էր Իրանի և ՀՀ-ի միջև, սակայն հայկական կողմի վերապահության և ձգձգումների, այնուհետև  քաղաքական և Ադրբեջանի հետ Արցախի ու սահմանային հարցերի շուրջ ստեղծված  ռազմական բախումների հետևանքով այն երկար ժամանակով հետաձգվեց, մինչև որ  Ադրբեջանը  Հայաստանի հարավային սահմանների ուղղությամբ  ոտնձգություններ իրականացրեց,  թուրք-ադրբեջանական տանդեմն էլ «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի հարցը առաջ քաշեց  ՌԴ-ի  լռության պայմաններում։ Թերևս բոլոր  կողմերին կսթափեցնի Սյունիքի մարզկենտրոնում  ԻԻՀ հյուպատոսության բացումը,  որի նպատակների ու գործառույթի մասին արդեն շատ է խոսվել, և դա բոլորի համար արդեն պարզ է։ Սակայն դրան զուգահեռ և առավել կարևոր քայլը պետք է լինի Իրանի Թավրիզ քաղաքում ՀՀ հյուպատոսության բացումը, որի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և շուտով դա ևս տեղի կունենա։ Ավելացնեմ նաև, որ Իրանին խիստ մտահոգում են ադրբեջանա-իսրայելական սերտաճող ռազմաքաղաքական, հետախուզական և անվտանգային կապերն ու համագործակցությունների աճը, ինչը կատարվում է հենց Իրանի սահմանակից տարածքներում և Արցախի հարավային շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանի ագրեսոր բանակի վերահսկողության տակ։  Իսկ եթե թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվի ՌԴ-ի  համագործակցությամբ ՀՀ հարավային՝  ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում, ինչպես իրանցիներն են ասում՝ ստեղծել «Թուրանական» միջանցք, դա արդեն ուղղակի Իրանին կտրում է ՀՀ-ի  և Վրաստանի տարածքով  դեպի Սև ծովի  եվրոպական երկրներ և Ռուսաստան հասանելիությունից, Իրանի այլընտրանքային հաղորդակցության ճանապարհներից, որը Իրանի համար կբերի ծանր հետևանքներ։ Հատկապես նկատի ունենալով, որ այդ կեղծ պլանում մեծ դերակատարություն ունեն թուրքական և իսրայելական գործակալները, ինչն իրոք Իրանը չի կարող հանդուրժել։ Կապանում Իրանի հյուպատոսության բացումն ու տեղակայումը վկայում է դրա մասին, և դրան հաջորդելու է Իրանի այլ տեսակի՝ տնտեսա-քաղաքական, քաղաքակրթական-մշակութային  ուժեղ ներկայությունը Հայաստանում։ 

- Արդեն հայտնի է, որ ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն քաղաքացիական դիտորդներ են ուղարկել ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայվելու և ՀՀ-Ադրբեջան սահմանագծման աշխատանքների համար խաղաղ միջավայր ապահովելու համար։  Իրանի  իշխանական վերնախավն ինչպե՞ս է արձագանքում քաղաքացիական  դիտորդական առաքելության տեղակայմանը։  Նկատենք, որ ԻԻՀ  նախագահ Ռաիսին վերջերս հայտարարեց, որ  իրանական կողմի համար անընդունելի է տարածաշրջանում «եվրոպական զինվորական ներկայություն՝ ցանկացած պատրվակով»:

- Մինչ այժմ Իրանը որոշակի մոտեցում չի ընդունել ԵՄ և ԵԱՀԿ քաղաքացիական դիտորդների տեղակայման մասին՝ հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով, և կարծում եմ, որ այդ մասին փոխհամաձայնություն է կայացել Իրանի իշխանությունների և Հայաստանի ու միջազգային դիտորդների հետ։ Ավելին՝ Իրանի իշխանությունները մինչ այժմ քանիցս հայտարարել են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի, սահմանների անխախտելիության և միջնորդական, բանակցային գործընթացներով։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցության խաղաղ ճանապարհով և արտատարածաշրջանային ուժերի միջամտությունից զերծ պայմաններում,  Իրանը նաև համոզված է, որ որոշ տերությունների, ինչպես՝ Իսրայելի և Թուրքիայի կողմից  Ադրբեջանին հանձնարարված է Կովկասում նոր առաքելություն իրականացնել՝  ընդդեմ Հայաստանի և Իրանի։ Իրանը բազմիցս է հայտարարել, որ դեմ է արտատարածաշրջանային զինված ուժերի ներկայությանը իր սահմանամերձ տարածքներում, հատկապես, երբ դա արվում է առանց իր մասնակցության։ Սակայն Հայաստան-Ադրբեջան սահմանների երկայնքով  ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մասին մինչ այժմ Իրանը չի փորձել արձագանքել, և սա նշանակում է, որ Իրանը «հոգու խորքում» դեմ չէ միջազգային քաղաքացիական խաղաղապահ կամ դիտորդական առաքելության իրականացմանը հայ-ադրբեջանական սահմաններին՝ պայմանով, որ դա ուղղված չլինի Իրանի անվտանգային շահերի դեմ, և Իրանը պատշաճ կերպով նաև տեղեկացված  լինի խաղաղապահական առաքելության գործընթացներին։ Իհարկե խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված երկրները ևս կարևոր են Իրանի համար, և այդ մասին, կարծում եմ, անպայման պետք է Իրանի հետ խորհրդակցություններ անցկացվեն ու ձեռք բերվի  իրանական կողմի վստահությունն ու համաձայնությունը։  

- ԻԻՀ բարձր  ղեկավարությունը քանիցս շեշտել է, թե չի հանդուրժի պատմական սահմանների, հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն: «Չհանդուրժել» ասվածը ի՞նչ է ենթադրում։ Նկատենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ի  ռազմական ագրեսիայի միջոցով խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, սակայն Իրանի կողմից գործուն միջամտություն կարծես թե չենք տեսնում սահմանախախտին զսպելու առումով։   

- Անկասկած է, որ ամեն մի երկրի սահմանների անվտանգության և տարածքային ամբողջականության  ապահովումը վերապահված է ցանկացած երկրի զինված ուժերին։ ՀՀ-ի պարագայում ևս։ Նշեմ, որ ի տարբերություն ՌԴ-ի՝ Իրանը ՀՀ-ի հետ ոչ մի ռազմական և անվտանգային պայմանագիր չունի,  միասնական անվտանգային դաշինքի անդամ չի, ուստի Իրանը պարտականություն չունի իր հարևան երկրի սահմանների պաշտպանության համար դիմել որևէ ռազմական գործողության։ Հայաստանը  ՀԱՊԿ-ի անդամ է, ՌԴ-ի  ռազմական և տնտեսաքաղաքական դաշնակիցը, մինչդեռ նույն ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը միանգամայն անտարբեր են Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի սահմանների նկատմամբ կատարվող հարձակումների նկատմամբ։ Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի կողմից վերջին օրերին անցկացված «Հզորություն» անունով զորավարժությունները հստակ ուղերձ են Իրանի թշնամիներին,  նրա արտատարածաշրջանային մեծ ու փոքր թշնամիներին, որ Իրանը պատրաստ է իր անվտանգության դեմ ուղղված ցանկացած դավադրական գործողության կոշտ ու ցավ պատճառող պատասխան տալ։  Սակայն Հայաստանն իր սահմանների պաշտպանության, ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցով, որքան տեղյակ ենք, ոչ մի պաշտոնական դիմում չի հղել Իրանին, չնայած Իրանը հայտարարել է, որ տարածաշրջանում իր ռազմավարական շահերի դեմ ուղղված ցանկացած քայլի կպատասխանի  համապատասխան ձևով ու միջոցների կիրառմամբ։    

Հեղինե Մանուկյան