Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիտորդները պետք է ավելի վաղ գային, որպեսզի տեսնեին ու արձանագրեին, թե կողմերից որ մեկն է հարձակվողը․ Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր

Civic.am-ի զրուցակիցն է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը։

-Պարոն Արին, Բրյուսելը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության դարաշրջանի բացմամբ, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մի կողմից բանակցում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի շուրջ, մյուս կողմից հարձակվում է Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։ Ձեր կարծիքով Ադրբեջանն իրականում պատրա՞ստ է խաղաղության։

-Շատ կարևոր է, որ այս հարցը նորից գնա Մինսկի խումբ, որրովհետև այս հարցն առանց քաղաքական մոտեցման չի լուծվի։ Եվրոպան պետք է այս հարցը բերի սեղանի շուրջ, որտեղ քննարկումներ կլինեն այնքան, մինչև գան համաձայնության։ Ես այդպես եմ տեսնում հարցի լուծումը։

-Արցախյան հարցը երկար տարիներ Մինսկի խմբի շրջանակում էր, բայց կարծես Ադրբեջանը այդ հարցը դուրս է մղել Մինսկի խմբից՝ որոշակի չափով պատերազմով է լուծել, իսկ հիմա էլ ասում է՝ Ղարաբաղի հարց գոյություն չունի։ Կարճ ժամանակ առաջ ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ Արևմուտքը կողմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, սակայն ինքն առաջարկում է հետաձգել հարցի լուծումը։ Ո՞ր ուղղությամբ պետք է գնա Հայաստանը։ 

-Հայաստանը հիմա ժողովրդավարական երկիր է, պատահական չէր Նենսի Փելոսիի այցը։ Ժամանակ է պետք, որ Եվրոպայի երկրները միանան, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ հայտարարեց, որ Հայաստանի կողմից է։ Սա նշանակում է, որ փոփոխություններ են լինում։ Երբ դու ժողովրդավարական երկիր ես, ժողովրդավարական երկրներն էլ քեզ կօգնեն։ 

-Մի քանի օր է, ինչ ԵՄ-ի դիտորդական առաքելությունը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից։ 2 ամիսը բավակա՞ն է, որ Ադրբեջանն իրեն հետագայում էլ զուսպ պահի և չհարձակվի հայկական բնակավայրերի ուղղությամբ։   

-Դիտորդները պետք է ավելի վաղ գային, որպեսզի տեսնեին ու արձանագրեին, թե կողմերից որ մեկն է հարձակվողը։ Հայտնի է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն է հարձակվել, Ադրբեջանի նարատիվը չաշխատեց և սեպտեմբերի 17-ին Նենսի Փելոսին եկավ Հայաստան։

-Ֆրանսիայի մի շարք քաղաքներ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հայտարարություններ են արել, Փարիզի քաղաքային խորհրդի ընդունած այդ բանաձևը պետք է քննարկվի սենատում: Շվեդիայում ի՞նչ հայանպաստ գործընթաց է իրականացվում։

-Շվեդիայի խորհրդարանում հայ-շվեդական խումբ կա՝ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից։ Երբ որևէ դեպք է պատահում՝ կոչ ենք անում, բայց բացի հայ-ադրբեջանական հարաբերություններից, այդ խումբը զբաղվում է նաև Հայաստանում ինստիտուտների, տնտեսական կապերի զարգացման հարցերով։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում