Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոչիում Հայաստանը դիմագրավեց Ռուսաստանի կողմից աննախադեպ ճնշման մի ալիքի. պրոցեսը կարող է հաջողություն ունենալ ոչ թե ՌԴ-ի հետ, այլ առանց ՌԴ-ի. Ռուբեն Մեհրաբյան․ ուղիղ

Սոչիում Հայաստանը դիմագրավեց Ռուսաստանի կողմից աննախադեպ ճնշման մի ալիքի. պրոցեսը կարող է հաջողություն ունենալ ոչ թե ՌԴ-ի հետ, այլ առանց ՌԴ-ի. Ռուբեն Մեհրաբյան․ ուղիղ
Հարցազրույց
17:04, 01 ноябрь 2022
«Երեկ Սոչիում տեղի ունեցավ այն, որ Հայաստանը դիմագրավեց վերջին շրջանում Ռուսաստանի կողմից աննախադեպ ճնշման մի ալիքի։ Եվ կյանքը ցույց տվեց, որ Ռուսաստանի պրետենզիաները որևէ առնչություն չունեն և չեն կարող ունենալ Ռուսաստանի կարողությունների հետ։ Հետևաբար անհրաժեշտ էր, որ Ռուսաստանն ինքը համոզվի՝ ինչի է նա ընդունակ, ինչի՝ ոչ, և նույնիսկ խաբելը չստացվեց, որովհետև ռուսական ներկայիս վարչախումբը խաբում է ավելի խորը և ավելի հաճախ, քան շնչում է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով երեկ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունը։ 

Վերջինիս խոսքով՝ փաստորեն այլևս Երևանում իլյուզիաներ չկան, և ռուսների մոտ այդ խաղն էլ չստացվեց, ուղղակի այդ հնամաշ խայծը, որը «Վալդայում» Պուտինը փորձեց գցել հայ ժողովրդին, ուտող չեղավ, ով էլ փորձում էր ցույց տալ, թե իբր կերել է, նա էլ անկեղծ չէր։

Քաղաքագետի խոսքով՝ այդ «լազարևյան» հովերով իբր տարվածները լուծում են զուտ կամ կարճաժամկետ բիզնես խնդիր, կամ քաղաքական խնդիր, բայց նրանք ևս անկեղծ չեն, նրանք շատ լավ հասկանում են փոփոխվող ուժերի հարաբերակցությունը։

Խոսելով այն մասին, թե ինչու Սոչիում խոսք չգնաց 15-կետանոց պայմանագրի ստորագրման մասին, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր ստորագրել, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ դա շատ պարզ է. որովհետև ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը դրա հետ չէր համաձայնելու, և երկրորդը՝ Ռուսաստանն էլ չի ցանկանում կամ չի կարողանում Ադրբեջանին այդ կետերը պարտադրել։ 
          
«Հետևապես ինչով է այս ամենը վերջանում, նրանով, որ մենք գիտեինք, որ «լեռը ծնելու էր մուկ», իսկ մուկ էլ չեղավ, այլ մի ինչ-որ սատկած ոջիլ և ուղղակի մի ողորմելի պատկեր, որը ցույց է տալիս այսօրվա Ռուսաստանի և՛ փայլը, և՛ թշվառությունը միաժամանակ։ Կողմերը հիմա պատրաստվելու են հետագա հանդիպումներին արևմտյան հարթակներում, բնականաբար, որովհետև պրոցեսը շարունակվելու է, և այո՛, ժամանակն է  հասկանալ, որ այս պրոցեսը կարող է հաջողություն ունենալ ոչ թե Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանի միջնորդությամբ, այլ առանց Ռուսաստանի, ի հեճուկս Ռուսաստանի, և քաղաքականապես էլ, եթե կուզեք, ի հաշիվ Ռուսաստանի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 
 
Անդրադառնալով Ստեփանակերտի հանրահավաքին՝ քաղաքագետն ասաց, որ այդ հանրահավաքը երկու շերտ ուներ. մի շերտը մարդիկ են, որոնք, այո՛, անորոշության մեջ են, մարդիկ հավաքվելու կարիք են տեսնում, հավաքական կամք հայտնելու մղում ունեն, ինչը միանգամայն ողջունելի է, առողջ, հասկանալի և բնական, բայց մյուս կողմից էլ՝ կա ռուսական շահերը սպասարկող, այդ կյանքով ապրած, ոմանք նաև կոռումպացված, որոնք նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկն են, այդ հավաքված մարդկանց տակ դրեցին ուղղակի մի ապուշ փաստաթուղթ։  

«Դու դիմում ես Վլադիմիր Վլադիմիրովիչին չգիտեմ հանուն ինչի, խնդրանքով, որ նա անի հակառակը այն ամենի, ինչ նա հայտարարել է 2020 թվականի դեկտեմբերին, ու Հայաստանից պահանջում ես, թե հանկարծ, նայեք... և  այլն, և այլն։ Սա նախևառաջ անպատասխանատվություն է  սեփական ճակատագրի նկատմամբ, և երկրորդն էլ՝ ուղղակի այդ մարդիկ իրենց դուրս են դնում գործընթացից, բայց իրենց այդպիսի տհաս պահվածքով նաև այդ հավաքված մարդկանց գլխին են խաղ խաղում՝ առանց իրենց հաշիվ տալու դրա մասին։ Իսկ Սոչիում, այո՛, այդ հարցը չլուծվեց և չէր էլ կարող լուծվել, որովհետև Ալիևը չի ուզում, իսկ Պուտինն էլ չի ուզում Ալիևին որևէ ձևով նեղացնել, որովհետև Պուտինի հաշիվն ուրիշ է։ Ի դեպ, կարևոր է, որ մենք հասկանանք՝ ինչ է լինելու սրանից հետո Ռուսաստանի կողմից. Ռուսաստանը ձեռքը  գցելու է այնտեղ, որտեղ ձեռքը հասնում է, դրանք միայն հայկական շահերն են»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։       

Մանրամասները՝ տեսանյութում 

Լիլիթ Թադևոսյան