Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգ ապրելու վերաբերյալ Ստեփանակերտի հանրահավաքում հնչեցված ազդակները դրական են նաև միջազգային հանրության համար․ Թագուհի Ղազարյան․ տեսանյութ

«Սոչիում վերահաստատվեցին Պրահայի պայմանավորվածությունները։ Առավել կարևոր էր արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի խոսակցությունները բոլոր հարթակներում նույնական են, և դա, իմ կարծիքով, ամենակարևոր ձեռքբերումն էր այդ հանդիպումից»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Պատգամավորը նշեց, որ Սոչիի հանդիպումը չի ստվերել Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, և դա դիվանագիտական աշխատանքի արդյունքն է. չարագուշակ կանխագուշակումներ էին լինում, թե կարող են տարբեր հարթակներ միմյանց խոչընդոտել, բայց, բարեբախտաբար, մեր ճկուն աշխատանքի շնորհիվ այդ հանդիպումները ոչ միայն միմյանց չեն ստվերում, այլև օժանդակում են միմյանց։

 Խոսելով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի և այնտեղ հնչած հայտարարությունների մասին՝ Թագուհի Ղազարյանն ասաց, որ այդ հանրահավաքը շատ առումներով դրական է գնահատում, որովհետև հանրահավաքի արդյունքներից մեկն այն էր, որ ցույց տրվեց՝ Ստեփանակերտում կա մեծ բնակչություն։

«Այսինքն՝ Ղարաբաղի այն հատվածում, որտեղ ռուսական խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը, շարունակում է լինել մեծ թվով բնակչություն, պարզ է, որ ողջ բնակչությունը չէր հավաքվել, այլ միայն մի մասը։ Եվ հայտարարությունները առ այն, որ այնտեղ քիչ մարդիկ են, և ընդամենը  մի քանի հազար անձնագրեր բաժանելու խնդիր կա, այդ հարցը արագ կարող է լուծվել այդպիսի ուղղությամբ, առ ոչինչ դարձան, որովհետև Ղարաբաղում շարունակում են ապրել մեծ թվով հայեր, և մեր խնդիրը շարունակում է մնալ նրանց անվտանգությունն ու իրավունքները ապահովելը։ Դա այն դրական արդյունքն է, որն արձանագրում եմ»,- ասաց Թագուհի Ղազարյանը։ 

Նրա խոսքով՝ հընթացս որոշակի աշխարհաքաղաքական բևեռվածության նոտաներ նկատվեցին արդեն, որի համար բնավ չի կարող մեղադրել այնտեղ հավաքված ժողովրդին, որովհետև ակնհայտ է, որ նրանք հավաքվել էին իրենց իրավունքները պաշտպանելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան