Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ևս չենք ցանկանում Հայաստանում ունենալ օտար զորքեր, սակայն Հայաստանի համար կարևոր է միջազգային գործընկերների աջակցությունը. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Սոչիի հայտարարության մեջ դրական արձանագրումներ է տեսնում, մասնավորապես՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների վերահաստատումը՝ կապված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սահմանների հետ, որտեղ նշվում է, որ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները հանդիսանում են ԽՍՀՄ-ից անկախացած պետությունների պետական սահմաններ։ «Տպավորություն կար, որ Ադրբեջանի կողմից Սոչիում փորձ է արվելու զրոյացնել Պրահայի պայմանավորվածությունները, որովհետև Ադրբեջանի համար սահմանների արձանագրումը այդքան էլ հաճելի չէ։ Մեզ հաջողվեց Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները պահել և ընդհուպ ամրացնել», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։  

Ըստ Հովհաննիսյանի՝ հայկական կողմը հույս է ունեցել, որ Սոչիում Ռուսաստանը կկարողանա պնդել և առաջ տանել իր առաջարկները, որոնց Հայաստանը դեռևս սեպտեմբերին տվել է իր համաձայնությունը։ «Հանդիպման ընթացքում վարչապետը ի՛նքն է պնդել ռուսական առաջարկը, պնդել է նաև, որ հայտարարության տեքստում հղում արվի ռուսական առաջարկներին, ինչը չի հաջողվել, բայց այս էջը փակ չէ, պետք է աշխատանքներ իրականացնենք։ Ռուսական կողմը պետք է շարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որովհետև այս պահին Հայաստանի Հանրապետությունը որևէ առարկություն չունի այս իմաստով, և միակ կողմը, որ խոչընդոտ է հանդիսանում և չի համաձայնում ռուսական առաջարկներին՝ Ադրբեջանն է, և մենք պետք է շարունակենք աշխատել՝ հույս ունենալով, որ որևէ կետով եզրեր կգտնենք»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Արևմտյան հարթակն, ըստ Հովհաննիսյանի, դեռ ակտուալ է, և դրա վկայությունն է, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը արտացոլվել է Ռուսաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ, ինչը նշանակում է, որ Արևմուտքում տեղի ունեցած հանդիպումը շատ արդյունավետ էր։ «Սա նշանակում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկների միջև հակադրումը այնքան էլ տեղին չէ, որը նաև մեր ներքաղաքական որոշ շրջանակների կողմից է տարածվում, որովհետև հասկանում ենք, որ դրանք մեծամասամբ նույնն են՝ սկզբունքները նույնն են։ Տարբերությունն այն է, որ Ռուսաստանը առաջարկում է հետաձգել հարցի լուծումը, Արևմուտքը առաջարկում է լուծել հարցը, բայց, ըստ էության, ադրբեջանական կողմը ո՛չ արևմտյան առաջարկներին է համաձայնել, ո՛չ ռուսական»,- նշեց ՔՊ խմբակցության քարտուղարը։  

Հովհաննիսյանի կարծիքով՝ իրենց դեռևս հաջողվում է այնպես անել, որպեսզի Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում եղած խնդիրները չտարածվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։ 

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ Ադրբեջանի նախագահը ստիպված է եղել ուժի միջոցով լուծել Ղարաբաղի խնդիրը, քանի որ հայկական կողմը չէր համաձայնում վերադարձնել ադրբեջանական յոթ շրջանները, Հովհաննիսյանն ասաց. «Ցավով եմ արձանագրում, որ ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարը կարող է նման հայտարարություններ անել, որովհետև դա վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Ադրբեջանը ներխուժել է ոչ միայն Հայաստանի տարածք, այլև Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ, և երբ ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկը նմանաբովանդակ հայտարարություն է անում, ապա բացահայտում է խնդիրների մի մասը, թե ինչու մենք խնդիրներ ունենք, ու չկա պատշաճ արձագանք ՀԱՊԿ-ի կողմից»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ շրջանների վերադարձի հետ կապված Լուկաշենկոն կրկնել է Ալիևի թեզը։ 

Հայաստանի իշխանությունները, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ հետևություններ արել են, և դրա հետևանքն է, որ այս պահին Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ այս մակարդակի են բարձրացել, դրա հետևանքով է, որ մեր իշխանությունները բաց և ուղիղ իրենց բոլոր գործընկերների հետ կարողանում են խոսել և ներկայացնել հայկական կողմի սկզբունքները։ 

Անդրադառնալով Իրանից հնչող հայտարարություններին, թե վերջիններս կողմնակից չեն տարածաշրջանում օտար զորքերի ներկայությանը, Հովհաննիսյանն ասաց, որ իշխանությունը ևս չի ցանկանում Հայաստանում ունենալ օտար զորքեր, և Հայաստանն այժմ իր ուժերով է ամեն ինչ անում սեփական սահմանները պաշտպանելու համար, սակայն պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու հետ, դրա համար Հայաստանի համար կարևոր է իր միջազգային գործընկերների աջակցությունը, և Իրանի հետ հարաբերություններում Հայաստանն ամեն ինչ անում է, որ հնարավորինս հասկանալի լինի իր գործընկերների համար։ «Կարծում եմ՝ մեր ու Իրանի հարաբերությունները այս պահին բավականին ջերմ ու բարձր մակարդակի վրա են, և այս համատեքստում կարծում եմ, որ բավականին բաց խոսում ենք և փոխադարձաբար հարգում ենք միմյանց պետական շահերը և փորձում ենք ճկուն լինելով հնարավորինս լավ լուծման գալ տարածաշրջանի համար, որովհետև երբ խոսում ենք խաղաղության մասին, խոսում ենք տարածաշրջանի խաղաղության մասին, ոչ թե միայն ՀՀ սահմաններին խաղաղության մասին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան