Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե «վաշինգտոնյան պլանով» ֆիքսվի «Լեռնային Ղարաբաղ» կապակցությունը, դա շատ դրական և ողջունելի քայլ կլինի. Արցախի ԱԺ պատգամավոր

Եթե «վաշինգտոնյան պլանով» ֆիքսվի «Լեռնային Ղարաբաղ» կապակցությունը, դա շատ դրական և ողջունելի քայլ կլինի. Արցախի ԱԺ պատգամավոր
Հարցազրույց
17:07, 07 ноябрь 2022
Նախորդ շաբաթ Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից  կարճ ժամանակ անց Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից, արդյոք կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ, որը կլինի ավելի հայանպաստ, ավելի կոնկրետ՝ արցախանպաստ, քան Սոչիի հայտարարությունն էր, որտեղ չի գործածվում  «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Հանդիպումը, նկատենք, տեղի է ունենում «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հավաստիացումից հետո, թե  այսպես կոչված՝ «վաշինգտոնյան փաստաթղթով» «ճանաչվում է  Ադրբեջանի վերահսկողությունը  Արցախի նկատմամբ»։ 

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում  տեղի ունենալիք հանդիպմանն ընդառաջ  կիսվեց իր ակնկալիքներով։ «Ականատեսն ենք մի գործընթացի, երբ հստակ ընդգծվում է ձևաչափերի պայքարը, որտեղ ամեն բևեռ փորձում է իր ազդեցութունը տարածաշրջանում էլ ավելի մեծացնել։ Եվ կարծում եմ՝ առիթ է, որ արևմտյան կողմը ապացուցի, որ, այսպես կոչված,  «վաշինգտնյան պլանը», որով, ինչպես ռուսական կողմը  օրեր առաջ հայտարարեց,  Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում, այդպիսի բան չի ենթադրում։ Այժմ ստեղծվել է առիթ, որ իրենք իրենց գործուն քայլերով դա ապացուցեն։ Եթե դա իրոք այդպես չէ, մենք, կարծում եմ, պետք է միայն ուրախ լինենք, որ վաշինգտոնյան «պլանով» կամ տարբերակով այլ բան ֆիքսվի։ Օրինակ՝ Սոչիի հայտարարության մեջ, ցավոք, չհաջողվեց ԼՂ-ի մասին հիշատակում անել, եթե վաշինգտոնյան տարբերակում ԼՂ-ն ֆիքսվի, սա միայն դրական է և ողջունելի։ Սակայն ես կարծում եմ, որ դա որպես իրատեսական տարբերակ այս փուլում չի հաջողվելու, քանի որ Ադրբեջանն այժմ բավականին մաքսիմալիստական դիրքերից է հանդես գալիս, պատերազմի հաղթանակով դեռևս չափազանց ոգևորված են, և, անկեղծ ասած, իրատեսական տարբերակ ես այսօր համարում եմ արցախյան խնդրի առկախումը, սառեցումը անորոշ ժամանակով՝ մինչև ուժային բալանսը վերականգնվի, և աշխարհաքաղաքական իրավիճակը շատ ավելի հանդարտվի։ Այդ ժամանակ, կարծում եմ, Ադրբեջանն ավելի կառուցողական դիրքերից կսկսի բանակցել, այժմ նրանք մաքսիմալիստ և  ապակառուցողական են, իսկ նման պահվածքով հնարավոր չի լինելու այս փուլում շոշափելի արդյունք գրանցել։ 

 - Այսինքն՝ ՀՀ իշխանությունների լավատեսությունը, որ հնարավոր է՝ մինչև տարեվերջ ստորագրվի խաղաղության համաձայնագիր, իրատեսական չէ, Դուք չեք կիսում այդ լավատեսությունը։

- Ցանկություններով առաջնորդվելու դեպքում բոլորս էլ կուզեինք, որ այսօր խաղաղության մեջ ապրեինք, մեր կենսաբանական ու գոյաբանական շահերն այդ խաղաղության մեջ արտացոլվեին։ Բայց իմ անձնական տեսակետն այն է, որ իրատեսական չէ այս փուլում նման հեռանկարը, կրկնում եմ՝ Ադրբեջանի մաքսիմալիստական հռետորաբանության ու կեցվածքի հետևանքով։ 

- Սոչիի հայտարարության մեջ, ինչպես նկատեցիք, հիշատակում չկա Արցախի մասին, կա ընդամենը սեղմ բնորոշում և ակնարկ՝ ռուսական խաղաղապահության տեղակայման գոտի։ Նման ձևակեպումը մտահոգիչ չէ՞ Արցախի համար։

- Իհարկե մտահոգիչ է, նաև Հայաստանի համար է մտահոգիչ։ Բայց նաև հասկանալի է, թե որտեղ են թաքնվում սրա արմատները։ ՌԴ-ի՝ ուկրաինական կոնֆլիկտում խրված լինելը Ադրբեջանը մաքսիմալ օգտագործում է, և, ցավոք սրտի, ոչ հայկական, ոչ ռուսական կողմին չհաջողվեց Սոչիի հայտարարության մեջ գործածել անհրաժեշտ տերմինաբանություն, որը ցանկալի կլիներ։ Սակայն մյուս կողմից էլ  բանակցություններն ունեցել են նաև ոչ հրապարակային մաս, որի ժամանակ մեծ քննարկում է տեղի ունեցել, և, ինչպես ՀՀ վարչապետը ակնարկեց, մեզ թեև չհաջողվեց նաև խաղաղապահների մասով պայմանավորվածության գալ,  բայց, այսպես ասած,  օրակարգային հարց դարձավ խաղաղապահների գործունեության երկարացման հարցը։ Ես կարծում եմ, որ նման կուլիսային շատ բաներ կան, որոնց մասին չի խոսվում։ Սրա մասին են հուշում բանակցություններից հետո ռուսական կողմից եկող մեսիջները, մասնավորապես ՀՀ-ում ՌԴ դեսպանը նորից ընդգծեց,  որ ռուսական  կողմի դիրքորոշումն է ԼՂ կարգավորման հարցը  ապագա սերունդներին թողնելը։ Սա, չեմ կարծում, զուտ միայն դեսպանի տեսակետն է, սա ռուսական կողմի դիրքորոշումն է, և, այսպես կոչված, «խովաևյան առաջարկների» մեջ ևս այդ դիրքորոշումը տեղ գտավ՝ ԼՂ հակամարտության կարգավորումը թողնել  ապագային  (Իգոր Խովաևը  ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն է-խմբ.)։   ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես իր ասուլիսում ակնարկեց այդ մասին։ Սա նշանակում է, որ թեև Սոչիի հայտարարության մեջ ուղիղ չխոսվեց ԼՂ խնդրի մասին, սակայն հայտարարությունից դուրս  հարցը մնաց օրակարգում։   
- Այսինքն՝ դուք խնդիր չեք տեսնում այն բանում, որ ԼՂ խնդրի կարգավորումը վերապահվի գալիք սերունդներին։  Այդ տեսակետը կիսո՞ւմ են Արցախում, թե՞ այլ լուծում են պատկերացնում՝ հաշվի  առնելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի այն հայտարարությունը, որ ԼՂ-ն եղել է Ադրբեջանի մաս։         

- Սա է միակ իրատեսական տարբերակը, նաև՝ քիչ թե շատ հայանպաստ՝ հարցը առկախել։ Արցախի ԱԽ հայտարարությունը ևս այդ բովանդակությունն ուներ, նաև ԱՀ ԱԺ-ի վերջին հայտարարությունը՝ «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից առաջ, այդ մոտեցման  օգտին էր։  Ինչ վերաբերում է Վ. Պուտինի՝ ձեր մեջբերած հայտարարությանը, ապա ես չէի ցանկանա միայն դա առանձնացնել, նա նաև հայտարարություններ է արել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, նույն արցախյան հակամարտության՝ էթնիկ խնդիր լինելու մասին։ Եվ հիմա չեմ կարծում, թե մեր շահերից է բխում այն հայտարարություններն առանձնացնելը, որոնք նվազ հայանպատ են կամ ոչ հայանպաստ են։ Դա Ադրբեջանի անելիքն է՝ ՌԴ նախագահի խոսքերից հանել այնպիսի դիտարկումներ, որոնք հայկական կողմին ի նպաստ չեն։ Իսկ մենք, որպես հայկական կողմ, պետք է այն մտքերի, հայտարարությունների  վրա անենք շեշտադրումները, որոնք հայանպաստ են, և առաջ մղենք հայկական օրակարգը, ոչ թե՝ ադրբեջանական։ 

- Հոկտեմբերի սկզբին Արցախի ԱԺ 5 խմբակցությունները հայտարարություն տարածեցին, որով  դիմեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ինչպես նաև ՄԱԿ անդամ մյուս երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Ի՞նչ քայլեր են արվել այդ հայտարարությունը կյանքի կոչելու ուղղությամբ։ Բավարարվեցիք միայն հայտարարությա՞մբ, թե՞  գործնական քայլեր եք անում այդ ուղղությամբ։    

- 30 տարի է՝ մենք այդ ուղղությամբ գործողություններ ենք անում՝ իրացրել ենք մեր ինքնորոշման իրավունքն ու խնդիր ենք դրել, որ աշխարհն էլ ընդունի և ճանաչի մեր այդ՝ իրացված  իրավունքը։ Բնականաբար, պարբերաբար հայտարարություններ են արվում, և մեր հայտարարության կարևոր շեշտադրումներից մեկն էլ այն էր, որ չպետք է երկակի ստանդարտներ բանեցվեն ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման հարցում՝ կոնկրետ դեպքերով  ճանաչելով այդ իրավունքը, մնացած դեպքերով՝ ոչ։  Այսինքն՝ Արցախյան հակամարտությունը ևս պետք է  իր արդարացի լուծումը ստանա, և ճանաչվեն Արցախի ժողովրդի իրավունքները։ Որքանով դա հնարավոր է, որքանով Արցախի՝ չճանաչված լինելու պարագայում մեր ձեռքերը բացված են՝ մենք մշտապես աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ և միայն այդ հայտարարությամբ չենք սահմանափակվել։ Եվ նաև ընդգծեմ, որ ՀՀ-ն նույնպես մեզ հետ պետք է շարունակի համահունչ գործել։ 

- Գործարար Ռուբեն Վարդանյանն օրերս ստանձնեց Արցախի պետնախարարի՝ բավական ընդլայնված լիազորություններով պաշտոնը։ Ի՞նչ ակնկալիք ունեք Վարդանյանի նշանակումից, որը  շատերը որակեցին որպես իշխանության սահուն փոխանցման ակտ։ Իրո՞ք այդպես է։

- Հարցի վերջից կուզեի սկսել պատասխանել՝ հիմա Արցախն այնքան դժվար հանգրվանում է, որ  այսօր խոսել  միայն իշխանությունից՝ տեղին չէ, ես կուզեի խոսել առաջին հերթին պատասխանատվությունից, պատասխանատվություն կիսելու և պատասխանատվության որոշակի աստիճան նաև փոխանցելու մասին։ Արցախում այսօր իշխանություն լինելը չափազանց դժվար է, երևի ամեն տեղ է դժվար, բայց հաշվի առնելով հետպատերազմական այս դժվար իրավիճակը՝ Արցախում կրկնակի դժվար է։ Ես չեմ ուզում նշանակումը իշխանություն փոխանցելու տրամաբանության մեջ դիտարկենք, այլ, ինչպես ասացի, պատասխանատվության որոշակի մաս փոխանցելու պրիզմայով։ Իսկ սպասումները պարոն Վարդանյանից շատ մեծ են, նա Արցախում հայտնի է դեռ վաղուց, իր բարեգործական բազմաթիվ ծրագրերով։ Նրա առաջին հայտարարությունը, որ մտադրություն ունի հաստատվել  Արցախում,  բավական ոգևորեց  Արցախի բնակչությանը։ Եվ հիմա, երբ նա նաև պատասխանատվություն է ստանձնել, բնականաբար, մեծ սպասումներ կան նրանից։  Ինչքանով դրանք կարդարանան՝ ցույց կտան ժամանակն ու պարոն Վարդանյանի աշխատանքի արդյունքները։ 

Հեղինե Մանուկյան