Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը պետք է քաղաքական գնահատական տա անցյալ տարվա մայիսից մինչև այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակին. Սարգիս Խանդանյան․ տեսանյութ

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչից հետո Բլինքենը հետևյալ հայտարարությունն է արել. «Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ավելի քան երեսուն տարիները ահռելի մարդկային ու նյութական կորուստների են հանգեցրել, մարդկային կյանքեր խլել՝ թողնելով սպիներ, որոնք խորն են: Բայց այժմ մենք երկու երկրներից էլ տեսնում ենք իրական ու համարձակ քայլեր՝ անցյալը hետևում թողնելու և դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ»։ 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։  
«Ես կարծում եմ, որ երկու կողմերի ցանկացած հանդիպում մեկ քայլ առաջ պետք է համարել, և կարևոր է, որ այս քայլերը շարունակական են, և խոսակցությունը շարունակվելու է։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք մենք ցանկանում ենք օր առաջ լուծել, և մտադրություն ունենք հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը: Եվ այս առումով արտգործնախարարների հանդիպումը շատ կարևոր էր»,- ասաց Սարգիս Խանդանյանը։

Պատգամավորը  ենթադրում է, որ խոսակցության թեման եղել են նաև այն առաջարկները, որոնք մինչ այս պահը եղել են երկու կողմից՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։

Խոսելով ՀԱՊԿ-ի գործունեության մասին՝ պատգամավորն ասաց, որ իրենց դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ-ը, որպես կառույց, առաջին հերթին պետք է քաղաքական գնահատական տա տեղի ունեցածին՝ անցյալ տարվա մայիսից մինչև այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակի վերաբերյալ, ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ, որից հետո, ենթադրաբար, այն մեխանիզմները, որ այդ կառույցի կանոնադրությունը ենթադրում է, պետք է գործի դրվեին։

«Ցավոք, մինչև այս պահը ՀԱՊԿ-ը որևէ լուրջ քաղաքական դիրքորոշում չի հայտնել այս հարցի վերաբերյալ։ Եղել է բարձրագույն մակարդակով հանդիպում, և այդ հանդիպման արդյունքում ևս ՀԱՊԿ-ը միասնական դիրքորոշում չի արտահայտել խնդրի վերաբերյալ։

Ուստի մեր պահանջը և ցանկությունն այն է, որ ՀԱՊԿ-ը ի վերջո դիրքորոշում հայտնի և գործի դնի իր մեխանիզմները։ Շատ կարևոր է արձանագրել այդ ագրեսիան, որովհետև եթե այդ ագրեսիան չի արձանագրվում, եթե ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը չի արձանագրվում անվտանգային կառույցի կողմից, որի մի մասն է Հայաստանը, ապա այդ կառույցի սահմանները շատ հեղհեղուկ են դառնում, և, ըստ էության, կառույցի ֆունկցիան շատ հույս չի ներշնչում մեզ»,- ասաց Սարգիս Խանդանյանը։

Խոսելով նաև ընդդիմության հանրահավաքի և այնտեղ իշխանության ու վարչապետի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունների մասին՝ պատգամավորն ասաց, որ իր համար որևէ զարմանք կամ տարակուսանք չեն առաջացնում այդ հայտարարությունները. սա մի անպտուղ գործընթաց է, որին արդեն երկու տարի ականատես են լինում։ 

«Այդ հանրահավաքներին, ակցիաներին մարդկանց մասնակցությունը, դրանց  նկատմամբ հանրային հետաքրքրվածության աստիճանը ցույց են տալիս, որ մեր հանրությունն ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ է ասում ընդդիմությունը և ինչ առաջարկներ է անում»,- ասաց Սարգիս Խանդանյանը։ 

Ինչ վերաբերում է ընդդիմության հանրահավաքին հոգևորականի մասնակցությանը և նրա ելույթին, Սարգիս Խանդանյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է լիներ այն կարևորագույն կառույցներից մեկը մեր հանրային դաշտում, որը համերաշխության, սիրո, խաղաղության կոչերով հանդես կգար և ոչ թե մասնակցեր քաղաքական պրոցեսներին։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան