Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ակնհայտ ցույց տվեց, որ պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, միջազգային հանրությունը շատ ավելի կոշտ միջոցներով պետք է փորձի զսպել նրան․ Արմեն Խաչատրյան. ուղիղ

«Ալիևը երեկ հերթական անգամ ագրեսիվ, ոչ կառուցողական հայտարարություններ արեց։ Եվ փաստորեն Ալիևի հայտարարությունները այլ բնույթ և ընդհանրապես այլ բովանդակություն ունեն միջազգային հանրության առջև, այլ երկրներում՝ Պրահայում, Վաշինգտոնում կամ Սոչիում, և հայտարարությունների բովանդակությունն այլ է, երբ նա գտնվում է Շուշիում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ Ալիևի հայտարարությունները բավականին մտահոգիչ էին, Ալիևն ակնհայտ ցույց տվեց, որ ինքը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, ինքը չի ուզում գնալ այդ խաղաղությանը, նա հայտարարեց, որ եթե խաղաղությունն իր առաջադրած պայմաններով չլինի, ապա այդ խաղաղությունը չի լինելու։

«Իսկ իր առաջադրած պայմանները մենք գիտենք, որ վերաբերում են ճանապարհին, «Զանգեզուրի միջանցք» կոչվածին, որը երբևէ չի կարող իրականություն դառնալ։ Նա նորից սկսել է այդ միջանցք տերմինը հոլովել։ Եվ իր պատկերացրած պայմանները, որով պետք է Հայաստանը խաղաղության գնա, իհարկե չեն կարող կյանքի կոչվել։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը Ալիևի հենց երեկվա հայտարարությունից հետո շատ ավելի ուշիմ պետք է հետևի գործընթացներին և շատ ավելի կոշտ միջոցներով պետք է փորձի զսպել Ալիևին և նրա վարչակարգին՝ Հայաստանի հանդեպ այսպիսի նկրտումներ ունենալու համար»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
 
Պատգամավորը նշեց, որ Ալիևը լավ հասկանում է, որ խաղաղ ժամանակն ի վնաս իրեն է աշխատում, նաև որոշակի վախեր ունի, և այդ վախերը միշտ երևում են նրա հայտարարությունների մեջ ՀՀ  Զինուժի նկատմամբ: Նա անընդհատ վկայակոչում է, որ Հայաստանում ռևանշիստական ինչ-որ ուժեր կան, որ Հայաստանի բանակը պատրաստվում է ինչ-որ ագրեսիվ գործողությունների. դա, իհարկե, նախկին վախերից է, բայց այդ հայտարարությունները Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում բանակցային պրոցեսներով են պայմանավորված, որովհետև որոշակի առումով  հաջողություններ են արձանագրվել Հայաստանի համար։

«Ադրբեջանական կողմին չի հաջողվել միջազգային այս հարթակներում առաջ մղել իր ցանկություններն ու դիրքորոշումները և դրանք հաստատել։ Կարծում եմ, որ Ալիևի այդ խիստ գրգռված պահվածքը պայմանավորված է միջազգային հարթությունում հաջողությունների չհասնելու հանգամանքով»,- ասաց պատգամավորը։

Խոսելով նաև այն մասին, որ Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է խաղաղության օրակարգից, իսկ Ալիևը Շուշիում սպառնում է պատերազմով, պատգամավորն ասաց, որ ընդհանրապես Ադրբեջանին շատ յուրահատուկ է կարճ ժամանակահատվածում փոխել դիրքորոշումները, խոսքերը, մի տեղում մի բան ասել, մեկ այլ տեղում այլ բան ասել, մի տեղում մի բան պայմանավորվել և կարճ ժամանակ անց խախտել այդ պայմանավորվածությունը. դա շատ բնորոշ է Ադրբեջանին։ 

«Այս պայմաններում Հայաստանին մնում է ամենակարևոր հարցը. ինչ էլ պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ինչպիսի պայմանագիր էլ որ կնքվի, ինչպիսի գործընթացներ էլ որ սկսվեն ու ավարտվեն, ամենակարևոր հանգամանքն այն է, թե ով է երաշխավորելու այդ պայմանավորվածությունների իրականացումը, ով է երաշխավորելու, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասաց Արմեն Խաչատրյանը։     

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան