Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն, որ Ալիևը կարող է հոխորտալ՝ Իրանին սպառնալով պատերազմով, մեղմ ժպիտ է առաջացնում, որովհետև Ադրբեջանը նման ռեսուրս ու հնարավորություն չունի. քաղաքագետ

Այն, որ Ալիևը կարող է հոխորտալ՝ Իրանին սպառնալով պատերազմով, մեղմ ժպիտ է առաջացնում, որովհետև Ադրբեջանը նման ռեսուրս ու հնարավորություն չունի. քաղաքագետ
Հարցազրույց
17:55, 09 ноябрь 2022
Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, թե ի պաշտպանություն Հայաստանի զորավարժություններ անցկացնող երկրները պետք է իմանան, որ Ադրբեջանի բանակը հարկ եղած դեպքում համապատասխան արձագանք կտա։ Ալիևը բնականաբար նկատի ունի Իրանին։ Արդյոք սա ևս մեկ անգամ չի՞ ընդգծում, որ Ալիևը պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ և հարևան երկրներին զգուշացնում է՝ չպաշտպանել Հայաստանին։

- Ալիևը պատերազմի պատրաստվում է, բայց հարձակում գործում է անսպասելի, դա ցույց է տվել թե Ապրիլյան քառօրյա պատերազմը, թե 44-օրյա պատերազմը։ Ալիևը հասկանում է, որ իր ռեսուրսները բավարար չեն, որ Հայաստանին պարտադրի զիջումներ, նաև տեսնում է, որ բանակցությունները գնում են ԱՄՆ միջնորդությամբ, և ԱՄՆ-ից էլ հայտարարում են, որ իրենք որևէ պատրաստի փաստաթուղթ չեն պարտադրում կամ առաջարկում կողմերին, այլ կողմերը պետք է համաձայնության գան՝ սա Ալիևին ձեռնտու չէ։ Ալիևը մի կողմից՝ խոսում է, որ ճանաչում է 1991թ. Ալմաթիի հռչակագիրը, որը բխում էր ԱՊՀ ստեղծվելու համաձայնագրից, մյուս կողմից՝ դրան զուգահեռ նա հույսը չի կորցնում, որ կարող է նաև մտածել ոտնձգություններ անել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Սա է հարցը, որ իրեն անհանգստացնում է մեր հարևան Իրանի բավական կոշտ դիրքորոշումը, որ սահմանները չեն վերաձևվելու։  

- Ալմաթիի հռչակագրի ճանաչումը որքանո՞վ է ձեռնտու Հայաստանին։

- Հայաստանն այսօր ունի մեկ խնդիր՝ գոնե նվազագույնը պահել՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմից հետո կլինի նոր աշխարհակարգ, ինչի արդյունքում մեզ համար կարող է լինել բարենպաստ։ Իսկ եթե այսօր մենք չմտածենք Հայաստանի դիրքերը պաշտպանելու մասին՝ Ադրբեջանը ցանկացած ոտնձգություն կարող է անել՝ մտածելով, որ այն տարածքները, որոնք կվերցնի, դրանցից հետ չի քաշվի։  Ալիևը գիտի, որ եթե մենք մնանք Ռուսաստանի ազդեցության գոտում՝ կամ Ռուսաստանի թողտվությամբ, կամ ՌԴ-ի թույլ դիրքերի պատճառով իր վերցրածը հետ չի տա։
 
Քարտեզների հարցում նախնական համաձայնության չեկավ Ադրբեջանը, որ խելամիտ քարտեզ դրվի հիմքում, իսկ Ռուսաստանը կարող էր ներկայացնել իրարից շատ տարբերվող քարտեզներ, որովհետև խորհրդային տարիներին տարբեր բնակավայրեր, արոտավայրեր մեկից անցել են մյուսին։ Որքան էլ ՀՀ վարչապետն ասում էր՝ կարևորը քարտեզը չի, կարևորը փաստաթղթային հիմքն է, թե ոնց է մի տարածքը կամ արոտավայրն անցել մեկին՝ մինչ այսօր դա դեռ գտնված չէ։ Ոչ միայն մենք չգիտենք՝ ինչ քարտեզ է դրել սեղանին Ռուսաստանը, այլ նաև այդ քարտեզի շուրջ համաձայնություն չկա՝ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։ Նշանակում է Հայաստանը գնաց այն տարբերակին, որ գոնե նվազագույնը ֆիքսենք՝ այն, ինչը ժառանգություն ենք ստացել Խորհրդային Միությունից և որի հետ կապված 2 անգամ փաստաթուղթ ենք ստորագրել՝ մեկը Ալմաթիի, մյուսը՝ Եվրոպայի անվտանգության խարտիան Ստամբուլի գագաթնաժողովում՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։  

- Նշեցիք՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո կլինի նոր աշխարհակարգ, որը հնարավոր է բարենպաստ լինի Հայաստանի համար։ Նկատի ունեք Ռուսաստանի հաղթանակի՞, թե՞ պարտության պայմաններում ստեղծվելիք աշխարհակարգը։

- Արևմուտք-Ռուսաստան առճակատման պարագայում հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է հաղթել, համարում եմ շատ փոքր։ Եթե պատերազմի ավարտը նույնիսկ համարվի Ուկրաինայի տարածքներից դուրս գալը՝ դա Ուկրաինայի համար հաղթանակ է, Ռուսաստանի համար պարտություն։ Սա նշանակում է, որ կլինի նոր աշխարհակարգ, իսկ այս պարագայում Արևմուտքը հստակ նշում է, որ ագրեսորը պետք է պատժվի, որն ուժեղ դիրքերից ցանկանում է վերաձևել հարևանի սահմանները։ Հիմա այս պարագայում դժվար է կարծել, որ ագրեսոր կհամարեն Ռուսաստանին ու Ադրբեջանին նույն պահանջը չեն ներկայացնի։ 

- Ալիևը հերթական անգամ նշել է, թե Հայաստանը ոչինչ չի անում «Զանգեզուրի միջանցքի» հարցում, որպեսզի Ադրբեջանը կարողանա ճանապարհ ունենալ Հայաստանով դեպի Նախիջևան, մինչդեռ Հայաստանը հայտարարել է, որ ճանապարհի երեք անցակետերի հարցը լուծված է, և Ադրբեջանը կարող է Հայաստանի օրենսդրության համապատասխան օգտվել այդ ճանապարհից։ Այս տարակարծությունները որքանո՞վ կօգնեն հանգել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությանը։ 

- Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցրել, որ Հայաստանով պետք է լինի արտատարածքային միջանցք, այդ փաստաթղթում մի միջանցքի մասին է խոսք գնում՝ Արցախը Հայաստանին կապելու մասին։ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն, բայց չի կարող ցույց տալ, թե որ փաստաթղթով է ստանձնել։ Հայաստանը բոլոր ֆորմատներով ամրագրել է, որ Սյունիքով անցնող ճանապարհը Հայաստանի իրավազորության ներքո է լինելու։  

Իրանի միայն այն կոշտ դիրքորոշումը, որ ինքը դեմ է սահմանները վերաձևելուն, Հայաստանի համար բավական ողջունելի է։ Հայաստանն ավելին Իրանից չի ակնկալում, որովհետև եթե Իրանը Հայաստան զորք մտցնի, մենք չգիտենք, թե ինչպես պետք է համոզենք, որ այդ զորքը հանի։ Իսկ Իրանը իր զորքը մտցնելուց հետո կարող է ասել, որ չպետք է հայտնվի երրորդ երկրների զորքը, որն իր համար անընդունելի է, և զորքը չի հանում՝ մինչև կայունանա, իսկ թե քանի տարի հետո ինքը կհամարի կայունացած՝ Աստված գիտի։ Մենք այս վտանգն ունենք, և դա է պատճառը, որ ողջունելով Իրանի կոշտ դիրքորոշումը՝ զուգահեռաբար առաջին պլան ենք մղում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու բանակցային պրոցեսները, որի արդյունքում ԱՄՆ-ն նույնպես կողմնակից է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգվի, և սահմանները չվերաձևվեն։ Մեզ համար ձեռնտու է թե Իրանի, թե ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ չեն վերաձևվելու սահմանները, և երկուսի հետ էլ աշխատելու ենք։  

- Հիմա Հայաստանն ասում է՝ միջանցք չի լինելու, Ադրբեջանը սպասում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Այս պայմաններում համաձայնություն կլինի՞ խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ։ 

- Ադրբեջանը դեմ չի թե՛ ԱՄՆ-ում հանդիպումներին, թե՛ եվրոպական շրջանակներում հանդիպումներին դեմ չի, թե՛ փորձեցին վերադառնալ ռուսական ազդեցության տիրույթ՝ մտածելով, որ Ռուսաստանի շահերը Ադրբեջանի հետ համապատասխանում է, որովհետև ՌԴ-ն էլ է մտել հարևանի տարածք, Ադրբեջանն էլ։ Բայց այս ժամանակ էլ Հայաստանի իշխանություններն ասացին՝ մենք պատրաստ ենք, ընդունում ենք Ռուսաստանի 15 կետերը, բայց, ինչպես տեսանք, Ռուսաստանը իր առաջարկած 15 կետերը չկարողացավ համաձայնեցնել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը հիմա շարունակում է մտածել՝ եթե մենք մնանք այդ պայմանավորվածությունների շրջանակում՝ Ռուսաստանի տիրույթում, Ռուսաստանն իրեն միջանցք է խոստացել։ Սոչիի հանդիպումը մեզ համար չպետք է լինի հանգստացնող և մենք չմտածենք շարունակել ակտիվ խոսել Իրանի ու ԱՄՆ-ի հետ։ Իսկ այն, որ Ադրբեջանը կարող է հոխորտալ՝ Իրանին սպառնալով պատերազմով, մեղմ ժպիտ է առաջացնում, որովհետև Ադրբեջանը նման ռեսուրս ու հնարավորություն չունի և բացարձակ նման արկածախնդրության չի գնա։  

- 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, այնուհետև հայտարարություններ եղան հունվարի 11-ին, 2021թ. նոյեմբերին ևս, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ագրեսիա է ցուցաբերում հայկական բնակավայրերի ուղղությամբ։ Խաղաղության պայմանագիրն ի՞նչ է տալու մեզ։

- Եթե խաղաղության պայմանագիրը միջազգայնորեն չամրագրվի, մենք չունենանք երաշխիքներ՝ դա մեզ ոչինչ չի տալու: Կյանքն այսօր ցույց է տալիս, որ անգամ ՄԱԿ-ը, որն իր անդամ պետությունների ամբողջականության երաշխավորի դիրքից հանդես եկող միջազգային կառույց է, Ռուսաստանի ու Ուկրաինայի պարագայում չի աշխատում, որովհետև Ռուսաստանը ՄԱԿ-ի մշտական անդամ ներկայացուցիչ է և միջուկային գերտերություն։ Այսինքն՝ արժեզրկվում է ՄԱԿ-ի դերակատարությունը՝ որպես միջազգային ամենաբարձր ատյան, թեպետ այլ երկրների պարագայում գործել է։ Երբ ավարտվի պատերազմը, ու ձևավորվի նոր աշխարհակարգ, կլինեն նոր միջազգային երաշխիքներ ամբողջ աշխարհի համար։  

Նարա Մարտիրոսյան