Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը ոչ փողոցում է կարողանում իրագործել իր ծրագրերը, ոչ ԱԺ-ում է որևէ տեսակի ներկայացվածություն և կարծիք հայտնում. Արփի Դավոյան. տեսանյութ

Ընդդիմությունը ոչ փողոցում է կարողանում իրագործել իր ծրագրերը, ոչ ԱԺ-ում է որևէ տեսակի ներկայացվածություն և կարծիք հայտնում. Արփի Դավոյան. տեսանյութ
Հարցազրույց
18:20, 14 ноябрь 2022
Արդեն մի քանի օր է՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ իրենք վերադառնում են ԱԺ։  Իսկ նրանցից Աննա Մկրտչյանն էլ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է ունենա իր երազած ընդդիմությունը։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հետ։

Պատգամավորը կարծում է, որ  ընդդիմությունը հասկացել է իր  պայքարի անմտությունը, և որևէ փաստարկ այլևս չունեն փողոցային պայքարն արդարացնելու համար, հետևաբար խորհրդարան վերադառնալու որևէ այլ փաստարկ պիտի մտածեն։ 

«Իսկ այն նշած փաստարկը, որ Նիկոլ Փաշինյանը պիտի չունենա իր երազած ընդդիմությունը, դա ուղղակի շատ ցածր, ոչինչ չասող փաստարկ է, որովհետև երբևէ, որևէ իշխանություն ընդդիմության մասին պատկերացում և երազանք չունի: Ընդդիմությունները ձևավորվում են քաղաքական դաշտում, և որևէ մեկը չի ձևավորում ընդդիմություն։ Գուցե ժամանակին Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը ձևավորում էին ընդդիմություններ, և նրանք դեռևս այդ տպավորությունների տակ են, որ իշխանությունը ձևավորում է  ընդդիմություն։ Բայց մեր իշխանությունը չի երազում որևէ տեսակի  ընդդիմության մասին, այլ ուղղակի մենք, հաշվի առնելով քաղաքական գործընթացները և ընդհանրապես այն իրավիճակը, որը ստեղծվել է երկրում, ուզում ենք ունենալ առողջ, քաղաքակիրթ ընդդիմություն։ Երկրում անհրաժեշտ է նորմալ ընդդիմություն»,- ասաց Արփի Դավոյանը։ 

Խոսելով նաև նոյեմբերի հինգին ընդդիմության սակավամարդ հանրահավաքի մասին՝ պատգամավորն ասաց, որ որքան հիշում է՝ ընդդիմադիրները պնդում էին, որ այդ օրն իրենք պատրաստ են  փողոց դուրս բերել 100 000 քաղաքացու, սակայն մասնակից եղան 5000 հոգի, այսինքն՝ 95 000 հոգի  բացակա էր ինչ-ինչ պատճառներով։

Պատգամավորի խոսքով՝ դա շատ մեծ անհաջողություն էր ընդդիմության համար, որովհետև նախապես պետք չէ ինչ-որ թվերի մասին խոսել, մարդկանց քանակ ասել, որոնք գալու են, այն էլ՝ 100 000 հոգի։ 

Արփի Դավոյանը նշեց, որ ընդդիմությունն այս երկու տարվա մեջ պետք է հասկանար, որ իրենց չի հաջողովում մարդկանց դուրս բերել փողոց, ընդդիմությունն ունի նաև այլ գործիքակազմ, իրենք ԱԺ-ում ներկայացված են և կարող են իրենց հարցերը բարձրացնել ԱԺ-ում, սակայն հենց այսօր էլ տեղի ունեցավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ, որտեղ շատ կարևոր օրինագիծ էր քննարկվում զինծառայության մասին, և նրանք նորից բացակա էին։ 

«Ապա ինչպես է ընդդիմությունը պատկերացնում իր աշխատանքը. ոչ փողոցում է կարողանում իրագործել իր ծրագրերը, ոչ էլ ԱԺ-ում է որևէ տեսակի ներկայացվածություն և որևէ տեսակի կարծիք հայտնում։ Հիմա այդ ընդդիմությունն ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը՝ զուտ խոսելո՞վ, հեռվից ինչ-որ բաներ ասելո՞վ, թե՞ իրապես պիտի գա ներկայանա և փաստակված խոսի։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան