Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության վերադարձը կարող եմ գնահատել մանդատներից չզրկվելու, բացականեր չստանալու, աշխատավարձը չկորցնելու համար արված քայլ. Արթուր Հովհաննիսյան. ուղիղ

Ընդդիմության վերադարձը կարող եմ գնահատել  մանդատներից չզրկվելու, բացականեր չստանալու, աշխատավարձը չկորցնելու համար արված քայլ. Արթուր Հովհաննիսյան. ուղիղ
Հարցազրույց
18:04, 15 ноябрь 2022
ԱԺ աշխատանքներին վերադառնալու մասին հայտարարած ընդդիմադիր պատգամավորներն այսօր եկան, ԱԺ-ում ներկայացված առաջին նախագծին դեմ քվեարկեցին և լքեցին նիստերի դահլիճը՝ փաստացի չմասնակցելով ԱԺ նիստին։ Այնուհետև, նրանցից մի քանիսը վերադարձան՝ հայտարարությամբ հանդես գալու համար։ 
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ 
«Ես այս քայլը կարող եմ գնահատել  մանդատներից չզրկվելու, բացականեր չստանալու, աշխատավարձը չկորցնելու համար արված քայլ, և նշված գործողությունները դրա մասին են խոսում․ առավոտյան գալ, գրանցվել և հետո լքել դահլիճը։ Ի դեպ, դեմ քվեարկել քառօրյայի օրակարգին, որտեղ քննարկվում են նպաստների բարձրացման, աշխատաբարձերի բարձրացման, սպայական կազմի ատեստավորման, հետևաբար նաև բանակում աշխատավարձերի բարձրացման, բանակին վերաբերող այլ նախագծեր։ Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը հայտարարում է, թե իրենց համար օրակարգային են բանակին, բանակաշինությանը վերաբերող հարցերը, ռեալ կյանքում մարդիկ դեմ են քվեարկում այն օրակարգին, որտեղ ներառված են բանակին վերաբերող կամ աշխատավարձերին վերաբերող և սոցիալական այլ հարցերին վերաբերող հարցեր»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանի  հայտարարությանը, թե իրենք խորհրդարանում են, և իշխանությունը ստիպված է համակերպվել այդ փաստի հետ, ինչպես նաև՝ ԱԺ-ն իշխանության սեփականությունը չէ, Արթուր Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենի նպատակը մեկն է՝ արդարացնել իրենց ներկայությունը և վերադարձը ԱԺ՝ միգուցե նաև եղանակների ցրտելու պատճառով։
«Պարզ է, որ իշխող կուսակցությանը չէ ԱԺ-ն, ԱԺ-ն ՀՀ ժողովրդինն է, որն իր կողմից պատգամավորներին գործուղում է ԱԺ և ակնկալում է, որ այդ պատգամավորները պետք է սպասարկեն իրենց մանդատը։ Մինչ այս պահը մենք տեսնում ենք, որ ԱԺ գործուղված պատգամավորները, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից, չեն սպասարկել ՀՀ քաղաքացու շահը»,-նկատեց Արթուր Հովհաննիսյանը։
Մեկնաբանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի այն հայտարարությունը, թե իրենք մասնակցել են միջազգային հարթակների քննարկումներին, որպեսզի զերծ պահեն իշխանությանը հակապետական որոշումներից, Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց, որ այդ որակումները և 10 անգամ ավելի ժամանակին մեր ժողովուրդը տվել է Մամիջանյանին և նրա «քաղաքական սեփականատերերին»։
Ինչ վերաբերում է միջազգային գործուղումներին, ապա, ըստ ՔՊ խմբակցության քարտուղարի, խորհրդարանական դիվանագիտությունը շատ պրոակտիվ քաղաքականություն է վարում․ ամեն կերպ աջակցում են կառավարության քաղաքականությանը, ԱԳՆ-ին՝ ԱԽ քարտուղարի գրասենյակի հետ սերտորեն համագործակցելով, և բարձրաձայնում են ՀՀ պետական շահերից բխող բոլոր և ամենաակնճռոտ հարցերը իրենց բոլոր գործընկերների հետ։
«Ընդդիմադիրները սկսել են մասնակցել գործուղումներին, բայց հիմնականում նրանց համար այդ գործուղումները վոյաժային տրամադրությունների իմաստ են կրում։ Ձեր նշած անձնավորությունը նաև հիշվում է, և վստահաբար, չի էլ մոռացվի, և ես  պատարստ եմ միշտ հիշեցնել սրա մասին, թե՛ մեր հանրությանը, թե՛ հենց իրեն նաև, որ ինքը ԵԽ-ում թուրք և ադրբեջանցի պատգամավորների պես դեմ քվեարկեց մի նախագծի, որը պրոհայկական էր և կարող էր օգուտ բերել ՀՀ-ին՝ բանակցային գործընթացներում, միջազգային հանրության հետ շփումներում։ Եվ այս մարդը հակապետական բառն իր բերանից արտաբերելու բարոյական իրավունք չունի պարզապես»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ շարունակելով․ «Մարդիկ շատ լավ գիտեն՝ընդդիմությունն ով է, մարդիկ շատ լավ գիտեն, որ 44-օրյա պատերազմի հիմքերը դրվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, որոնց պատգամավորներն են հանդիսանում այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը»։  
  
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան