Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ ընդդիմությունը կողմ չի քվեարկում ժողովրդի շահերից բխող նախագծերին, մնացած ելույթները դատարկ ճամարտակություն են. Գևորգ Պապոյան. տեսանյութ

«Արձանագրենք, որ ընդդիմությունը կողմ չի քվեարկել նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, կողմ չքվեարկեց զինվորականների աշխատավարձի բարձրացման նախաձեռնությանը, ընդդիմությունը կողմ չքվեարկեց իմ նախաձեռնությանը, որը խաղամոլության դեմ էր միտված, և այսպես շարունակ։ Եվ եթե դիտարկենք իրենց քվեարկությունների տեսանկյունից, ապա ստացվում է, որ ընդդիմությունը կողմ է Հայաստանում սոցիալական վիճակի չբարելավմանը, խաղամոլության շատացմանը և այլն։ Ես սա ուղղակիորեն եզրակացնում եմ իրենց գործողություններից»,-  Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության գործողություններն այսօր խորհրդարանում չեն տարբերվում իրենց քսանամյա կառավարության գործողություններից, նույն տրամաբանության մեջ են մնացել, իսկ ինչու են եկել խորհրդարան, որովհետև այլ տեղում նրանք չկան, միակ տեղը, որտեղ ֆորմալ առումով նրանք կարող են լինել, խորհրդարանն է, փողոցում նրանք չկան՝ նույնիսկ ամենազգայուն և ազգային հարցերի շուրջ հանրահավաք կազմակերպելիս: Եթե այլ քաղաքական կուսակցություն կազմակերպեր, միգուցե մի քանի անգամ ավելի մարդ այնտեղ լիներ, իսկ իրենց դեպքում ընդամենը մի քանի հազար մարդու մասին էր խոսքը, ինչը քաղաքական իրավիճակը շատ լավ նկարագրում է։

«Եվ այս կոնտեքստում, այո՛, ցրտերն ընկել են, փողոցում հիմա անհարմար է քայլել, շրջել, և միակ վայրը, որտեղ տաք է, և վճարում են աշխատավարձ, դա իրենց համար խորհրդարանն է։ Եվ այստեղ մի շատ կարևոր հանգամանք էլ կա. ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ եթե չգար խորհրդարան, ապա կզրկվեին մանդատներից։ Իրենք եկել են խորհրդարան, մասնակցում են քվեարկություններին, նիստերին գրանցվում են, որպեսզի չզրկվեն մանդատներից և շարունակեն ստանալ աշխատավարձ։ Նրանք չեն եկել աշխատելու համար»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Խոսելով նաև այն մասին, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց և սկսեց բովանդակային քննարկում, ինչից հետո ԱԺ նախագահությունն անջատեց նրա խոսափողը, Գևորգ Պապոյանն ասաց, որ դա արվեց, քանի որ վարման կարգի ժամանակ բովանդակային քննարկում չի կարելի անել, և դա ԱԺ կանոնակարգ օրենքով է նախատեսված։

«Գեղամ Մանուկյանը, որպես ԱԺ պատգամավոր, պետք է կարդա ԱԺ կանոնակարգ օրենքը, իմանա բոլոր կարգավորումները և գործի այդ տրամաբանության մեջ: Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ է, երկուշաբթի այդ հանձնաժողովն ունեցել է նիստ, և նա պարտավոր էր մասնակցել, չի մասնակցել այդ նիստին, բացակա է ստացել, դրա համար նրա աշխատավարձից պահում է կատարվելու: Նա չի կատարել իր պատգամավորական պարտականությունները, նա պետք է գնար այդ նիստին և այդ նիստի ժամանակ այդ հարցերը քննարկեր։ Մնացած բոլոր տեղերում գոյություն ունեն կարգեր, օրենքներ և քննարկման վայրեր, և հետևաբար, եթե նա չի մասնակցել և չի կատարել իր աշխատանքը, նա չի կարող ուրիշների աշխատաժամանակի հաշվին  փորձել դիվիդենդներ քաղել ԶԼՄ-ների առաջ, ժողովրդի մոտ, փորձեր ինչ-որ  հարցեր բարձրացնել՝ այն պարագայում, երբ այդ հարցերը բարձրացնելու տեղը չէ, և դրա հնարավորությունը էլ չկա»,- ասաց Գևորգ Պապոյանը։ 

Պատգամավորը նաև նշեց՝ ընդդիմությունը երբ սկսում է անիմաստ գործողություններ սկսել, դրանով առաջին հերթին հարվածում է իրեն, և երբ ձեռնպահ կամ դեմ է քվեարկում որևէ նախագծի, որը ժողովրդի շահերից է բխում, ինչպես օրինակ՝ զինծառայողների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագիծը, որում մի շարք լավ ծրագրեր կան, ապա դա նշանակում է, որ եթե նրանք կողմ չեն քվեարկում այդ նախագծին, ապա նրանք դեմ են մեր զինվորականների աշխատավարձերի բարձրացմանը։ 
 
«Մնացած բոլոր ելույթները՝ սոցիալական վիճակի, զինվորի մասին, դատարկ ճամարտակություններ են, դատարկ խոսակցություններ են, որևէ բանի մասին չասող»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան