Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի Սենատը իր կառավարությանը կոչ է անում ազդել ԵՄ մյուս երկրների վրա, որպեսզի տուրք չտան Ադրբեջանի գազային շանտաժին. Արման Եղոյան. տեսանյութ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները դատապարտող և պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։
 Նա նշեց, որ այս ամենից հետևությունը լինելու է նախ քաղաքական, այսինքն՝ Ֆրանսիայի Սենատն այս անգամ շատ ավելի հստակ ձևավորել է օրակարգ, որն այս կամ այն կերպ ազդում է և՛ Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունների վրա, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, և ընդհանուր եվրոպական քաղաքականության վրա դա չի կարող չազդել, այն էլ նման կողմ թվերով ընդունված բանաձևը։ 

«Հասկանալի է նաև, որ այստեղ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն էլ որոշակի ազդեցություն ունի։ Դուք տեսնում եք Մակրոնի հայտարարությունները, այնպես չի, որ Սենատը գործադիրից  տրամագծորեն տարբերվող բաներ է ասել, ուղղակի այն ուղղությունը, որը վերցրել է Ֆրանսիայի կառավարությունը, Սենատը խորհուրդ է տվել այդ ուղղությամբ էլ ավելի հստակ ու էլ ավելի մեծ քայլերով առաջ շարժվել։ Սա բանաձև է, ու այնպես չի, որ այստեղ հստակ քայլերի հաջորդականություն կա, բայց սա ձևավորում է քաղաքական իրավիճակ։ Հասկանալու համար այս բանաձևի կարևորությունը՝ դուք պատկերացրեք, որ հիմա աշխարհի որևէ երկիր նման բանաձև ընդունի Հայաստանի մասին, պատկերացրեք՝ մենք ինչ վիճակում կհայտնվենք և՛ մեր ներսում՝ հոգեբանորեն, և՛ միջազգային հարթակներում։ Մեզ թվում է, թե հիմա բանաձև է, ընդունեց, ասեց, դատապարտեց, կոչ արեց և այլն, և այլն, բայց սա վերաբերմունք է ձևավորում, ու այդ վերաբերմունքն ինչ-որ ձևով արտահայտվում է նաև իրական քաղաքական հարցերում»,- ասաց պատգամավորը։  
Նրա խոսքով՝ այստեղ շատ կարևոր էր նաև, որ սանկցիաների մասին էր խոսք գնում, և եթե չի սխալվում, ապա սա առաջին անգամ էր, որ նման թեմա է բացվել, մասնավորապես՝ Ադրբեջանի ղեկավարության և գազի ու նավթի ներկրման հանդեպ, ու նաև շատ կարևոր էր, որ բանաձևում մի նրբություն կար, որ կոչ էր անում Ֆրանսիայի կառավարությանը իր եվրոպացի գործընկերների հետ համատեղ մտածել այս մասին, այսինքն՝ այստեղ որոշակի միտում կա նաև ազդելու եվրոպական քաղաքականության վրա, այսինքն՝ ԵՄ քաղաքականության վրա։

«Գիտեք, որ այնտեղ կարծիքները շատ տարբեր են, որոշները շատ կախվածություն ունեն գազից, որոշները՝ քիչ, որոշները գտել են ալընտրանքային գազ, որոշները դեռ չեն գտել և դժվար ձմեռ են ունենալու։ Այս ամեն ինչն ազդում է ԵՄ քաղաքականության վրա, և ըստ էության Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տալիս, կոչ է անում իր կառավարությանը ազդել ԵՄ մյուս երկրների վրա, որպեսզի տուրք չտան Ադրբեջանի այս գազային շանտաժին»,- ասաց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան