Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատությունը որքան ուշանում է, այնքան տուժում է արդարությունը․ հուսով ենք՝ վերաբացված աղմկահարույց գործերի քննությունները հավուր պատշաճի կիրականացվեն և կներկայացվեն հասարակությանը. փաստաբան

«Կարծում եմ՝ դեռ շատ վաղ է բովանդակային գնահատական տալու համար։ Իհարկե տեսնում ենք որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց  ազատում, նորերի ընդունում։ Կարևորագույն հանգամանքներից մեկն այն է, որ մենք տեսնում ենք, որ դատաիրավական համակարգի փոփոխությունը բերում է երիտասարդացման։ Կարծում եմ՝ այստեղ կա որոշակի քայլ առաջ՝ այն առումով, որ ավելի պատրաստված, միգուցե պրակտիկ առումով ավելի թույլ, բայց այդուհանդերձ հնարավորություններ են ստեղծվում, դռներ են բացվում, որ մասնագետները կարողանան իրենց  մասնագիտական գործունեությունն իրականացնել»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով դատաիրավական բարեփոխումների, նոր դատախազի ու ԲԴԽ նոր նախագահի աշխատանքի մասին, ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը։   

Նրա խոսքով՝ նախկինում եթե հավակնում էիր դատաիրավական համակարգում որևէ պաշտոնի՝ ցանկանում էիր քննիչ, դատախազ կամ դատավոր աշխատել, կարծես թե այն ընկալումը կար, որ այդպիսի պաշտոններ զբաղեցնելու համար միայն գիտելիքները բավարար չէին, գործում էին խնամի-ծանոթ-հարազատ հանգամանքը, նաև այդ կոռուպցիոն համակարգը, ինչի արդյունքում բնականաբար տուժում էր ոչ միայն համակարգը, այլև մենք՝ բոլորս։  

Խոսելով նաև վերջին շրջանում աղմկահարույց գործերի վերաբացման մասին՝ Գևորգ Դավթյանն ասաց, որ ոչ միայն կասեցված գործերն են վերաբացվել, այլ նաև գործեր կան, որոնք անգամ ավարտված են եղել, կարճված են եղել, սակայն նոր հանգամանքի հիմքով որոշակի ընթացք է տրվել դրանց, այլ հարց է, թե ընթացքն ինչպես կլինի։ 

«Այդուհանդերձ արդարադատության առումով և նաև, որպեսզի արդարությունը հավուր պատշաճի իրականացվի, ամենակարևորը ժամկետների խնդիրն է, որովհետև արդարադատությունն ինչքան ուշանում է, այնքան տուժում է արդարությունը, և հետևաբար նորից խախտվում են իրավունքներ, և այնուհանդերձ այդ ամեն ինչը ուշացած է։ Սակայն, հուսով ենք, մեր շնորհիվ, մեր մասնագետների շնորհիվ, մեր քաղհասարակության ներկայացուցիչների շնորհիվ և յուրաքանչյուր քաղաքացու շնորհիվ, որոնք քիչ թե շատ առնչվել են քրեաիրավական գործերին, իրենք նույնպես պահանջատեր կլինեն, և այն գործերի հիմքերը, որոնք արդեն դրված են և որոշակի վերաբացումներ ունեն, կնպաստեն դրան և կպահանջեն, որպեսզի այսօրվա մեր իշխանությունները՝ դատական, գործադիր, թե օրենսդիր, նաև անուղղակի ձևով պահանջներ ներկայացնեն, որպեսզի այդ գործերը հավուր պատշաճի հասարակությանը ներկայացվեն և ըստ էության իրականացվեն այն քննությունները, որոնք մենք ակնկալում ենք»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան