Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ինչ-որ մի պատգամավոր որոշում է, որ ինքն այնքան է կայացել, որ կարող է ծավալել անհատական գործունեություն, իրեն բարի ճանապարհ. Վահե Հակոբյանը՝ ՎՀԿ-ն լքածների մասին

Եթե ինչ-որ մի պատգամավոր որոշում է, որ ինքն այնքան է կայացել, որ կարող է ծավալել անհատական գործունեություն, իրեն բարի ճանապարհ. Վահե Հակոբյանը՝ ՎՀԿ-ն լքածների մասին
Հարցազրույց
16:17, 23 ноябрь 2022
«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից երկուսը՝ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը,  կուսակցությունից դուրս գալու որոշում են կայացրել։ Այս մասին թերթերից մեկի հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Աննա Գրիգորյանը և հավելել, թե կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ «Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թևը դուրս է եկել կուսակցությունից»,- հավաստիացրել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքով պատգամավոր դարձած, ապա մեկ օր անց խմբակցությունը լքած և անկախ պատգամավոր դարձած, ապա «Վերածնվող Հայաստան»-ի քվոտայով նորից մանդատ ստացած Աննա Գրիգորյանը։  

Ի՞նչ է կատարվում  «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցությունում, գործ ունենք  նեղկուսակցական գժտությունների՞, թե՞ ավելի խորքային խնդիրների հետ՝ Civic.am-ը փորձել է պարզել կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից։  «Նախ շեշտեմ, որ Առուշ Առուշանյանի դիմումը չի եկել, նա շարունակում է մնալ կուսակցությունում, Աննա Գրիգորյանը մի քիչ շտապում է կամ ուզում է էդպես ներկայացնել։ Մխիթար Զաքարյանը, օրինակ (ՎՀԿ անդամ, հիշյալ դաշինքի նախկին պատգամավոր, որը մանդատը վայր դրեց վերջերս), ակտիվ գործունեություն է իրականացնում, մեր խորհրդի կազմում է ներկայացված։ Եթե Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը որոշում են, որ իրենք ներկայացնում են Սյունիքի թևը, ապա ես կարծում եմ, որ արդար չէ և ճիշտ չէ։  Երկրորդ՝ այսօր մեր կուսակցության մեծամասնությունը համարում է, որ նման բարդ իրավիճակում, որում գտնվում ենք մենք և մասնավորապես մեր երկիրը, բոլոր որոշումները պետք է կայացվեն թիմային։ Եթե ինչ-որ մի պատգամավոր կամ կուսակցության անդամ որոշում է, որ ինքը այնքան է կայացել, որ կարող է ծավալել անհատական գործունեություն, իրեն բարի ճանապարհ ենք մաղթում»։ Հակոբյանը հստակեցրեց, որ խոսքը միայն պատգամավորներին չի վերաբերում, այլև առհասարակ բոլոր կուսակցականներին։ «Մենք կուսակցությանը վերաբերող որոշումները կայացնում ենք ոչ միայն մեր պատգամավորական թևի մեջ՝  յոթ հոգու շրջանակներում, այլ նաև ողջ կուսակցական կազմով։ Եվ, նորից եմ կրկնում, եթե ինչ-որ մեկը իրեն համարում է կայացած,  անկախ հանգամանքից՝ մեր կուսակցությունով է եղել իր մուտքը մեծ քաղաքականություն, թե մեկ այլ ուժի, դա երկրորդական հարց է։ Եթե համարում են, որ իրենք այնքան են կայացել, որ կարող են անհատական գործել, ապա, համեցեք»։ 

- Պարոն Հակոբյան, կհստակեցնե՞ք՝ ինչ նկատի ունեք, երբ ասում եք՝ «եթե ինչ-որ մեկը կայացել է այնքան, որ կարող է ինքնուրույն գործունեություն ծավալել...»։ Կոնկրետ ինչ-որ անձի՞  նկատի ունեք։ 

- Խոսքը կուսակցական կարգապահության մասին է, ընդհանուր պահելաձևի մասին է խոսքը։ 

- Քիչ առաջ զրուցեցինք նաև Առուշ Առուշանյանի հետ, որը հաստատեց, որ դուրս է եկել կուսակցությունից, ավելին՝ «որոշումը կայացվել էր վաղուց»։ 

- Որոշումը ինքը գուցե կայացրել է, բայց կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։   Ինքը այս պահին շարունակում է մնալ կուսակցության անդամ։ Քանի որ կուսակցությունը  չի որոշել դադարեցնել նրա գործունեությունը, նա շարունակում է լինել ՎՀԿ անդամ։ Եթե վաղը ներկայացնի դիմում, բնականաբար նույն պահից կդադարեցվի իր գործունեությունը։ 

- Իսկ այս ընթացքում, բացի հիշյալ անձանցից, ՎՀԿ այլ անդամներ կուսակցությունից դուրս գալու դիմումներ ներկայացրե՞լ են։

- Բացարձակ ոչ։ Հակառակը՝ մեր շարքերը այսօր համալրվում են։ 

- Պարոն Հակոբյան, մամուլում գրվեց, որ Դուք մտադիր եք պատգամավորական ձեր մանդատը վայր դնել։ Ունե՞ք նման մտադրություն։ 

- Ո՛չ, այս պահին նման որոշում չունեմ, դա հերթական, այդ նույն էժան լրատվականների էժան մանիպուլյացիան է կամ էլ  պատվերով  գրված լուր։ 

- «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ վերադառնալու որոշումը ընդունելի՞ եք համարում։ Դուք կարծես չեք մասնակցում ԱԺ աշխատանքներին։ 

- Իրոք, ես և մեր կուսակցականները դեռ չենք վերադարձել։ Այս փուլում մենք դեռ քննարկումների մեջ ենք։ Երբ որոշում կայացնենք, պատշաճ կերպով կհայտնենք մեր վերադառնալու մասին։ 

- Դաշինքի մյուս անդամը՝ ՀՅԴ-ն, փաստորեն վերադարձել է խորհրդարան, իսկ մյուս անդամը՝ ՎՀԿ-ն, դեռ քննարկումների մեջ է։ Մի տեսակ դիսոնանս չի՞ առաջանում՝ դաշինքի կեսը ներկա է, մյուս կեսը՝ ոչ։ Դաշինքում էլ, չէ՞, որոշումները պետք է կայացվեն թիմային։ 

- Ես դիսոնանս չեմ տեսնում, բացարձակ, քանի որ մարդ կա՝ իրեն տեսնում է ԱԺ-ում և կարծում է, որ այդտեղ ավելի լավ գործունեություն կծավալի, մարդ էլ կա՝ տեսնում է դրսում, ոչ միայն փողոցում, այլ նաև ակտիվ այլ գործունեության մեջ՝ միջազգային կառույցների, դեսպանատների հետ աշխատանքում։ 

- Հնարավո՞ր է, որ որոշում կայացնեք  չվերադառնալ ԱԺ և այլընտրանքային պայքարի ուղին ընտրեք։ 

- Չեմ բացառում, քանի որ իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում։ Ես որևէ բան չեմ բացառում։ Իհարկե, հնարավոր է ամեն ինչ։  

- «Դիմադրություն» շարժմանը՝ կես տարվա ձեր փողոցային պայքարին, հետահայաց ի՞նչ գնահատական կտաք։ 

- Ինքը որոշակի փուլում  ունեցավ  էֆեկտիվության շոշափելի գործոն, բայց չի հասել դեռ գլխավոր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հանցախմբի հեռացումը քաղաքական կյանքից։ Իսկ դրան  պետք է օժանդակել  նաև քաղաքական պայքարով։

Հ.Գ. Վ. Հակոբյանին հարցրինք նաև Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին։ «ՀԱՊԿ-ը գիտեք, որ փաստահավաք խումբ է ուղարկել Հայաստան, սակայն տվյալները դեռ չեն հանրայնացվել։ Մենք հիմա պետք է զինվենք համբերությամբ, թե ՀԱՊԿ դիտորդները, որ եկել են, ինչ արդյունք են արձանագրել։ Բայց այն հարցին, թե մենք բավարարվա՞ծ ենք ՀԱՊԿ-ի գործունեությամբ հանդեպ Հայաստանը, պատասխանը մեկն է՝ միանշանակ ոչ»։   

Հեղինե Մանուկյան