Քաղաքացիակենտրոն
լրատվություն

14,5 տոկոս տնտեսական բազային բարձր աճը պայմանավորված է ծառայությունների աճով՝ հատկապես ֆինանսաբանկային․ տնտեսագետ․ տեսանյութ

«Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2022 թվականի առաջին տասը ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները, այն կազմում է 14,5 տոկոս»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։ 

Վերջինս տեղեկացրեց, որ նաև հրապարակվել են արտահանման և ներմուծման աճի տեմպերը. արտահանումը 71 տոկոս աճ էր գրանցել, իսկ ներմուծումը՝ շուրջ 63 տոկոս, համապատասխանաբար աճել են տնտեսության ճյուղերը. արդյունաբերությունն աճել է շուրջ 9,9 տոկոսով, շինարարությունը՝ 14,4 տոկոսով, առևտուրը՝ 15,5 տոկոսով, իսկ ծառայություններն աճել են 27,9 տոկոսով։ 

«Նաև պետք է այս համատեքստում նշեմ, որ սպառողական գների ինդեքսը կազմում է 8,7 տոկոս։ Անդրադառնալով տնտեսության ճյուղերին՝ պետք է նշել, որ  պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ և համաշխարհային տնտեսությունում մի շարք այլ ճգնաժամերով՝ Հայաստանի տնտեսությունն այս ընթացքում ավելի շատ ոչ թե տուժեց, այլ մենք ավելի շատ այդ հնարավորությունները կարողացանք ձեռք բերել։ Եվ տեսնում ենք, որ փետրվար ամսից տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր էր՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ոլորտի աճով»,- ասաց տնտեսագետը։ 
 
Նրա խոսքով՝ պետք է փաստել, որ այլազգի գործընկերերը, որոնք եկել են ՀՀ՝ տնտեսական գործունեություն իրականացնելու համար, նաև ապրում են ՀՀ տնտեսական տարածքում  և համապատասխանաբար իրականացնում են սպառում, օգտվում են հյուրանոցային, ռեստորանային ծառայություններից, և այս համատեքստում աճը բնական է, քանի որ մեծ քանակով մարդիկ են եկել։

Նա նաև նշեց, որ 14,5 տոկոս տնտեսական այդ  բազային բարձր աճը հիմնականում  պայմանավորված է ծառայությունների աճով, հատկապես ֆինանսաբանկային ծառայությունների աճով։

Խոսելով նաև գնաճի մասին՝ տնտեսագետն ասաց, որ ՀՀ-ում առաջին տասը ամիսներին գրանցվել է 8,7 տոկոս գնաճ։ Տնտեսագետը ներկայացրեց ԵԱՏՄ երկրներում և մեր հարևան երկրներում գնաճի թվերը, ըստ որի՝ Բելառուսում գնաճը կազմել է 15,7 տոկոս, Ղազախստանում՝ 13, 4 տոկոս, Ղրղզստանում՝ 13,5 տոկոս, Ռուսաստանում՝ 14,3 տոկոս, Վրաստանում՝ 11,6 տոկոս, Իրանում՝ 40 տոկոս, Թուրքիայում՝ 73,1 տոկոս, Ադրբեջանում՝ 12,2 տոկոս։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան