Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովի այս հայտարարությունն ազդանշան է, որ եթե ռազմագերիներն ազատ չարձակվեն, ԵԽ այլ կառույցներ կարող են բանաձևեր ընդունել․ Էդմոն Մարուքյան

ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովի այս հայտարարությունն ազդանշան է, որ եթե ռազմագերիներն ազատ չարձակվեն, ԵԽ այլ կառույցներ կարող են բանաձևեր ընդունել․ Էդմոն Մարուքյան
Հարցազրույց
14:24, 22 апрель 2021
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն այսօր առավոտյան հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ Այսօր ավարտվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի գաղտնի նիստը։ ՀՀ ԱԺ պատվիրակությունից այդ նիստին ներկա էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սակայն Հայաստանի պատվիրակության մյուս անդամները Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում դեռևս շարունակում են իրենց ելույթները։

ԵԽԽՎ հայտարարության կարևորության մասին Civic.am-ը զրուցել է ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ 

Պարոն Մարուքյան, ի՞նչ արդյունք կունենա ԵԽԽՎ հայտարարությունը, ի՞նչ սպասենք այդ հայտարությունից հետո։

- Մենք արդեն տասը նիստ է՝ լոբբինգ ենք անում, որ Մոնիտորինգի հանձնաժողովն ընդունի հայտարարություն, դիրքորոշում արտահայտի և պահանջի ռազմագերիների վերադարձ։ Ադրբեջանական կողմը Թուրքիայի հետ սուր պայքար է մղում դրա դեմ։ Հայկական պատվիրակությունից այդ կոմիտեում ես և Ռուբեն Ռուբինյանն ենք միայն։ Կռիվների արդյունքում այսօր հաջողվեց այդ հայտարարությունն ընդունել։ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը ամենակարևոր հանձնաժողովն է, և դա ազդանշան է, որ եթե ռազմագերիներն ազատ չարձակվեն, ապա Եվրոպայի Խորհրդի այլ կառույցներ այլ բանաձևեր կարող են ընդունել։ Պարզ է, որ պրոցեսը մեծ ջանք ու ժամանակ է տանում, պարզ է, որ մեզ անհապաղ է պետք, բայց այդպիսին է միջազգային կառույցների աշխատելու ոճը, այսինքն պետք է շարունակել պայքարել։
 
Նշեցիք, որ այս հայտարարությունն ազդանշան է, և եթե ռազմագերիներն ազատ չարձակվեն, ապա Եվրոպայի Խորհրդի այլ կառույցներ այլ բանաձևեր կարող են ընդունել։ Այսքան ժամանակ ընդունված բանաձևերը ծառայե՞լ են հօգուտ Հայաստանի։

- Եվրոպայի խորհուրդը խորհրդատվական բնույթ ունեցող կառույց է, «պոլիտբյուրո» չէ, որ որոշումը պարտադիր լինի, բայց Եվրոպայի խորհրդի ամեն մի կառույցի հայտարարություն մեկը մյուսին է գումարվում։ Հիմա, օրինակ, Եվրոպական դատարանում բազմաթիվ գերիների գործեր կան, իսկ ՄԻԵԴ-ի որոշումները բոլոր անդամ պետությունների համար պարտադիր են կատարման, այդ թվում Ադրբեջանի։ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը ազդանշան է Եվրոպական դատարանին։ Եվ այդ իմաստով այդ կառույցներն իրար հետ սիներգիայով աշխատում են։ Իսկ մինչ այս, Եվրոպայի խորհրդի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել, որը կվերաբերեր հայ-ադրբեջանական հակամարտությանն ու կլիներ միակողմանի, այսինքն՝ սա առաջին դեպքն է, որ հայտարարությունն ուղիղ Ադրբեջանին է ուղղված։
   
Ռուսաստանի պատվիրակությունից հայտնել են, թե հայ ռազմագերիների և գերիների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ բերելուն դեմ քվեարկելը տեխնիկական խնդիր է եղել։ Տեսանք, որ ռուսները նաև ելույթ չունեցան հայ գերիների հարցի շուրջ։ Սա նշանակո՞ւմ է, որ ռուսական կողմը կողմնակից չէ հայ գերիների, ռազմագերիների հարցը միջազգային հարթակում բարձրաձայնելուն։

-Իրենք հայտարարել են, որ տեխնիկական խնդիր է, դա պաշտոնական դիրքորոշում է, և դա պետք է ընդունել ի գիտություն։ Ինչ վերաբերում է ելույթներին, ապա ելույթներն ի սկզբանե գրանցված չեն եղել, իսկ այդ խնդրից հետո չէին կարող գրանցվել, պետք է ավելի վաղ գրանցված լինեին, որ կարողանային ելույթ ունենալ։ 
 
Նշենք, որ հայկական պատվիրակությունից Ստարսբուրգ են մեկնել ԱԺ պատգամավորներ «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը։
 
Նարա Մարտիորսյան