Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը ինչ-որ ՀԿ չէ, որ պետք է խաղաղասիրական հորդորներ հնչեցնի, այլ ռազմական դաշինք է, և եթե իր ռազմական ֆունկցիաները չի իրականացնում՝ հայտարարություններն անիմաստ են․ Արսեն Թորոսյան․ տեսանյութ

«Ես կարծում եմ, որ մենք կրկին ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից նոր հարձակման նախադրյալներ ստեղծելուն, ինչը մեկ անգամ ամռանն արդեն արել է, երբ կրկին կեղծ հաղորդագրություններ էին տարածում, որ մեր կողմից կրակոցներ են արձակվում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը չի համապատասխանում իրականությանը, և մեր ՊՆ-ն ամեն անգամ հերքում էր այդ կեղծ տեղեկությունները։ Մենք հիմա էլ կրկին ականատես ենք լինում նույն իրավիճակին»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։  

 Հարցին, թե Ադրբեջանի սահմանային ակտիվացումը կարո՞ղ է պայմանավորված լինել նրանով, որ ՀԱՊԿ-ում գնահատական չտրվեց նրանց ագրեսիվ գործողություններին, և Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը ու չի թաքցնում նոր հարձակման նկրտումները, Արսեն Թորոսյանն ասաց, որ ինչ վերաբերում է Ադրբեջանի  կողմից իրականացվող ագրեսիային ՀԱՊԿ-ի կամ այլ պետությունների դաշինքների քաղաքական գնահատականներին, դա շատ կարևոր է՝ ագրեսիան զսպելու տեսանկյունից, և ՀԱՊԿ-ը, որի անդամ ենք նաև մենք, առաջինը պետք է արձագանքեր դրան ու ոչ միայն գնահատական տալով, այլև կոնկրետ գործողություններ իրականացնելով։

«Ընդհանրապես հավաքական անվտանգության պայմանագրերը՝ լինի դա ՀԱՊԿ-ը կամ մեկ ուրիշ ռազմական դաշինք, ունեն մեկ իմաստ՝ որ երբ տեղի է ունենում ռազմական ագրեսիա դաշինքի որևէ անդամ պետության վրա, ապա դաշինքի մնացած բոլոր պետությունները դա ընկալում են որպես ռազմական ագրեսիա իրենց վրա և համապատասխան գործողություններ են իրականացնում՝ լինի դա ռազմական գործողություն կամ այլ գործողություն։ Սակայն ՀԱՊԿ-ի դեպքում տպավորությունն այնպիսին է, որ երբ լսում ենք ՀԱՊԿ-ի գործընկերների հորդորները՝ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և այլն, կարծես թե մեզ հետ կապ չունեցող կազմակերպության անունից խոսք լինի, ինչ-որ խաղաղասիրական կոչերով, ինչն իհարկե լավ է, մենք ինքներս էլ ենք ձգտում խաղաղության, բայց ՀԱՊԿ-ը դրա մասին չի, ՀԱՊԿ-ը այլ բանի մասին է»,- ասաց Արսեն Թորոսյանը։ 

 Խոսելով նաև այն մասին, որ ՀԱՊԿ հռչակագրի չստորագրումը իրենց ընդդիմախոսները համարում են սխալ և նշում, որ դրանով հարված է հասցվում ՀՀ-ին, պատգամավորն ասաց, որ ինքը մի քանի կարծիք է լսել այդ հռչակագիրը չստորագրելու վերաբերյալ, անկեղծ ասած՝ անհեթեթ կերպով էին հիմնավորում, թե դա ինչպես է մեզ վնասում կամ ինչ ռիկսի մեջ է մեզ դնում, որովհետև մեր ռիսկն ուրիշ տեղից է, հակառակը՝ մեր ռիսկն Ադրբեջանի ագրեսիան է, որին պետք է արձագանքել։

«ՀԱՊԿ-ը ինչ-որ մի ՀԿ չի, որ պետք է դատապարտի, օրինակ, Ադրբեջանի ագրեսիան, ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք  է, որին մենք միացել ենք երկար տարիներ առաջ՝ նպատակ ունենալով մեր անվտանգությունն ապահովել, և եթե այդ դաշինքը իր ռազմական ֆունկցիաները չի իրականացնում, այդ հայտարարություններն իրականում անիմաստ բաներ են»,-ասաց Արսեն Թորոսյանը։      
   
Խոսելով նաև անցած ՏԻՄ ընտրություններից, որոնց ժամանակ Արսեն Թորոսյանը համակարգում էր ՔՊ քարոզարշավը, պատգամավորն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ են ընտրությունների արդյունքներից, որովհետև տեղի են ունեցել ժողովրդավար, ազատ ու արդար ընտրություններ, և արձանագրվել է ՀՀ քաղաքացու քվեն՝ կոնկրետ համայնքներում և որևէ համայնքում ընտրությունների արդյունքների բողոքարկում տեղի չի ունեցել, դա առաջին հաղթանակն է ոչ միայն իշխանության, այլև Հայաստանի Հանրապետության։  

«Որպես ընտրություններին մասնակցող ուժ՝ մենք գոհ ենք ստացած ձայներից, ըստ էության, բայց դա չի նշանակում, որ մենք չէինք կարող անել ավելին։ Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է ստանալ հնարավորինս շատ քվեներ, ստացվում է մի դեպքում, մյուս դեպքում չի ստացվում, և մենք հետևություններ անելով՝ պատրաստվում ենք մյուս ընտրություններին։ Եղել են համայնքներ, որտեղ մենք շատ ձայներ ենք ստացել, բայց մեր դեմ կոալիցիաներ են ձևավորվել, եղել են համայնքներ, որտեղ իշխանություն ձևավորել չի հաջողվել, այնտեղ հավանաբար կլինեն նոր ընտրություններ, այսինքն՝ այս շրջափուլով չեն ավարտվում ընտրությունները»,- ասաց Արսեն Թորոսյանը     

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների մանդատները վայր դնելուն և Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից պատգամավորների դուրս գալուն, Արսեն Թորոսյանն ասաց, որ մանրամասներին չի ցանկանում անդրադառնալ, բայց հիշեցրեց իր և իր գործընկերների կարծիքը, երբ այս դաշինքը ձևավորվում էր։

«Մենք բոլորս հասկանում էինք, որ այդ խմբակցությունն արհեստական, իրար հետ գրեթե որևէ ընդհանրություն չունեցող մարդկանց մի համախումբ է, որը չի կարող երկար գոյատևել, որովհետև նրանք գաղափարի շուրջ չէին հավաքվել կամ ՀՀ-ն ավելի լավ երկիր դարձնելու շուրջ չէին համախմբվել։ Նրանք համախմբվել էին իրենց պատկերացրած բլից-կրիգով իշխանությունը վերցնելու շուրջ՝ ընտրություններով, ինչը նրանց չհաջողվեց, բայց որպեսզի, այսպես ասած, ամբողջությամբ և միանգամից հուսախաբ չանեին իրենց ընտրողներին, ևս մի քանի փորձեր արեցին այդ բլից-կրիգները կրկնելու, ինչը նրանց չհաջողվեց։ Եվ այդ անհաջողություններից հետո հասկանում են, և մի մասն իրեն քաղաքականության մեջ չի տեսնում, չի պատրաստվում այդ ծանր բեռը կրել, իր հանգիստ և հաճելի կյանքն է ուզում վայելել՝ մասնագիտական գործունեություն անելով, և լքում է ԱԺ-ն, և դրան էլ հաջորդ ընտրություններին պետք է արձագանքի ընտրողը»,- ասաց Արսեն Թորոսյանը։    

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան