Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի սուբյեկտայնության վերահաստատումը սկվսում է Ստեփանակերտի քաղաքական ադեկվատությունից, որը ցավոք, դեռևս տեսանելի չէ․ Վահրամ Աթանեսյան

Արցախի սուբյեկտայնության վերահաստատումը սկվսում է Ստեփանակերտի քաղաքական ադեկվատությունից, որը ցավոք, դեռևս տեսանելի չէ․ Վահրամ Աթանեսյան
Հարցազրույց
12:46, 29 ноябрь 2022
Մեր զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

- Հայաստանյան քաղաքական դաշտում և Արցախում վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով և անհանգստությամբ քննարկվում է այն սցենարը, որ Ադրբեջանը մի օր պարզապես կարող է փակել Հայաստանն Արցախին կապող կենսական միջանցքը, քանի որ այդպիսի շանտաժներ և արվում են պարբերաբար, բացի այդ՝ հաճախակի է դիմում սադրանքների: Մյուս կողմից՝ Ադրբեջանը ակտիվորեն իրականության հետ աղերս չունեցող լուրեր է տարածում՝ իբր Լաչինի միջանցքով զենք զինամթերք է տեղափոխվում: Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանն էլ լուրջ մտավախություն է հայտնել, որ Արցախը կարող է դառնալ անկլավ։ Բա՞րձր է հավանականությունը նման զարգացումների և ի՞նչ քայլեր պետք է արվեն՝ խուսափելու համար այս ողբերգական սցենարից։

-Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված է, որ Լաչինի միջանցքը ունի 5 կմ լայնություն եւ գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հսկողության տակ։ Ադրբեջանի մեղադրանքները եւ Հայաստանի դժգոհությունները մի հասցեատեր ունեն՝ այդ զորախմբի հրամանատարությունը։ Բայց դիվանագիտական հռետորաբանությունը պետք է տարբերել իրականությունից։

-Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախի խնդրին՝ առաջին հերթին՝ կարևորել է, որ Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը: Երկրորդը՝ անվտանգությունն է, որը, ըստ նրա, պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝ և՛ խաղաղապահները, և՛ ամբողջ միջազգային հանրությունը, որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետ։ Բացի այդ՝ վերջինս բավականին ուշագրավ կարծիք է հայտնել Հայաստանի իշխանությունների և նրանց հետ ունեցած հարաբերությունների մասին։ Ի՞նչ դիտարկում կանեք հարցազրույցում հնչեցրած մտքերի վերաբերյալ։ Որքանո՞վ է այն հավասարակշիռ, իրատեսական։

-Որպեսզի Արցախը մասնակցի իրեն վերաբերող որոշումների կայացմանը, պետք է վերահաստատվի նրա սուբյեկտությունը։ Իսկ դա սկսվում է Ստեփանակերտի քաղաքական ադեկվատությունից, որ, ցավոք, դեռեւս տեսանելի չէ։

- Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարարի պաշտոնին նշանակվելուց հետո որոշել է կառավարության կազմը ամբողջությամբ փոխել։ Նախարարներն ազատվել են աշխատանքից, 4-ը կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մյուսների փոխարեն պաշտոնակատարներ կնշանակվեն փոխնախարարները: Իր քայլը Վարդանյանը պատճառաբանել է այսպես․ «Ես Արցախում իրավիճակը գնահատել և գնահատում եմ որպես ծայրահեղ։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, և դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ և գիտելիքներ ունեն»։ Սակայն այս փոփոխությունները միարժեք չընդունվեցին, բավականին բացասական արձագանքներ եղան թե' քաղաքական և թե' հասարակության շրջանում։ Ըստ Ձեզ ի՞նչն է պատճառը և ի՞նչ վերաբերմունք ունեք այդ փոփոխությունների հանդեպ։

-Ռուբեն Վարդանյանը չի կարող կառավարություն փոխել։ Դա նախագահի սահմանադրական բացառիկ իրավունքն է։

- Վերջերս Ալիևը հայտարարել էր, որ կցանկանա Արցախի հետ խոսել, բայց ոչ Ռուսաստանից գործուղված անձի, ով ռուս ժողովրդի գողացած փողերով է հարստացել։ Վարդանյանն էլ արձագանքեց այսպես․ «Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։ Ի՞նչով էր պայմանավորված Ալիևի նման հայտարարությունը և արդյո՞ք Ալիևի խնդիրը Վարդանյանի անձի հետ է։ 

-Ռուբեն Վարդանյանի անձի եւ նրա հնարավոր դերակատարության վրա մտասևեռվածությունը, կներեք, հիվանդագին է դառնում արդեն։ Կապրենք՝ կտեսնենք։

- Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայաստանին և Արցախին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում է․ Լաչինի միջանցքի կարգավիճակը թողնել անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, ինչպես նաև վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ։  Արցախի համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս հայտարարությունը։ Հայտնի է, որ Ադրբեջանը Ֆրանսիային կոշտ քննադատելուց հետո չեղարկեց Ֆրանսիայի մասնակցությամբ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումը՝ փորձելով լրջորեն խոչընդոտել Ֆրանսիային միջնորդական առաքելության իրականացումը։ 

-Եթե իմ կարծիքն է հետաքրքրում, ապա Հայաստանի Ազգային ժողովը պետք է խնդրանքով դիմեր, որպեսզի Ֆրանսիայի Սենատը հետաձգի այդ բանաձեւի քվեարկությունը։

- Ինչու՞

- Այդ բանաձեւը գործնական որեւէ նշանակություն եւ իրավական հետեւանքներ չունի
 
-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անորոշ ժամկետով շրջանառությունից հանեց Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը: Պաշտոնական վարկածով նման որոշման համար պատճառ են հանդիսացել իրարամերժ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, որն իր հերթին կարող էր ավելի խորացնել անվստահության մթնոլորտը, ներքին պառակտվածությունը։ Մի մասն էլ կարծում է, որ Ռուբեն Վարդանյանի՝ իշխանությունը վերցնելու նպատակի դեմ քայլ է։ Ընդհանրապես ինչո՞վ եք պայմանավորում այդ անակնկալ որոշումը։ 

-Նախագահը ինքն է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, ինքն էլ նախագիծը հանում է շրջանառությունից։ Եւ միայն ինքը կարող է սպառիչ պատասխանել հարցադրումներին։

Թամարա Ղազարյան