Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի օգնության փաստաթուղթը չստորագրելը ժամանակ տվեց ՀԱՊԿ անդամներին, որպեսզի նրանք կողմնորոշվեն և ճիշտ քաղաքական գնահատական տան․ Սաֆրաստյան․ տեսանյութ

Civic.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

-Պարոն Սաֆրաստյան, ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվում, Դուք տեսնու՞մ եք երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ։

- Վտանգը կա իհարկե, բայց ես հավատացած եմ, որ մարդկությունը ճանապարհներ կգտնի խուսափելու այդ արհավիրքից։ Բոլոր կողմերը, ովքեր պատասխանատու են մարդկության ապագայի համար պետք է նստեն մի սեղանի շուրջ և գտնեն ելք այս իրավիճակից, որովհետև մենք տեսնում ենք սրացում հարաբերությունների՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որտեղ Ուկրաինան իմ կարծիքով միայն պատրվակ է։ Պետք է գտնել ճանապարհ ուկրաինական հարցն արդարացի լուծելու համար։ 

- Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով կձևավորվի՞ նոր աշխարհակարգ, ո՞ր երկրները կլինեն գերիշխող դերում։ 

- Միտում կա նոր աշխարհակարգի ձևավորման։ Իմ ընկալմամբ այդ աշխարհակարգը չի ունենա հեգեմոն պետություններ, այլ հիմնված կլինի և մեծ, և միջին, և փոքր պետությունների իրապես իրավահավասարության սկզբունքի վրա։ Իհարկե, հնարավոր չի, որ լինի համընդհանուր արդարություն, բայց որ ավելի արդարացի աշխարհակարգ կլինի՝ դրա համար արդեն կան նախադրյալները։

- ՄԱԿ-ի փլուզում սպասվու՞մ է։

- Կարծում եմ ՄԱԿ-ը կպահպանվի, որովհետև չեմ տեսնում այնպիսի կառույց, որը կարող է փոխարինել ՄԱԿ-ին, նույնիսկ նման ծրագրեր՝ ՄԱԿ-ին փոխարինելու, չկան։ Կան ծրագրեր ՄԱԿ-ը կատարելագործելու, անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվն ավելացնելու, գուցե այդ ճանապարհով գնա ՄԱԿ-ի տրանսֆորմացիան, որ համապատասխանի նոր աշխարհակարգին։

- ԵՄ դիտորդները տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանին՝ արձանագրելու հրադադարի խախտումները, սակայն Ադրբեջանը շարունակում է հրաձգությունները Հայաստանի սահմանների ուղղությամբ, ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը։   

- Ադրբեջանի նպատակն ակնհայտ է՝ այդպիսի սադրանքների միջոցով ճնշում գործադրել Հայաստանի վրա, պարտադրել, որ Հայաստանն ընդունի նախատեսվող «Խաղաղության պայմանագրի» այն պայմանները, որոնք ձեռնտու են Ադրբեջանին և Թուրքիային։ Այսինքն, Ադրբեջանի կողմից տեղի է ունենում բացահայտ ճնշում Հայաստանի վրա։ Ադրբեջանն ու իր հետևում կանգնած Թուրքիան փորձում են ստանալ ամեն ինչ։ Եվ այդ ամեն ինչ ստանալու միջոցը և սադրանքներն են, և Հայաստանի տարածքի որոշ հատվածների օկուպացիան է Ադրբեջանի կողմից, և նույնիսկ հումանիտար՝ ռազմագերիների, հարցերում տեսնում ենք Ադրբեջանի պահվածքը։

- Եվրամիությունը կարո՞ղ է զսպող օղակ լինել Ադրբեջանի համար։

- Ես կարծում եմ դիտորդների տեղակայումը սահմանին որոշ չափով զսպող օղակ է։ Ինչպես նաև շատ հետաքրքիր էր Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին ռեակցիան, երբ նա հրաժարվեց ՀՀ վարչապետի հետ նախատեսվող հանդիպմանը, որին պետք է մասնակցեր նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Իհարկե, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունները պահպանելու, զարգացնելու՝ կապված գազի խնդրի հետ, բայց մյուս կողմից նաև ԵՄ-ն ի դեմս Մակրոնի, իսկ Ֆրանսիան ԵՄ-ի կարևոր անդամներից մեկն է և Մակրոնն էլ մեծ հեղինակություն ունի ԵՄ-ի տարբեր շրջանակներում, այնպիսի քաղաքականություն է փորձում վարել, որը հիմնված է արդարության սկզբունքի վրա, և հակադրվում է Ադրբեջանի մաքսիմալիստական ագրեսիվ քաղաքականությանը։ Սրա օրինակն է նաև Ֆրանսիայի սենատի վերջին որոշումը, այնպես որ ԵՄ-ն կարող է դրական դեր խաղալ՝ Ադրբեջանին ավելի զսպելու առումով։ 

- Թուրքիայի, Ադրբեջանի կողմից շարունակաբար խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, վերջին օրերին Ալիևը կրկին խոսեց այդ մասին, Իրանից հնչում են կոշտ հայտարարություններ ուղղված ընդդեմ Ադրբեջանի, բայց մենք կարո՞ղ ենք Իրանից առարկայական օգնություն սպասել այս հարցում, որպեսզի չբացվի այդ միջանցքը։

- Իրանը սկզբունքորեն դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին և դա պարզորոշ արտահայտում, է նույնիսկ զորավարժությունների միջոցով ճնշում գործադրելու քաղաքականություն է վարում։ Բայց մյուս կողմից պետք է հասկանանք Իրանի քաղաքականության սահմանափակումները։ Այդ սահմանափակումները կապված են օրինակ Թուրքիայի գործոնի հետ, դրա համար մենք պետք է լավ հասկանանք թե ինչ կարող է մեզ տալ Իրանը, ինչ կարող ենք սպասել Իրանից։ 

- Օրերս Հայաստանում կայացավ ՀԱՊԿ նիստը, ՀԱՊԿ քարտուղար Զասի խոսքով՝ օգնության փաթեթ էր մշակվել Հայաստանին ուղղված՝ այդ թվում դիտորդների տեղակայում, սակայն հնարավոր չեղավ բոլոր երկրների կողմից մեկ քաղաքական գնահատականի հանգել Ադրբեջանի գործողությունների հարցում, որի պատճառով էլ ՀՀ վարչապետը չստորագրեց ՀԱՊԿ օգնության հայտարարությունը։ Ձեր կարծիքով ճի՞շտ մոտեցում էր ՀՀ վարչապետի կողմից չստորագրելը։ 

- Ես կարծում եմ՝ այո, որովհետև ՀԱՊԿ-ը վերջին շրջանում իր դիրքորոշմամբ՝ կապված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ, ցույց տվեց, որ որպես կառույց դեռ չի կայացել և գտնվում է ջրբաժանի վրա։ Կամ ՀԱՊԿ-ը կկայանա որպես ռազմաքաղաքական դաշինք, որպես գործող կառույց, կամ չի կայանա և այդ ջրբաժանն անցնում է հենց Ադրբեջանի այս ագրեսիվ քաղաքականությանը օբյեկտիվ գնահատական տալու խնդրի միջոցով։ Ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ը, չնայած այնտեղ պետություններ կան, որ իսկապես Ադրբեջանի հետ մոտ հարաբերություններ ունեն, կկարողանա որպես կառույց իր կայացումն ապահովելու համար ճիշտ կողմնորոշվել և օբյեկտիվ քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ։  

- ՀԱՊԿ-ում ո՞ր երկրները սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ 

- ՀԱՊԿ-ում առաջին հերթին այն պետությունները, որոնք թյուրքական պետությունների կազմակերպության անդամ են՝ մոտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, նաև մենք տեսնում ենք, որ Բելառուսը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։  

- Եթե ՀՀ վարչապետի կողմից ստորագրվեր այդ ՀԱՊԿ-ի հայտարարությունն առանց քաղաքական գնահատականի, ի՞նչ հետևանքներ կունենար։

- ՀԱՊԿ-ն ունի իր գործառույթները, որոնք ոչ միայն ռազմական են, այլ նաև քաղաքական են։ Քաղաքական գործառույթներն իրենց մեջ պարունակում են և հիմնվում են օբյեկտիվ գնահատականի սկզբունքի վրա։ Եթե ստորագրվեր ՀԱՊԿ-ի կողմից առաջարկված այդ պրոեկտը, ապա նշանակում է՝ օբյեկտիվ գնահատական չէր տրվի իրադարձություններին, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը որպես կառույց ցույց կտար, որ ինքն ապրում է ֆիասկոյի պայմանում, որովհետև չի կարողանում գնահատական տալ, հիմա դեռ հույս կա, որ այդ գնահատականը կլինի։ Չստորագրելը ժամանակ տվեց ՀԱՊԿ-ի մնացած անդամներին, որ նրանք կողմնորոշվեն և ճիշտ որոշում ընդունեն։ 

- Այսինքն կարող են դեռևս քննարկել, որոշում ընդունել, և այդ փաստաթուղթն այնուամենայնիվ ստորագրվի։

- Ես կարծում եմ՝ այո, ամեն դեպքում քննարկումներ պետք է տեղի ունենան։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում