Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցներն ու ռմբակոծությունները սահմանին միշտ եղել են ու կլինեն և կդադարեն այն ժամանակ, երբ հայկական կողմը Ադրբեջանին ցույց տա իր տեղը. Արա Խուդավերդյան․ տեսանյութ

«Հայաստանի և Արցախի սահմաններում ամեն մի բանակցային պրոցեսից հետո կամ առաջ հակառակորդը միշտ ոտնձգություններ է  իրականացրել։ Դա միշտ պայմանավորված է  լինում նրանով, թե ինչպիսի խնդրանք առաջադրանք պետք է կատարեն իր հովանավորյալները, այսինքն՝  ՀԱՊԿ-ը, որպեսզի ադրբեջանական կողմը կարողանա հասնել իր ուզած և ընդհանուր ՀԱՊԿ-ի շահերից բխող երևույթներին՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը գրպանելուն»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն։      

Վերջինս նշեց, որ դա զարմանալի չի, և մեզ ևս մեկ անգամ պետք է, որպեսզի մեր բանակը, մեր զինուժը, մեր ազգաբնակչությունը, կամավորը, աշխարհազորայինը, ովքեր որ կանգնած են սսհմանագոտում, կարողանան ապահովել սահմանի խաղաղ անդորրը՝ վերադարձնելով հակառակորդին զինված պատասխան։ 

Արա Խուդավերդյանի խոսքով՝ կրակոցներն ու ռմբակոծությունները սահմանին միշտ եղել են, միշտ կլինեն և կդադարեն այն ժամանակ, երբ հայկական կողմը Ադրբեջանին ցույց տա իր իսկ տեղը։ 

Խոսելով նաև այն մասին, որ Ադրբեջանը կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, այնուհետև հայտարարում, թե հայկական կողմն է խախտել հրադադարը, Արա Խուդավերդյանն ասաց, որ Ադրբեջանն իր արածը միշտ փորձում է այս կամ այն կերպ կպցնել Հայաստանին կամ Ղարաբաղին։

«30 տարի դրանից բացի մենք ուրիշ բան չենք լսել, իրենց բոլոր սադրանքները՝ լինեն քաղաքական դաշտում, թե ռազմական, սահմանային պրոցեսներում, նա միշտ արել է։ Իսկ ներկայիս դրությամբ ինքն անում է նույն  սադրանքները. երբ կորզի ՀԱՊԿ և մյուս պետություններից հարձակման թույլտվություն, նոր կանցնի ոտնձգությունների։ Բայց մենք միշտ պետք է լինենք պատրաստ և սպասենք այդ պրոցեսին»,- ասաց Արա Խուդավերդյանը։

Խոսելով նաև այն մասին, որ նախորդ շաբաթ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանը չի ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը, քանի որ չի հաջողվել դրանցում համաձայնության գալ, Արա Խուդավերդյանն ասաց, որ ինքը ողջունում է Նիկոլ Փաշինյանի՝ «վետո» դնելու, չստորագրելու հանգամանքը, որովհետև մինչ ստորագրելը վարչապետը ներկայացրեց չստորագրելու հիմքերը։
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան