Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի Հայաստանից Վրաստան արտահանվել է 292,2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2019-ին և 2020-ին արտահանում չի եղել, ՀՀ-Վրաստան և ՀՀ-Իրան օդային գծի կառուցմամբ արտահանման ծավալները կավելանան. Մեսրոպ Մեսրոպյան

Էլեկտրաէներգիայի շուկան այս տարվա փետրվարից ազատականացվել է։ Ազատականացման նպատակներից մեկը Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի խթանումն է։ 

Էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը համակարգվում է պետական ոչ առևտրային կազմակերպության՝ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից։

Civic.am-ի հետ զրույցում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ այս տարի շուկայի ազատականացման շնորհիվ Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիա է արտահանվել 292,2 մլն կՎտժ, իսկ Վրաստանից ներկրումը կազմել է 101,1 մլն կՎտժ։

«2018թ. Հայաստանից Վրաստան արտահանվել էր 7,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ներկրվել էր 82,3 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, իսկ 2019թ. և 2020թ. առհասարակ Հայաստանից չի արտահանվել էլեկտրաէներգիա Վրաստան։ 2019թ. Հայաստանից Վրաստան ներկրվել է մոտ 60 մլն կՎտժ և 2020թ.՝ 66,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա»,- պարզաբանեց Մեսրոպ Մեսրոպյանը։ 

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի այն քանակը, որն արտահանվում է Վրաստան, իրացվում է սահմանափակ շրջանում, այսինքն՝ չի կարող չսպառվել Վրաստանում և տարանցիկ ճանապարհով հասնել այլ երկրներ։ 

Միջպետական առևտուրն իրականացնում են ՀԾԿՀ-ի կողմից լիցենզավորված ընկերությունները. Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ այս պահին էլեկտրաէներգիայի շուկայում գրանցվել է 3 ընկերություն՝ միջպետական առևտրով զբաղվելու համար:  «Այս տարի Վրաստան արտահանվել է  էլեկտրաէներգիա բացառապես «Էներջի Սփլայ» ընկերության միջոցով»,- հավելեց նա ու ընդգծեց. «Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները մասնավորապես Իրան և ՌԴ կարող են ավելանալ ապագայում՝ պայմանավորված Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան օդային գծերի գոյությամբ։ Հայաստան Իրան 400 կՎ օդային գծի մեծ մասն արդեն կառուցվել է, և հուսանք, որ առաջիկա տարում ամբողջությամբ կավարտվի շինարարությունը, իսկ Հայաստան-Վրաստան 400 կՎ օդային գծի շինարարության մրցույթը կհայտարարվի 2023թ.։ Այս երկու ենթակառուցվածքները հնարավորություն կստեղծեն մեր երկրից արտահանման ծավալներն ավելացնելու»։  

ՀԾԿՀ-ից լիցենզիա են ստացել նաև ընկերություններ, որոնք պետք է էլեկտրաէներգիա վաճառեն ներքին սպառողին՝ ՀԷՑ-ից ամբողջությամբ կամ մասնակի դուրս եկած ընկերություններին։ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝  «Արարատ ցեմենտ» ՓԲ, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ, «Ռադիո» ՓԲ, «Վեոլիա ջուր» ՓԲ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերություններն արդեն ազատականացված շուկայում առևտուր են անում։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում