Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցնող տարում Սիսիանի համայնքապետարանում, ՀՈԱԿ-ներում բազմապիսի աշխատանքներ են իրականացվել. մնացած խնդիրները կլուծվեն ավագանու նոր կազմի և համայնքապետի ընտրությունից հետո. տեսանյութ

Անցնող մեկ տարվա ընթացքում Սիսիան խոշորացված համայնքում լայնածավալ սուբվենցիոն աշխատանքներ են իրականացվել՝ ասֆալտապատման, բակերի բարեկարգման, լուսատուների փոփոխության և ավելացման, խմելու և ոռոգման ցանցի նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ, վերջապես մաքրվել է քաղաքով անցնող Որոտան գետը։ Համայնքի նախկին ղեկավար Արմեն Հակոբջանյանը նշում է, որ բացի կատարված աշխատանքներից, այս պահին էլ աշխատանքներ կան, որ դեռ կատարման փուլում են։

Բազմաթիվ աշխատանքներ էլ կիրականացվեն հաջորդ տարվա ընթացքում։ Համայնքում այս տարի անցկացվեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Չնայած նրան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ, ստացավ ընտրողների ամենաշատ քվեները, բայց ավագանին քաղաքապետ այդպես էլ չընտրեց։

Մասնակից ուժերից ոչ մեկը չէր հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը։ Ի վերջո ավագանու նիստում քվորում չապահովվեց, հետևաբար նաև քաղաքապետ չընտրվեց, ինչը ազդում է համայնքում կատարվելիք աշխատանքների վրա։

Բացի սրանից, համայնքը չի կարողացել հաստատել նաև համայնքի հաջորդ տարվա բյուջեն։

Ավագանու չձևավորվելու և համայնքապետ չընտրելու հետևանքով նաև հաջորդ տարվա սուբվենցիոն աշխատանքները չեն կարող իրականացվել, քանի որ ավագանին պետք է հաստատեր համայնքի սուբվենցիոն ծրագիրը։

Սիսիանում կառուցվում է նաև նոր բժշկական կենտրոն, որը պատրաստ կլինի 2 տարվա ընթացքում, և այժմ մանկապարտեզի նախկին շենքում գործող բժշկական կենտրոնը կտեղափոխվի նոր մասնաշենք՝ ապահովված բժշկական սարքավորումներով։

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանը նշում է՝ չնայած այժմ աշխատում են ժամանակավոր շենքում, սակայն անցած տարվա ընթացքում բուժկենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով և նոր կադրերով։ 

Բացի սյունեցիներից, նաև Երևանից են երիտասարդ բժիշկները ուղեգրվել Սյունիք և համալրել բժշկական կենտրոնի երիտասարդացող աշխատակազմը։

Բուժանձնակազմը, կարելի է ասել, համալրված է անհրաժեշտ մասնագետներով,  հիվանդանոցի նոր շենքի կառուցումից հետո բուժկենտրոնը ամբողջությամբ կվերազինվի սարքավորումներով, և սիսիանցիները այլևս կարիք չեն ունենա որոշ հետազոտությունների համար հասնել մայրաքաղաք։

Տնօրենը ակնկալում է, որ կհամալրվի նաև շտապօգնության տեխնիկական և ավտոմեքենաների պարկը։ Արդեն դիմել է առողջապահության նախարարությանը։ Այս ընթացքում վերազինվել են նաև լաբորատոր գործիքային սարքավորումներով։

Նաև ժամանակավոր շենքային պայմաններն են բարելավվել, կատարվել են մասնակի նորոգման աշխատանքներ։

Սիսիանի անտառտնտեսության անտառապետ Գագիկ Շողունցն էլ ներկայացրեց իրենց կառույցում արված և արվելիք աշխատանքները։

Անտառապետը նշում է՝ նաև ժամանակավոր աշխատողներով են կարողացել համալրել թիմը, ինչը ևս նպաստել է կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Անտառտնտեսության տնօրեն Տիգրան Համբարձումյանն էլ նշում է՝ ակտիվ աշխատանքներ են իրականացնում անտառագողության դեմ։
2023 թվականի համար ևս բազմաթիվ աշխատանքներ ունեն պլանավորած՝ 40 հեկտար խոտհունձ, խնամք, լրացումներ, նաև՝ ծառատունկ։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան