Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չենք կիսում ՀՅԴ-ի տեսակետը․ հայրենիքի համար այս ծանր պահին ներքին անհամերաշխության ցանկացած դրսևորում ջուր լցնել է հակառակորդի ջրաղացին․ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ

Չենք կիսում ՀՅԴ-ի տեսակետը․ հայրենիքի համար այս ծանր պահին ներքին անհամերաշխության ցանկացած դրսևորում ջուր լցնել է հակառակորդի ջրաղացին․ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ
Հարցազրույց
18:42, 29 декабрь 2022
Civic.am-ի հարցերին պատասխանում է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը։ 

- Ադրբեջանը, չնայած միջազգային կառույցների ճնշմանը, չի ապաշրջափակում Արցախի՝ արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը։ Ավանդական կուսակցություն ՍԴՀԿ-ն ի՞նչ միջոցառումներ է կազմակերպում արտերկրում և Մայր հայրենիքում՝ Լաչինի միջանցքի փակման հարցին համաշխարհային հնչեղություն հաղորդելու, Ադրբեջանի վրա լրացուցիչ ճնշում բանեցնելու ուղղությամբ։ 

- Լաչինի միջանցքի փակման առաջին իսկ օրերից, երբ պարզ դարձավ, որ սա տարերային ակցիա չէր, այլ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված գործողություն իր հեռահար նպատակներով, Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը տասնյակից ավելի երկրներում գործող իր միավորներին թելադրեց հայ համայնքի այլ կազմակերպությունների հետ համագործակցաբար կազմակերպել բողոքի ակցիաներ, զորակցության հավաքներ և ուղիղ դիմումներ այդ երկրների իշխանություններին դատապարտելու և ճնշում բանեցնելու Ադրբեջանի վրա՝ օր առաջ ազատելու միջանցքը իրենց սադրիչ ամբոխից: Առ այսօր տասնյակ նման միջոցառումներ են կազմակերպվել բոլոր ցամաքամասերում: Բացի դրանից, կուսակցությունը և նրա հարակից կառույցները դատապարտող հայտարարություններով հանդես եկան, ինչպես նաև կոչով, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ըստ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի:

- Հայ ավանդական մյուս կուսակցության՝ ՀՅԴ-ի հետ վերոհիշյալ հարցի հետ կապված արդյոք համագործակցո՞ւմ է ՍԴՀԿ-ն, և մասնավորապես ինչպիսի՞ համատեղ միջոցառումներ են իրականացվում։ 

- Ինչպես արդեն նշվեց, մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել և նախատեսվում են առաջիկայում, սակայն համագործակցությունը չի սահմանափակվում միայն երկու կուսակցություններով, այլ կրում է շատ ավելի լայն բնույթ և բազմաթիվ այլ հասարակական, կրոնական, հայրենակցական և այլ կազմակերպություններ են ներգրավված: 

- ՀՅԴ-ն մեղադրում է ՀՀ իշխանությանը՝ Լաչինի միջանցքի փակման «իրական մեղավոր», «միակ պատասխանատու» համարելով։ ՍԴՀԿ-ն կիսո՞ւմ է այդ տեսակետը։ Մասնավորապես ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը միջանցքի բացման հետ կապված, ի՞նչ կարող է անել, որը չի անում։ 

- Մենք չենք կիսում այդ տեսակետը: Ավելին, մենք համարում ենք, որ հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական ժամանակահատվածում ներքին անհամերաշխության ցանկացած դրսևորում պարզապես ջուր լցնել է հակառակորդի ջրաղացին: Գլխավոր մեղավորը այս հարցում միանշանակ մեկն է, և դա Ադրբեջանն է: Անշուշտ մասամբ իր մեղքի բաժինն ունի նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորի ղեկավարությունը, որի վերահսկողության գոտում նման արարք ոչ միայն թույլատրվել է, այլև արդեն երեք շաբաթ է՝ չի հաջողվում համոզել կամ ստիպել մի խումբ քաղաքացիների ազատել միջանցքը: Այս պահին, մեր կարծիքով, արվում է կարելին՝ հասնելու համար հանգուցալուծման, որը, սակայն, մեծապես կախված է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության կեցվածքից ու ակնկալվող քայլերից, ինչպես նաև միջազգային ընտանիքից, որ բացի դատապարտող կոչերից՝ պատժամիջոցների սպառնալիքի տակ պետք է պարտադրի Բաքվի իշխանություններին հետ կանգնել իրավիճակը ապակայունացնող շարունակական գործողություններից: 

 Հեղինե Մանուկյան