Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օթևան համայնքում կրակոցները տեղի են ունեցել մի ընտանիքին պատկանող տարածքում, որն ինձ դիմել է, որպեսզի կանխեմ 130 հեկտար հողի՝ օրենքի խախտումով աճուրդը. Ռուստամ Բաքոյան

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն տարածվեց, թե ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խոչընդոտում է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում աճուրդով հողերի ձեռք բերմանը, ինչպես նաև նշվել էր, թե Մեծաձորի համայնքապետարանի վրա են կրակել, իսկ կրակողները պատգամավորի հետ կապ ունեցող անձինք են։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Ռուստամ Բաքոյանի հետ։    

Նա նշեց վերոնշյալ համայնքի հետ կապված երեք իրադարձություն, որոնց ինքը միջամտել է։    

«Առաջինը 2019 թվականին է եղել, երբ դեռ Մեծաձորը խոշորացված չէր, հենց գյուղի բնակիչները, որոնցից մեկը ներկայիս գյուղապետն է, մյուսները՝ ներկայիս ավագանու անդամները, ինձ դիմել էին մի հրատապ հարցով։ Խնդիրը հետևյալն էր. 14 հեկտար հող էին փորձել տալ ուրիշին և տվել էին,  նախկին համայնքապետն էր տվել։ Իսկ այդտեղ մարդիկ մտադիր էին հանքարդյունաբերությամբ զբաղվել։ Ես միջամտել եմ՝ իմ ազգակիցների դիմումը բավարարելու համար։ Խնդիրը հասկանալու համար մի քանի անգամ գնացել եմ համայնք, կոչ եմ արել և խնդրել մարդկանց, որոնք փորձել են անօրինական ճանապարհով այդ հողերը զավթել, բայց այդպես էլ մնացել էր, և գյուղի բնակիչների հետ քննարկման արդյունքում եկել ենք ընդհանուր հայտարարի, որ պետք է փաստաբանի հետ դատարանի միջոցով հարցը կարգավորել»,- ասաց պատգամավորը։

Ռուստամ Բաքոյանը տեղեկացրեց, որ երեք տարի հետո կարողացել են այդ 14 հեկտարը վերադարձնել։

Սակայն պատգամավորը ցավով նշեց, որ այսօր այդ նույն մարդիկ՝ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, կողքի եզդիական համայնքի հողերն են հանում աճուրդի, որտեղ ուրիշ մարդիկ նպատակ ունեն զբաղվել հանքարդյունաբերությամբ։

Ինչ վերաբերում է կրակոցների մասին տեղեկությանը, Ռուստամ Բաքոյանը կոչ արեց ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, պարոն Աբազյանին, պարոն Ղազարյանին հետևողական լինել և անձամբ իրենց ուշադրության կենտրոնում պահել, բացահայտել այս ամենը և պատժել մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ։  

«Կրակոցների մասին, որոնք տեղի են ունեցել, ես տեղեկացել եմ համացանցից։ Եվ կրակոցները, որ տեղի են ունեցել Օթևան համայնքում, տեղի են ունեցել մի ընտանիքին պատկանող տարածքում, որն ինձ դիմել է, որպեսզի կանխեմ 130 հեկտար հողի աճուրդը։ Այդ մարդու բակում գտնվող մի դոմիկի վրա են կրակել, որը ժամանակին եղել է Օթևան համայնքի գյուղապետարանը։ Այս ընտանիքը ինձ դիմել է, որպեսզի ես կարողանամ իրենց օգնել, իրենք կանխեն 130 հեկտար հողերի աճուրդը, և դա կանխվել է, որովհետև օրենքի խախտում կա»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան