Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը արագ բացելու է միջանցքը, երբ հասկանա, որ ՄԱԿ-ը, ԵՄ-ն այլևս իր կամքը չեն հարցնում և փաստահավաք դիտորդական առաքելություն են ուղարկում. Ստյոպա Սաֆարյան

Ալիևը արագ բացելու է միջանցքը, երբ հասկանա, որ ՄԱԿ-ը, ԵՄ-ն այլևս իր կամքը չեն հարցնում և փաստահավաք դիտորդական առաքելություն են ուղարկում. Ստյոպա Սաֆարյան
Հարցազրույց
13:17, 23 январь 2023
Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

- ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ Եվրախորհրդարանի  բանաձևից հետո Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը,120.000 արցախցու զրկել էլեկտրականությունից ու գազից և կենսական պայմաններից, բայց պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ Բրյուսելում: Դուք ճի՞շտ համարում եք Հայաստանի մասնակցությունը այս իրավիճակում, և արդյոք կմասնակցի՞ հայկական կողմը, եթե մինչ այս՝ դեկտեմբերի 23-ին, չմասնակցեց Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ «այս պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն է», ավելին՝ մերժեց Ալիևի առաջարկով թբիլիսյան հանդիպման մասնակցությունը:

- Առաջին հերթին ասեմ, որ Հայաստանը Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ Ադրբեջանի հետ որևէ խոսակցություն չպետք է ունենա: Հայաստանը ունի շատ հստակ պայմանավորվածություններ, այդ թվում՝ եվրոպական հարթակում ձևավորված, որոնք ամրագրվել են Շառլ Միշելի հետ և Պրահայի հանդիպումների հայտարարությունների մեջ, որոնցում, օրինակ, միջանցքի մասին հարց չկա, և Ալիևը չի կարող ու չպետք է թույլ տալ նրան նոր խնդիրներ ստեղծելով՝ պահանջի դրանց վերաբերյալ քննարկումներ այդ նույն հարթակներում: Ըստ այդմ՝ բոլոր հարթակները՝ լինեն ռուսական, եվրոպական, Պրահայի, վաշինգտոնյան, վրաստանյան կամ այլ, որտեղ քննարկման առարկա կդառնան Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված նոր պայմանները ու նոր պահանջները, անընդունելի են: Հայաստանը միշտ պարզ հայտարարել է, որ հավատարիմ է այդ բոլոր պայմանավորվածություններին, իսկ բանակցություններ սառեցնողը, դրանց ճակատագիրը վտանգողը Ադրբեջանն է, և նա պետք է վերադառնա բանակցության: Այժմ տեսանելիորեն Ադրբեջանի համար վթարային ելքեր են ստեղծվում, բայց Հայաստանը չի կարող այդ բանակցություններին մասնակցել, քանի դեռ եռակողմ հայտարարության դրույթները հարգված և վերականգնված չեն: Ես կարծում եմ՝ հայկական կողմը այն նույն պատճառաբանություններով, որոնցով հրաժարվել է միչև այս եղած Լավրովի առաջարկից և այլ բանակցությունների առաջարկներից, նույն կերպ պիտի հրաժարվի և կհրաժարվի մասնակցել բրյուսելյան հանդիպումից: Բացի դրանից՝ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Ստեփանակերտի հետ, ոչ թե Ստեփանակերտն է հրաժարվել: Բաքուն ասաց, որ Արցախի հետ չի բանակցի, որովհետև Ռուբեն Վարդանյանին չի սիրում, իսկ որտե՞ղ էին պայմանավորվել, որ Ալիևը Ստեփանակերտի հետ պիտի բանակցի, անկախ նրանից՝ ով է բանակցողը՝ Վիտալի Բալասանյա՞նը, թե՞ Ռուբեն Վարդանյանը. Պրահայում և Ժնևում այդպիսի բան չէին պայմանավորվել: Հետևաբար ո՞վ է վտանգել բանակցությունները, իհարկե՝ Ալիևը, ո՞վ է հրաժարվել Պրահայի բանակցությունները շարունակել՝ պատճառաբանելով Մակրոնի գործոնը: Այստեղ ինձ համար մի հարց է էական, որ դեռևս պատասխան չունի. եթե Բրյուսելում հանդիպում են նշանակում, նշանակում է՝ Պրահայի հարթակն այլևս չկա, և եթե չկա, այն դեպքում, երբ Պրահայի կազմակերպիչը առանցքային դերակատար Ֆրանսիան էր, հիմա ԵՄ-ն սրանով ազդակ է հղում Ալիևին, թե համաձա՞յն է, որ վերջինս մերժի Ֆրանսիային և ասի, որ անելի՞ք չունի: Դժվար թե, բայց մյուս կողմից՝ գործ ունենք Շառլ Միշելի հետ, հաստատ բան չենք կարող ասել, առավել ևս, որ Շառլ Միշելը շատ լուրջ բացթողումներ ունեցավ նախորդ ամռանը՝ օգոստոսին իր մասնակցությամբ բանակցության ժամանակ, որը տարբերվում էր նախորդ մոտեցումներից, և դա պատահական չէր. կապված էր նրա հետ, որ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյա Ուրսուլան գազային պայմանագիր էր կնքում Ալիևի հետ: 

- Ալիևը արդյոք հակվա՞ծ է տապալելու Պրահայի բանակցությունը, եթե բոլորովին վերջերս հայտարարել էր՝ ձեռքբերում է համարում այն, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս: Նկատենք, որ Հայաստանին ուղղված այսպիսի մեղադրական պնդում ներկայացնում են նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովը և հայաստանյան ընդդիմությունը՝ կոշտ քննադատելով իշխանություններին և մեծ բացթողում համարելով: 

- Ես այն կարծիքի եմ, որ Ալիևն ընդհանրապես կողմ չէ որևէ բանակցված լուծման, անընդհատ պատրվակ է փնտրելու տապալելու բանակցությունները, որովհետև ինքը համոզվել է՝ ռազմական գործողություններով ավելի շատ հարց է լուծում, ավելի շատ բան է ստանում, քան բանակցային եղանակով: Քանի դեռ Ալիևի դեմքին սթափեցնող ապտակ չի իջել, որ ոչ միայն նախկինում իր ռազմական ճանապարհով ձեռք բերած արդյունքը չի ճանաչվելու, այլ նաև չեն թողնելու, որ դա կրկնվի, Ալիևը շարունակելու է այդ թեզին հավատալ, իսկ դա նշանակում է՝ նա իմիտացիոն ձևով է մասնակցում բանակցություններին, իսկ մասնակցության դեպքում էլ պատճառներ է գտնում տապալելու, ապա դա բարդելու Հայաստանի վրա և հետո սկսելու նոր ռազմական ագրեսիա: Սա է Ալիևի ստրատեգիան: Տեսանելի է, որ Արևմուտքում լավ էլ հասկանում են Ալիևի նպատակներն ու քաղաքականությունը, դրա համար էլ Հայաստանի սահմաններ  քաղաքացիական դիտորդներ ուղարկեցին, հիմա էլ են պատրաստվում ուղարկել, նաև շատ հասցեական հայտարարություններ են անում՝  դրանով Ալիևին հասկացնելով, որ չի անցնելու էդ քաղաքականությունը ու թուլ չի տրվելու, որ Ադրբեջանը շահագործի նրանից գազ գնելու հանգամանքը և գնա լուծումների, որոնք միջազգային հանրության համար ընդունելի չեն:

Պրահայում Ալմաթիի համաձայնության հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, թե ԼՂ խնդիր, արցախահայության անվտանգության, ինքնորոշման իրավունքի հարց չկա: Նույն տրամաբանությամբ՝ Ալիևն է ճանաչել ԼՂ ժողովրդի կամարտահայտության իրավունքը բոլոր բանակցված փաստաթղթերով: Այնպես որ, Ալմաթիի պայմանագիրը ոչ մեկի չի կաշկանդում քննարկելու ԼՂ խնդիրը ու նաև միակ լուծում համարելու Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը: Եվ մեղադրող ՌԴ-ն նույնպես ճանաչել է Ալմաթիի համաձայնագիրը վաղուց և չի չեղարկել, ինչու է Հայաստանին մեղադրում, կամ եթե ՌԴ-ն ինքը 92-ին ճանաչել է այդ փաստաթուղթը որպես համանախագահ՝ ինչպե՞ս էր միջնորդում, օրինակ, տարածքային ամբողջականության և միաժամանակ ինքնորոշման իրավունքի սկզբունքների կիրառման շրջանակում, նշանակում է Ալմաթիի համաձայնությամբ չի կաշկանդվել:    

- ԵԽԽՎ-ն դատապարտեց ՌԴ խաղաղապահների անգործությունը և կոչ արեց ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով նրանց փոխարինման շուրջ հրատապ բանակցություններ սկսել, քննադատում էր ՌԴ խաղաղապահական առաքելությանը և կոչ անում ՄԱԿ-ին այն փոխարինել: Տեսանելի ապագայում այս պահանջի իրագործման հնարավորություն տեսնո՞ւմ եք: Ի՞նչը կարող է ստիպել Ալիևին դադարեցնել 120.000 հայ մարդու պատանդ պահել:

- Հայաստանի կողմից պարբերաբար շեշտվող Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային մեխանիզմ ստեղծելու պահանջը, որը վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկն է, Ալիևը, չկատարելով, այլ հակառակը՝ ստեղծելով բոլոր պայմանները, դրդում է, որ այլևս չնայեն իր քմահաճություններին: Եթե Կարմիր խաչը անընդհատ զեկուցում է, որ ինքը այդ տարածաշրջան մտնում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ տեսնում է, որ այդ ժողովուրդը պատանդ է, Արևմուտքում հետևություններ են արվում: Մեզ չի գոհացնում օգնության տեմպը, դեռևս Լաչինի ճգնաժամը և մյուս խնդիրները չեն լուծվում, սակայն սկսվել է մի գործընթաց, որը ինչ-որ մի տեղ տանում է, և այստեղ ամենակարևորը պետք են ամուր նյարդեր, ճկունություն և լավ հասկանալ՝ ինչ-որ ժամանակ հնարավորության պատուհաններ են բացվում, ինչ-որ խնդիրներ են լուծվում, և պետք է առավելագույնս օգտվենք, ինչպես, օրինակ, Պրահայի հանդիպումից մենք կարողացանք օգտվել և ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին իրականություն դարձնել: Մյուս կողմից՝ ես այնքան լավատես չեմ միջազգային հարաբերությունների և համակարգի հարցում (ուկրաինական պատերազմը դրա վկան է), որ միջազգային կառույցների իրական շահագրգռությունները, կարողությունների մեխանիզմները բավարարում են խնդիրներին ֆունդամենտալ լուծում տալուն, բայց ես տեսնում եմ, որ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են պատուհաններ, որոնք օգնում են մեր կենսական կարիքները լուծել, և դա այժմ Հայաստանի սահմանների միջազգային դիտարկումն է, սահմանի խախտման արձանագրման, վերականգնման ուղղությամբ միջազգային մեխանիզմի գործադրմանը հասնելն է կամ Արցախի հայության միջազգային իրավունքների, անվտանգության ապահովման հարցում առաջընթացը, որը կարող է բերել, օրինակ, Արցախում միջազգային կառույցների հումանիտար գրասենյակների գործելուն: Եվ Ալիևը այս հեռանկարից խուսափելու համար արագ բացելու է միջանցքը, երբ որ, օրինակ, զգա՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն այլևս իր կամքը չեն հարցնում և փաստահավաք դիտորդական առաքելություն են ուղարկում: 

Ու երբ ՄԱԿ-ի հայտարարությունը տապալվում է, դա չի նշանակում, որ ՄԱԿ-ը երկար կարող է մատնվել տոտալ անգործության և ասել, որ անկարող է, ինչը փաստացի տեղի է ունեցել մինչև հիմա. կառույցը չի կարողանում ոչինչ անել, չի կարողանում մուտք գործել ոչ մի ձևաչափով, անգամ կոչ անել չի կարողանում ըստ էության: Հետո՝ ենթադրենք, Եվրախորհրդարանի պահանջի համաձայն, գալիս է ԵՄ փաստահավաք առաքելությունը և պայմանավորվում է ռուս խաղաղապահների հետ, չնայած բանաձևում մեղադրանք կա վերջիններիս հասցեին, և դժվար է պատկերացնել ռուս խաղաղապահներին այդտեղ, Ալիևը ստիպված է լինելու արագ, վայրկենական բացել միջանցքը՝ կանխելու համար այդ գործընթացը:

Այս պրոցեսները, բացի Ադրբեջանից, չեն կարող չանհանգստացնել նաև շահագրգիռ կողմ հանդիսացող ՌԴ-ին: Որպեսզի դափնիները չհասնեն ՄԱԿ-ին, Արևմուտքին, ՌԴ-ն ձեռքերը ծալած չի նստելու ու սպասելու, այլ ջանքեր է գործադրելու, որ դրանից շուտ իր միջնորդությամբ միջանցքը բացվի: Արդեն տեսանելի է՝ ուր է գնում պրոցեսը, և միջանցքը երկար փակել և տեռորիստի հոգեբանությամբ Երևանին ստիպել վերաբանակցել Արցախի խնդրով և փաստաթուղթ ստորագրել տալ՝ ապագա չունի, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ առաջիկայում Հաագայի դատարանն է որոշում կայացնելու: Եվ եթե մենք դիմանանք և՛ այստեղ, և՛ Արցախում, դրական արդյունքը, հուսանք, շուտով տեսանելի կլինի:

Թամարա Ղազարյան