Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ, որ հատկապես ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը բոլորովին նոր էջ է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության մեկնարկի համար. Արման Բաբաջանյան

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ մեկ օրով վերադառնում է Երևան՝ հանդիպումների, և նշել, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։ 

Civic.am-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ասաց, որ իր համար չափազանց տարօրինակ է Կլաարի Երևան այցելությունը, որովհետև Երևանը հստակ մատնանշել է հասցեատերերին, թե ովքեր են պատասխանատու  Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի համար։ 

«Դրա մասին տեղեկացված են մեր արևմտյան գործընկերները ոչ միայն ԵՄ-ում, այլև ԱՄՆ-ում։  Եվրախորհրդարանի պատգամավորները, նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը, Ֆրանսիայի դեսպանը առանց երկմտանքի, ուղղակի հասցեական Ռուսաստանին և Ադրբեջանին պատասխանատու հայտարարեցին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար և երկու երկրներին կոչ արեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել միջանցքն անցանելի դարձնելու համար։ Ինձ համար տարօրինակ է, որ ԵՄ-ն այս ամենից հետո փոխանակ իր ճնշումն ավելացնի Ադրբեջանի վրա, ինչու ոչ՝ հենց պատժամիջոցներ սահմանի Ալիևի ունեցվածքի, նրա անձնական կապիտալի վրա, որ եվրոպական մի շարք երկրներում, գաղտնիք չէ, առկա են, գալիս է Երևան Լաչինի միջանցքի շուրջ խոսակցություն ծավալելու։ Ակնհայտ է, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է ցույց տալիս իր կախվածությունն Ադրբեջանից, և մտահոգությունները, որ եվրաչինովնիկներն ուղղակի կախվածություն ունեն Ադրբեջանից, և Ադրբեջանը նրանցից շատերին ուղղակի առել է փողով, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դրա առաջին ճակատում է, ավելի ու ավելի արդարացված են դարձնում այս համոզումը, և կարծես այդ պնդումը հնարավոր չի դառնում նույնիսկ հերքել»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Վերջինս նշեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանը շատ կարևոր ճանապարհ ունի անցնելու, և հույս ունի, որ առաջիկայում անվտանգային համագործակցությունը մեր մարտահրավերների ուղղությամբ, դրանք սպասարկելու ուղղությամբ էական առաջընթաց են  արձանագրելու։

Արման Բաբաջանյանը վստահ է, որ հատկապես ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը բոլորովին նոր էջ է
Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցություն մեկնարկելու համար, և կարծում է՝ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունն այլևս պիտի բոլորովին նոր հարթություն տեղափոխվի, և ՍԵՊԱ-ն այլևս չի համապատասխանում Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ծավալին, բովանդակությանը և խորությանը։  

Արման Բաբաջանյանի խոսքով՝ Կլաարը, Շառլ Միշելը և մյուսները ուղղակի նաև իրենց  ոչ կոմպետենտության, անհետևողականության պատճառով հայ-ադրբեջանական հակամարտության վրա շատ բացասական ներգործություն և ազդեցություն են ունեցել։ 

«Չնայած Հայաստանը մշտապես ականջալուր է եղել արևմտյան գործընկերներին և ընդառաջ է գնացել նրանց հորդորներին, այդ թվում՝ կմտաբերեք, անցյալ տարվա սկզբին Հայաստանն ուղղակի միջազգային գործընկերներին վկայաբերելով՝ խոսեց Արցախյան խնդրում նշաձողն իջեցնելու պատրաստակամության մասին, որի դիմաց մենք պետք է ստանայինք միջազգային հանրության աջակցությունը։ Ես ձեզ ուզում եմ բացահայտել, որ այդ միջազգային հանրություն կոչվածը ԵՄ-ն է, այդ չինովնիկը, որն այդպիսի խորհուրդ էր տվել Հայաստանին և անվերապահ աջակցություն խոստացել, Շառլ Միշելն էր, ԵՄ-ն էր, և մենք դրանից հետո չենք ստացել այդ աջակցությունը, ինչ որ ակնկալել ենք և ինչ որ պայմանավորվել ենք։ Ավելին, պիտի ասեմ, որ օգոստոսի 31-ի նաև ձախողումը՝ Ալիև-Փաշինյան բանակցությունների, հանգեցրին սեպտեմբերյան այն էսկալացիային, որը մեզ համար չափազանց ծանր կորուստներ արժեցավ, և ըստ էության 44-օրյա պատերազմից հետո դա առաջին խոշորամասշտաբ ռազմական ագրեսիան էր արդեն ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան