Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին իշխանությունը կենսական խողովակներով կապված է ՌԴ-ի հետ և իրագործում է ՌԴ-ի պետական շահը Հայաստանում, ինչը վտանգավոր երևույթ է և բնորոշ է գործակալական գործունեությանը. Մասիս Մելքոնյան

«Կատարվածի մասին ես չեմ ցանկանա հստակ կարծիք հայտնել, քանի որ իրականացվում է նախաքննություն, և նախաքննական մարմինն է միակ իրավասու մարմինը դեպքի հանգամանքների մասին պարզաբանումներ տալու։ Միակ բանը, որ ակնհայտ էր, դա պատասխանատու որոշակի շրջանակների, պաշտոնատար անձանց անփութության հետևանք էր՝ լինի զինծառայողների, թե ղեկավար կազմի»,-Civic.am-ի հետ խոսելով Վարդենիսի զորամասի կացարանի հրդեհի և 15 զինծառայողների մահվան մասին՝ ասաց փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ այդ ողբերգական դեպքը տարբեր քննարկումների, վարկածների ու շահարկումների առիթ հանդիսացավ, շատերը, հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչներն էլ  նույնիսկ պահանջեցին Սուրեն Պապիկյանի հրաժարականը, Մասիս Մելքոնյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջը նախկին քաղաքական ուժերի կողմից զուտ քաղաքական բնույթ էր կրում։

«Եվ ես ցավով պետք է նշեմ, որ առաջին դեպքը չի, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ցանկացած ողբերգություն, որը համազգային բնույթ է կրում, օգտագործում են քաղաքական նպատակներով։ Եվ ես նկատել եմ, որ երբ Ադրբեջանը սեպտեմբերին ագրեսիվ ձևով հարձակվեց Հայաստանի տարածքի վրա, այդ քաղաքական ուժերը կարծես ցնծության մեջ լինեին, իրենց համար համազգային ողբերգությունները քաղաքական նյութ են, քաղաքականություն կառուցելու շատ անթույլատրելի գործելաոճ։ Ես դա չեմ ընդունում։ Նախաքննությունը եթե պարզի, նախաքննությունը եթե դետալային քննություն կատարի, հիմնավորի, որ այս դեպքում առկա է պաշտպանության նախարարի մեղքը, ես կարծում եմ, որ նախարարն այդքան բարոյականություն և այդքան կամք կունենա հրաժարական տալու, բայց պետք է քննություն կատարվի»,- ասաց Մասիս Մելքոնյանը։    

Խոսելով նաև այն մասին, որ չի նկատվում ընդդիմության ակտիվությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ, ինչպես նաև նրանց կողմից չենք տեսնում որևէ թթու խոսք իրենց պարտականությունները չկատարող խաղաղապահների վերաբերյալ, Մասիս Մելքոնյանն ասաց, որ նրանք չեն ասում, որովհետև նրանք կենսական կապերով, կենսական խողովակներով կապված են ՌԴ-ի հետ և կատարում են ՌԴ-ի պետական շահը Հայաստանում, ինչը շատ վտանգավոր երևույթ է։ 

«Ես այս ձևակերպումն անելուց չեմ վախենում, որովհետև դա բնորոշ է նաև գործակալական գործունեությանը։ Կարծես թե գործակալի ֆունկցիա են կատարում՝ ի նպաստ ՌԴ շահերի։ ԵԽ-ն հասցեական ձևով կետերից մեկի մեջ նշեց նաև, որ անթույլատրելի է ՌԴ խաղաղապահ զորքերի անգործությունը՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման մասով, ինչը ընդդիմության կողմից անտեսվում է։ Գալով օրվա թեմային՝ ՌԴ Պետդումայի պատգամավորը հայտարարում է՝ եթե Հայաստանը կողմնորոշվի դեպի Արևմուտք, Ռուսաստանը միջոցներ կգործադրի։ Ես այս հանգամանքների մեջ մեծ կապ եմ տեսնում, որովհետև ՌԴ-ն սիրում է Հայաստանին, երբ Հայաստանը վասալի կարգավիճակում է՝ չունենալով ոչ մի իրավունքներ, բայց հենց մենք սկսում ենք մեր իրավունքները պաշտպանել ժողովրդավարական աշխարհում, Ռուսաստանը հանկարծ հիշում է, որ ինքն ունի դաշնակից, և այդ դաշնակցի շահերը չպետք է հակասեն Ռուսաստանի ազգային շահերին»,- նշեց Մասիս Մելքոնյանը։

Խոսելով նաև վաղը ԵԽԽՎ լիագումար նիստում Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հարցի քննարկման արդյունքների մասին՝ Մասիս Մելքոնյանն ասաց, որ քաղաքակիրթ աշխարհը կաշկանդված չէ օբյեկտիվ գնահատականներ տալուց։ 
Նա նշեց, որ հետևում է Հայաստանի գործընկերների ելույթներին, որոնք շատ դրական և շատ բարձր մակարդակով են ներկայացվում, և ինքն ակնկալում է, որ եվրոպական բարձր արժեքներ կրող ԵԽԽՎ-ն անպայման դրական գնահատական կտա, ինչը ևս կհաստատի մեր դիվանագիտական որոշակի ձեռքբերումները այս լարված իրավիճակում։
   
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան