Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ բյուրոն արդեն ունի որոշում՝ ԼՂ-ի շրջափակման հումանիտար հետևանքները զեկույցի պատրաստման հարցով դիմելու Վեհաժողովի միգրացիայի հանձնաժողովին. Արուսյակ Ջուլհակյան

Նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ավարտվեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը: 

Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Civic.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ այդ հարցի օրակարգ մտնելն արդեն իսկ մեծ ձեռքբերում էր, որովհետև դա նշանակում է, որ ԵԽԽՎ-ի բոլոր  քաղաքական խմբերն ունեին կոնսենսուս, որ այդ հարցը հրատապ է, և այդ հարցը պետք է քննարկվի հենց այս լիագումար նիստի ընթացքում։ Եվ ըստ էության այդ հարցն ընդգրկվել էր օրակարգում հենց բյուրոյի որոշմամբ, ինչը կարելի է ասել, որ ԵԽԽՎ-ի քաղաքական որոշումն էր։ 

«Քննարկման ժամանակ անխտիր բոլոր քաղաքական խմբերի անունից ելույթներ հնչեցին, և բոլոր քաղաքական խմբերն ունեն կոնսենսուս այն հարցում, որ Լաչինի միջանցքը շրջափակված է, չնայած Ադրբեջանը պնդում էր հակառակը։ Երկրորդ՝ Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից, երրորդ՝ սա հումանիտար ճգնաժամ է, և չորրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի Ադրբեջանի կողմից։ Առանձին պատգամավորներ նույնպես ելույթ ունեցան, և ըստ էության, նորից հիմնական կարմիր գծով թելն այն էր, որ գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ, և Ադրբեջանը հումանիտար աղետ է  բերում ԼՂ-ի ժողովրդի համար»,- ասաց պատգամավորը։   

Վերջինս նշեց, որ սա կարևոր է նախևառաջ նրանով, որ կա հնարավորություն, որ այս քննարկմանը հաջորդի ԼՂ-ի շրջափակման հումանիտար հետևանքները թեմայով զեկույցի պատրաստումը, և ԵԽԽՎ բյուրոն արդեն ունի համապատասխան որոշում՝ այդ հարցով դիմելու ԵԽԽՎ-ի միգրացիայի հարցերով հանձնաժողովին, և արդեն հանձնաժողովի կազմով, որի անդամ է նաև ինքը, ամենայն հավանականությամբ գալիք նիստի ընթացքում կքննարկեն այս հարցով զեկույցի պատրաստման և նաև զեկույցի հիման վրա բանաձևի ընդունման հարցը։ 
      
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան