Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ տեղեկությունով՝ խաղաղության պայմանագրի փաստաթղթում «կառուցողական անորոշություն» ձևակերպումն է մտցվել․ Թաթուլ Հակոբյան. Ազատություն

Խաղաղության պայմանագրի շուրջ փաստաթղթերում մի նոր էլեմենտ է մտցվել, որն անգլերենում կոչվում է constructive ambiguity՝ կառուցողական անորոշություն, «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող, «Անի» կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանը։

Լրագրողի խոսքով՝ սա հաճախ օգտագործվում է ծանրագույն լուծումների դեպքում:

«Երբ որ թողնվում է կառուցողական անորոշություն, որ կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է մեկնաբանում։ Այսինքն՝ կողմերն ուզում են ինչ-որ բան ստորագրել, բայց մի կետ, որն իրենց թույլ չի տալիս, որ այդ կետը ստորագրեն։ Հիմա մի կետ են մտցրել, այդ բանակցությունների մեջ, որ Բաքուն ասի՝ «այո՛, ըստ էության, Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս», Հայաստանն էլ հայտարարի, որ «Արցախի կարգավիճակի հարցը մնում է դեռևս առկախված»։ Իմ ունեցած տեղեկատվությամբ, սա է եղել»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Ռուսաստանի արտգործնախարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի սեպտեմբերյան այցը Բաքու՝ Հակոբյանն ընդգծեց՝ դեռ այն ժամանակ այդ կետը կար։

«Դա Արցախի կարգավիճակի հարցն անորոշ ապագային թողնելն է։ Հիմա դա Ադրբեջանի համար անընդունելի էր և դրանից անմիջապես հետո տեղի ունեցավ ադրբեջանական երկօրյա ներխուժումը Հայաստանի տարածք, և էս նոր ձևակերպումն է մտցվել տեսնենք ինչ կլինի։ Հուսամ, որ սրա շուրջ կողմերը գոնե կկարողանան համաձայնության գալ», - եզրափակեց լրագրողը։

Օրերս Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին՝ չհստակեցնելով, թե ինչ է գրված Բաքվի փաստաթղթում, արդյոք ադրբեջանական արձագանքն ընդունելի է Հայաստանի համար, և ինչպես է Երևանը դրանց պատասխանելու։