Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ձգտել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման. դա գալիս է օբյեկտիվ իրողություններից, ոչ թե իշխանության քաղաքական ճաշակից. Արման Եղոյան

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին։

Այս  առնչությամբ  Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ասաց, որ նախորդ առաջարկները շատ տարբեր ճակատագրեր են ունեցել, և եթե չի սխալվում՝ երեք փուլ է եղել, և այնպես չի, որ նույն բանն անընդհատ կրկնվում է։

«Եղել են կետեր, որոնք փոխվել են մեր պահանջով, եղել են կետեր, որոնք չեն փոխվել, և կան կետեր, որոնց շուրջ դեռ ընդհանուր եզրեր գտնել չի հաջողվում: Հիմա սա հերթական փուլն է՝ փորձելու գտնել ինչ-որ ընդհանուր եզրեր»,- ասաց Արման Եղոյանը:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ պատգամավորն ասաց, որ սա շատ կարևոր այց էր՝ այն առումով, որ մեզ պետք է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացում կամ կարգավորում, և հույս ունի, որ այդ ուղղությամբ առաջընթաց կլինի. դա նաև մեզ պետք է այդ թվում՝ Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծն ու քաղաքականությունը որոշակիորեն չեզոքացնելու նկատառումներով։  

«Եվ ես չէի ցանկանա, որ մենք նույնականացնեինք այդ երկու պետություններին, որովհետև նրանց շահերը շատ տեղերում համընկնում են, բայց շատ տեղերում էլ տարբերվում են։ Եվ այնտեղ, որտեղ այդ շահերը տարբերվում են, մենք պիտի փորձենք աշխատել այդ տարբերությունների վրա»,- ասաց պատգամավորը։  

Խոսելով նաև այն մասին, որ ԱԳ նախարարի այցը Թուրքիա, ինչպես և Հայաստանից աղետի գոտի ուղարկված օգնությունը շատ բուռն կերպով քննադատում են հատկապես ընդդիմադիր գործիչները՝ անտեսելով, որ իրենց իշխանության ժամանակ ևս երկրաշարժերի ժամանակ օգնություն ուղարկվել է, պատգամավորն ասաց, որ ընդդիմադիրները դա անում են, որովհետև դա իրենց քաղաքականապես ձեռնտու է։  

«Ասեմ ավելին՝ այն ժամանակ ոչ միայն հումանիտար օգնություն է  ուղարկվել, այլև հենց հարաբերությունները կարգավորելու պրոցես է նախաձեռնվել, որը ճիշտ է՝ հաջողություն չի ունեցել, բայց ինչո՞ւ է նախաձեռնվել հարաբերությունների կարգավորման գործընթաց երեք նախագահների օրոք, և դա տարբեր ձևերով է տեղի ունեցել, բայց նպատակը եղել է նույնը, որովհետև բոլորն էլ հասկացել են, որ մեզ պետք են լուծումներ։ Անկախ նրանից, թե ներքին հարցերում իրենք որքան տարբեր մոտեցումներ են դրսևորել, թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը՝ այդ հարցում բոլոր երեքն էլ ձգտել են հարաբերությունների կարգավորման, ինչո՞ւ, որովհետև երեքն էլ հասկացել են, որ դա կարևոր է ՀՀ-ի համար: Եվ մենք էլ ենք նույնը հասկանում, հաջորդ իշխանությունն էլ է դա հասկանալու, էն մյուսն էլ, էն մյուսն էլ, որովհետև դա գալիս է օբյեկտիվ իրողություններից, ոչ թե իշխանության քաղաքական ճաշակից»,- ասաց Արման Եղոյանը։       

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան