Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե չկարողանանք ասել՝ Արցախի հարցը դիտարկում ենք առանձին, ապա չպետք է նաև ընդունենք, որ Արցախը տեսնում ենք Ադրբեջանի կազմում. Քաղաքագետ

Ադրբեջանի նախագահն ասում է՝ դրական տեղաշարժ կա «Խաղաղության պայմանագրի» հարցում, բայց չենք կարող ասել, որ դա շատ արագ կարող է կարգավորվել, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի կողմից տրամագծորեն տարբեր տեսակետներ կան ԼՂ-ի կարգավորման հարցում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։  

Նա հիշեցրեց Իլհամ Ալիևի խոսքերը, թե Լեռնային Ղարաբաղ հասկացություն չկա. «Ասում է՝ ես կբանակցեմ Արցախի ժողովրդի հետ՝ ինչպես իմ քաղաքացիների հետ։ Իհարկե, դա անընդունելի է Արցախի ժողովրդի համար, բայց պետք է հասկանալ մեր կարմիր գիծը որն է՝ ինչ կարող է Հայաստանի իշխանությունն անել Արցախի համար և ինչ չի կարող անել։ 1994թ.-ից ինչ բանակցություններ եղել են, դրա արդյունքում Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ երբեք զիջման չի գնացել, այսինքն՝ ասել է՝ չկա որևէ տարբերակ, որի պարագայում ես դիտարկեմ Արցախը իմ տարածքից դուրս։ Եթե նույնիսկ 2007թ. Մադրիդյան փաստաթղթով և 2011թ. Կազանյանով եղել է, որ մի անորոշ ժամանակ հետո հանրաքվե արվի, ապա այդ հանրաքվեի ժամանակացույցը և ընթացակարգը համաձայնեցված չեն եղել։ Ավելի շուտ՝ Ալիևը այդ փաստաթղթով վերցրեց, որ մենք հրաժարվում ենք նախկին հանրաքվեից, եթե նորն ենք անում, մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որովհետև նրա մեջ մտնում էին Շահումյանը և Գետաշենը, եթե մենք Մադրիդով ու Կազանով խոսում ենք ԼՂԻՄ-ի մասին։ Ինքն իր ուզածն ստացավ ու վերջ՝ դրանից հետո սկսեց զինվել։ Այսինքն՝ իրատեսական չէ, որ այսօր Հայաստանը կոշտ ձևով ասի՝ ես պահանջում եմ ԼՂ ինքնորոշման մասին կետ լինի»։  

Քաղաքագետն ընդգծեց, որ Արցախի դիրքորոշումն այնպիսին է, որ եթե Հայաստանը պետք է Արցախի անունից բանակցի, ապա ինքնորոշումից պակաս Արցախին ոչինչ չի կարող հետաքրքրել. «Դա հայտարարել են և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, և պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Մինչդեռ Հայաստանը դա այսօր չի կարող անել։ Ավելի լավ է մենք խոսենք նրա մասին, որ եկեք «Խաղաղության պայմանագիր» կնքենք Ադրբեջանի հետ, իսկ միջազգային հանրությանն ասենք՝ արցախցիներին ֆիզիկապես բնաջնջում են՝ հումանիտար աղետի առաջ են կանգնած, Ադրբեջանը չի երաշխավորում նրանց անվտանգությունը»։ 
 
Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ «Խաղաղության պայմանագրում» Հայաստանը չներառի՞ Արցախի հարցը, թողնի առանձին քննարկման տիրույթո՞ւմ, սակայն ո՞ր տիրույթում, քաղաքագետն արձագանքեց. «Եթե մենք չկարողանանք ասել, որ Արցախի հարցը դիտարկում ենք առանձին, չպետք է նաև ընդունենք, որ Արցախն ընդունում ենք Ադրբեջանի կազմում, գոնե այսքանը մենք պետք է չզիջենք»։ 

 Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Էդվարդ Անտինյանը հավելեց, որ չի կիսում այն կարծիքը, որ ասում են՝ թուրքի հետ լավ լինել նշանակում է թուրք ես, քանի որ դա նշանակում է պատերազմը շարունակել Թուրքիայի հետ. «Ճիշտ է, Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հայաստանի հանդեպ չեն վերացել երկրաշարժից հետո, և պետք է մենք շատ զգույշ լինենք։ Եթե ուզում ենք Թուրքիայի հետ սահման բացել, մենք պետք է իմանանք՝ պատրա՞ստ է մեր տնտեսությունը, թե՞ ոչ»,- ասաց նա ու շեշտեց, թե արդյոք ունե՞նք այն լաբորատորիաները, որ վստահ լինենք Թուրքիայից ներկրվող ապրանքների ստուգման հարցում։

Նարա Մարտիրոսյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում