Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինական պատերազմում իրադարձությունների զարգացումն է կանխորոշելու, թե Հարավային Կովկասի ուղղությամբ Եվրամիությունը ինչ ծավալի ներկայություն կունենա ապագայում. Հակոբ Բադալյան

Ուկրաինական պատերազմում իրադարձությունների զարգացումն է կանխորոշելու, թե Հարավային Կովկասի ուղղությամբ Եվրամիությունը ինչ ծավալի ներկայություն կունենա ապագայում. Հակոբ Բադալյան
Հարցազրույց
20:30, 21 февраль 2023
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկի և ՌԴ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

- Պարոն Բադալյան, ԵՄ-ն տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած դիտորդներից 50-ը կլինեն անզեն՝ չհստակեցնելով, թե արդյոք մյուս 50 ներկայացուցիչները զինվա՞ծ են, թե՞ ոչ։ Բորելն էլ հայտարարել է, որ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը. ըստ ձեզ՝ արդյոք դիտորդները կարո՞ղ են անվտանգության լայն երաշխիքներ ապահովել կամ ինչ-որ չափով նպաստել դրան։    

- Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ իհարկե վատ չէ, որ կարող է լինել այդպիսի մեխանիզմ, որը Հայաստանի անվտանգության խնդիրների հարցում կլինի լրացուցիչ մի դետալ կայունության և կառավարելիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց եթե խոսենք այն մասին՝ արդյոք այս առաքելությունը կերաշխավորի՞ անվտանգություն կամ կայունություն, այստեղ նույնիսկ Եվրամիության անդամ երկրի՝ Խորվաթիայի ԱԳ նախարարը Երևանում օրերս շատ բաց հայտարարեց, որ այս առաքելությունը չի երաշխավորելու որևէ ստատուս քվո։ Այսինքն՝ այս առաքելությունը չի կարող երաշխավորել որևէ անվտանգություն, բայց այստեղ խնդիրը նաև այս առաքելությունը չէ։ Այսօր որևէ ստատուս քվո չի կարող երաշխավորել որևէ արտաքին սուբյեկտ կամ բևեռ. մենք այսօր փաստացի գտնվում ենք համաշխարհային պատերազմի ռեժիմում, որը հիբրիդային բնույթ է կրում, և հնարավոր չէ, որ ինչ-որ մեկ մեխանիզմ ապահովի անվտանգություն, առավել ևս՝ Կովկասում։ ԵՄ այս առաքելությունը ՀՀ-ի համար անվտանգության արտաքին մեխանիզմների խճանկարի մի մասն է, որովհետև Հայաստանի հնարավորությունը այդ խճանկարը հավաքելն է և դրա միջոցով փորձել անվտանգության առավելագույն մակարդակ ապահովել։

- Զախարովան հայտարարել է, որ Բաքվի՝ ԵՄ դիտորդական նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտած բացասական գնահատականներն անտեսվում են, սա չի՞ նշանակում ուղիղ տեքստով խոսել Բաքվի շահերից։

- Նախ, երբ խոսում են Բաքվի գնահատականների մասին՝ սա զարմանք է առաջացնում ինձ մոտ, որովհետև պաշտոնական Բաքվի արձագանքը եղել է, և այդ պաշտոնական արձագանքը այն էր, որ ի գիտություն են ընդունում ԵՄ դիտորդական առաքելությունը։ Եվ այդ արձագանքը եթե դիտարկենք, ապա այնտեղ խոսվում էր այն մասին, որ եթե այդ առաքելությունը գործելու է առկա պայմանավորվածությունների, եղած գործընթացների տրամաբանությամբ, ապա Ադրբեջանը կարծես թե դրա հանդեպ առարկություն չունի, և եթե դուրս գա արդեն շրջանակից, այդ դեպքում կարող են տեսնել խնդիրներ։ Սա զարմանալի է ոչ միայն Զախարովայի հայտարարության առումով, այլև ընդհանրապես, որ այսպիսի գնահատականներ են հնչում, թե Բաքուն դեմ է եղել այդ առաքելությանը։ Բաքուն ԵՄ-ում ունի առանցքային գործընկերներ, պետք է արձանագրել, որ կարծես թե այդ գործընկերներից որևէ մեկը չի փորձել սկզբունքորեն խոչընդոտել  այս առաքելության մասին որոշմանը։ Սա թույլ է տալիս ասելու, որ Ադրբեջանն այդքան էլ դեմ չի եղել դրա տեղակայմանը, և ամեն ինչ կախված է այն բանից, թե հետագայում այս գործիքը ինչպես կաշխատի և ինչ քաղաքական տրամաբանության մեջ կաշխատի։ 

Զախարովայի հայտարարությունների տողատակում, կարծում եմ, կա որոշակի ակնարկ այն մասին, որ Ադրբեջանն էլ է փորձում Եվրամիության դերը բարձրացնել ռեգիոնում և հայ-ադրբեջանական հակամարտության պրոցեսում։ Ռուսաստանը այս մասին իհարկե ակնարկներով է խոսում, որովհետև այսօր որևէ կերպ չունի Ադրբեջանի հանդեպ կոշտ խոսելու հնարավորություն, և մենք տեսանք Վոլոդինի հայտնի հայտարարությունը Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը: Դա ՀՀ-ում շատերը ընկալեցին որպես մեզ ուղղված ակնարկ, բայց  ես կարծում եմ՝ դա առավելապես Ադրբեջանին հասցեագրված ակնարկ էր, և պատահական չէր, որ հենց Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանն էր հնչում: Պարզապես ռուսները չունեն այդ ամեն ինչը Բաքվին առավել ուղիղ և կոշտ ասելու հնարավորություն, որովհետև ունեն Ադրբեջանի կարիքը ներկայիս իրավիճակում։ Այստեղ Զախարովայի հայտարարությունները այս ավելի նուրբ խնդիրներով են պայմանավորված։   

Իհարկե, Ռուսաստանը սա դիտում է որպես մարտահրավեր և արձանագրում է այդ հանգամանքը, մյուս կողմից, սակայն, ես կարծում եմ, որ եթե ԵՄ-ն տակտիկական մակարդակում նպաստի ավելի կայուն ռեժիմին, ապա Ռուսաստանը դրան դեմ չի լինի, որովհետեւ ՌԴ-ի համար Կովկասի կայունությունը, ըստ իս, շատ կարևոր է, և այս տեսանկյունից խնդիրները ռազմավարական  են արդեն, իսկ ռազմավարական մրցակցությունը, ինչպես նշեցի, ծավալվում է շատ ավելի լայն մասշտաբով, քան միայն Հարավային Կովկասում։

- Ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանում ԵՄ դիտորդները տեղակայվեցին երկարաժամկետ կտրվածքով. Հայաստանն ի՞նչ քաղաքական և դիվանագիտական քայլեր կարող  է ձեռնարկել դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու և դրանց թիվը ավելացնելու համար։ 

- Ես կարծում եմ՝ այս հարցում Հայաստանի հնարավորությունները բավականին համեստ են. սա չի նշանակում, որ  Երևանից ոչինչ կախված չէ, կամ Երևանը չպետք է աշխատի այս մեխանիզմը ավելի ամրապնդելու և Հայաստանի անվտանգության խնդիրներին էլ ավելի համապատասխանեցնելու ուղղությամբ, բայց մեր հնարավորություններն այստեղ համեստ են։ Այս գործիքը ավելի լայն ծավալվող աշխարհաքաղաքական համատեքստում կիրառվող մեխանիզմ է։ Երևանը փորձում է օգտվել եղած հնարավորություններից և ևս մեկ հավելյալ միջոցով  ձգտել լուծել կայունության ապահովման խնդիրները։ Բայց կարծում եմ՝ հեռանկարների առումով շատ բան կախված է լինելու այն պրոցեսներից, որ ծավալվում են ուկրաինական պատերազմի էպիկենտրոնում։ Այնտեղ իրադարձությունների զարգացումն է զգալիորեն կանխորոշելու կամ որոշելու, թե, օրինակ, Հարավային Կովկասի ուղղությամբ Եվրամիությունը ինչ ծավալի ներկայություն կունենա, ինչպիսի ակտիվություն և հեռանկարներ։ Չմոռանանք, որ այսօր ինքնին բավականին մեծ հարց է, թե ինչ ասել է Եվրամիություն, և ԵՄ քաղաքականությունը ինչպիսի տրամաբանությամբ պետք է զարգանա։ 

Այսօր ուկրաինական պատերազմի համատեքստում տեսնում ենք, որ ԵՄ երկրներում միատարրություն չկա ոչ միայն այդ պատերազմի և հեռանկարների հարցում, այլև ընդհանրապես  նոր աշխարհակարգում ԵՄ ներքին հարաբերությունների և այլնի մասով։ Իսկ սա շատ կարևոր է, եթե պայմանական դիտարկենք՝ մի բան է լինել Եվրամիություն, որտեղ գերակա կլինեն Ֆրանսիան և Գերմանիան՝ կառույցի հնաբնակները, և մեկ այլ բան է Եվրամիություն, որտեղ գերակա կլինի, օրինակ, բրիտանական քաղաքական ռազմավարությունը։

Բրիտանիան անդամ չէ կառույցի, բայց մենք տեսնում ենք, որ ԵՄ տարբեր անդամների հետ փորձ է արվում իրականացնել շատ սերտ  և նույնիսկ դաշնակցային գործակցության ռազմավարություն, ինչը իր ազդեցությունն է թողնելու կառույցի հետագա քաղաքականության վրա։ Մի օրինակ՝ Բրիտանիան 2022 թվականին Ուկրաինայի և Լեհաստանի հետ ստորագրեց գրեթե ռազմաքաղաքական դաշինք ենթադրող համաձայնություններ, և մենք տեսնում ենք, թե Լեհաստանը ինչպիսի հռետորաբանությամբ է խոսում Գերմանիայի հետ՝ պահանջելով փոխհատուցում Երկրորդ համաշխարհայինի համար։ Լեհաստանը ամենաբարձր մակարդակով մեղադրում է Ֆրանսիային և Գերմանիային ԵՄ-ն օլիգարխի նման կառավարելու համար։ Այսինքն՝ այս պրոցեսները ենթադրելու են ներքին եվրոպական տրանսֆորմացիաներ։ Եվ սա էական նշանակություն է ունենալու այլ ռեգիոններում և այդ թվում Հարավային Կովկասի ուղղությամբ հետագա դերակատարման և այլնի վրա։

Գեղամ Ադյան