Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքը հակված չէ զիջումների գնալ․ Մոլդովան առաջին կետն է, որտեղից Ռուսաստանին հրավիրելու են դուրս․ Արմեն Հովհաննիսյան

Արևմուտքը հակված չէ զիջումների գնալ․ Մոլդովան առաջին կետն է, որտեղից Ռուսաստանին հրավիրելու են դուրս․ Արմեն Հովհաննիսյան
Հարցազրույց
17:03, 22 февраль 2023
Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցի, ԱՄՆ և ՌԴ նախագահների վերջին ուղերձների և հնարավոր զարգացումների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։ 

- Պարոն Հովհաննիսյան, ՌԴ նախագահի ամենամյա ուղերձի հիմնական շեշտը դրված էր ուկրաինական պատերազմում Արևմուտքին մեղսակից դարձնելու վրա, իսկ Բայդենը չհայտարարված այցով Ուկրաինայում էր: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, երբ լրանում է սանձազերծված պատերազմի մեկ տարին։

- Բնականաբար, սպասվում է թեժացում, այդքան զինված ուժերն ու սպառազինությունների մատակարարումը չեն կարող հետևանք չունենալ ռազմական գործողություններում։ Երկու կողմից էլ սպասվում է թեժացում, որը, իմ գնահատմամբ, ոչ շահավետ կլինի ռուսական կողմի համար։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների ուղերձներին՝ Պուտինի հիմնական ուղերձը մյունխենյան ճառի նոր տարբերակն էր՝ հաշվի առնելով նրա տարիքը և իրավիճակը. իբր իրենց արհամարհում են երկար տարիներ, Եվրոպան չի դավանում այն սկզբունքները, որը քարոզում է, չեն լեգիտիմացնում Պուտինին ու թույլ չեն տալիս մտնել համաշխարհային էլիտայի շարքեր, դրա համար էլ, Պուտինի կարծիքով, որոշեցին  հարցերը լուծել պատերազմի միջոցով։ Ըստ Պուտինի՝ Արևմուտքը անտեսել է  ՌԴ-ի խնդրանքները և պահանջները, այդ պատճառով էլ այսքան զոհեր կան, ու ոչնչացվել են քաղաքներ։ Հիմա ՌԴ նախագահն ուզում էր ասել, որ չեն հանձնվի, քանի որ շատ են և ունեն միջուկային զենք, և վաղ թե ուշ Արևմուտքը պետք է հաշվի նստի Ռուսաստանի հետ։   

Ինչ վերաբերում էր պարոն Բայդենին, դա նախապես պատրաստված էր. իրենց համար պարզ էր՝ մոտավորապես ինչ է խոսելու Պուտինը: Եվ Բայդենի Վարշավայի ճառն էր հետաքրքիր, և ԱՄՆ փոխնախագահ Հարիսի խոսքը մյունխենյան համաժողովում։ Այս ուղերձների հիմնական ասելիքն այն է, որ բացառվում է, զիջում չի լինելու, մենք ձեզ կոմպրոմիսների հնարավորություն տվեցինք, բայց դուք այն մերժեցիք, դուք պարտվելու եք, Ուկրաինան հաղթելու է, և լինելու է նոր աշխարհակարգ։  

- Որքանո՞վ եք հավանական համարում, որ պատերազմի մասշտաբները  կընդգրկեն նաև Մոլդովան, որի մասին շատ է խոսվում։ 

- Մոլդովան առաջին կետն է, որտեղից Ռուսաստանին հրավիրելու են դուրս, և դա պարզ էր դեռ անցյալ տարի, որովհետև դա Եվրոպայի սրտում է, և տեսնում են, որ պետք է լքեն։ Դա պաշտոնական ուղերձ էր ՆԱՏՕ-ի կողմից, որ ռուսները պետք է դուրս գան, և քանի որ Մոլդովայում բնակչության մոտ 30-40 տոկոսը ռուսամետ է օբյեկտիվորեն՝ չհաշված Մերձդնեստրը, նաև կան ազգային փոքրամասնություններ, ինչպես կագաուզները, որոնք ավելի ռուսամետ են, և հիմա պատրաստվում են խժդժություններ, ու դրանց արդյունքում կա՛մ կլինի, իրենց պատկերացմամբ, պետական հեղաշրջում, ու իշխանությունը կողջունի ռուսների մնալը, կա՛մ կլինի արյունալի իրավիճակ, որում իրենք հնարավորություն կունենան նույնիսկ ռազմական միջամտություն կազմակերպելու, բայց այս երկրորդ տարբերակը պետք է իրենք սթափ գնահատեն. այս իրավիճակում իրենք այդպիսի բան չեն կարող անել, համենայնդեպս Մոլդովան շատ արագ արմատականացնելուն ուղղված քայլ կլինի դա։ 
Եթե նկատել եք, իրենց քայլերը արագացնում են այն գործընթացները, որոնք իրենք քննադատում են՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում, Մոլդովայի ռումինացում, խոսքը ոչ թե Ռումինիային միանալու մասին է, այլ ռումինական ազգային ինքնագիտակցության ձեռք բերում բնակչության կողմից. այդ բոլոր գործընթացները պարզապես կարագանան։

- ՌԴ-ն դադարեցրել է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրին, Մեդվեդևն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային. թվում է, թե միջուկային զենքի կիրառման վտանգը գնալով մեծանում է։

- Կա սպառնալիք։ Սպառնալիքը բոլոր դեպքերում ունի իր մեջ վտանգի տարր, բայց ես կարծում եմ, որ այդ սպառնալիքը և դրա հակադարձվելու անհնարինությունը արևմտյան կողմը վաղուց արդեն քննարկել է և իր համար որոշում է ընդունել, և եթե այդքանից հետո Բայդենը գալիս է և Վարշավայում այդպիսի ելույթ է ունենում, որը Պուտինի հայտարարությունից հետո էր, ու նշում է, որ ազատությունը բարձրագույն արժեք է, և այս հարցում զիջումներ լինել չեն կարող՝ դա նշանակում է, որ իրենք հակված չեն զիջել Պուտինի այդ սպառնալիքներին, անկախ նրանից՝ որքանով են դրանք իրական և այլն։

Գեղամ Ադյան