Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բերձորի միջանցքում ցանկացած առաքելություն տեղակայելու հարցում անհրաժեշտ է լինելու Ադրբեջանի համաձայնությունը. քաղաքագետը՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն տեղակայելու մասին

Բերձորի միջանցքում ցանկացած առաքելություն տեղակայելու հարցում անհրաժեշտ է լինելու Ադրբեջանի համաձայնությունը. քաղաքագետը՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն տեղակայելու մասին
Հարցազրույց
13:21, 24 февраль 2023
Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

- Պարոն Ղևոնդյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են Լաչինի միջանցք ՄԱԿ փաստահավաք խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցը։ Այս առաքելության տեղակայման համար անհրաժե՞շտ է Ադրբեջանի համաձայնությունը:

- Բերձորի միջանցքում ցանկացած առաքելություն տեղակայելու հարցում անհրաժեշտ է լինելու Ադրբեջանի համաձայնությունը, բայց դա չի նշանակում, որ այդ համաձայնությունը ստանալ հնարավոր չէ: Այս փուլում Հայաստանի համար շահավետ կլիներ, որ այս հարցը, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոփոխությունների տրամաբանությունը հաշվի առնելով, բանակցությունների ընթացքում քննարկվող հարցերից մեկը դառնար: Սակայն այդ հարցի դրական լուծումը դեռ շատ հեռու է կանխատեսելի լինելու համար:

- ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը հնարավոր է իրականացնել միայն ռուս խաղաղապահների ժամկետի ավարտից հետո՞, թե՞ համատեղ հնարավոր է իրականացնել այդ առաքելությունը:

- ՄԱԿ խաղաղապահ առաքելությունը տեսականորեն հնարավոր է նաև համատեղել ռուսական խաղաղապահ առաքելության հետ, սակայն, ինչպես նշեցի, դրա համար անհրաժեշտ են առաջին հերթին աշխարհաքաղաքական փոփոխություններ: Նկատի առնելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակը՝ համատեղ ռազմական ներկայությունը և պատասխանատվություն ստանձնելը կարող է բերել փոխադարձ սադրանքների և անկայունացման, ինչը չի բխում Հայաստանի շահերից: Մյուս կողմից՝ եթե Ուկրաինայում հնարավոր լինի ինչ-որ համաձայնության գալ, ապա ապագայում կարելի է դիտարկել նաև համատեղ խաղաղապահության իրականացումը:  

- ՄԱԿ փաստահավաք խաղաղապահ առաքելությունը զինվա՞ծ է լինելու, թե՞ ոչ, և արդյոք բավարա՞ր է այդ ներկայացվածությունը Ադրբեջանի սադրանքները զսպելու համար: Ի՞նչ գործառույթներ են իրականացնելու: 

- Քանի որ ՄԱԿ փաստահավաք խաղաղապահների առաքելության տեղակայումը դեռևս միայն մեկ քննարկման առարկա է դարձել, անորոշ են ինչպես դրա գործառութային, այնպես էլ ժամանակային և նպատակային չափորոշիչները: Սա նշանակում է, որ ընդհանրապես այս գաղափարի իրականացումն էլ կարող է տեղի չունենալ: Ինչպես արդեն նշեցի, այս փուլում գաղափարի քննարկման ներմուծումը հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացի տիրույթ ինքնին կարող է լինել շահավետ Հայաստանի համար՝ անկախ դրա վերջնարդյունքից:

- Առաջիկայում Բրյուսելում ակնկալվում են Փաշինյան-Ալիև բանակցություններ։ Ի՞նչ սպասենք այս բանակցություններից:

- Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչպես և նախորդները, չի լինի հանգուցային, աչքի չի ընկնի առանցքային հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածություններով, քանի որ գործընթացը շարունակական է, իսկ կողմերի պահանջները հակոտնյա են: Լավագույն արդյունքը կլինի հերթական հանդիպման միջոցով լարվածության թուլացումը, իսկ կողմերը կփորձեն տարբեր հարցերի շուրջ իրենց մոտեցումները դարձնել բանակցային առարկա, ինչպես, օրինակ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» կամ «Արցախի հայերի հարցը որպես Ադրբեջանի ներքին խնդիր դիտարկելը»՝ Ադրբեջանի դեպքում, կամ նույն՝ Բերձորի միջանցքում ՄԱԿ փաստահավաք խաղաղապահ առաքելության տեղակայումը՝ Հայաստանի դեպքում: 

Նարա Մարտիրոսյան